Արևիկ-Վիկտոր Անանյանները իրենց ֆեսյբուքյան էջում գրում են․
Ինձ հաճախ թվում է, որ հիմարությունների փառաբանությունը ու անտեղի քծնանքը դարձել է որոշ պետական ստրուկտուրաների աշխատանքի բաղկացուցիչ մասը։ Փորձեմ առանց վիրավորական երանգների բացատրեմ ասածիս էությունը։ Այս պահին մոռանում եմ Աշոտյանի կողմից դպրոցներում ներդրված ու բացարձակ տապալված նախաձեռնությունները ու անդրադառնամ վերջինին։
Պատվո պահակ հուշահամալիրի մոտ։ Սա ցինիզմ է։ Մի զուգահեռ անցկացնեմ։ Թուրքիայի դպրոցներում՝ դասերից առաջ, աշակերտները ամեն օր մի տեքստ են կրկնում՝ կանգնած դպրոցի բակում։ Տեքստում շեշտը դրված է նրա վրա, որ ցանկացած ազգային պատկանելիության աշակերտ հպարտ է, որ Թուրքիայի քաղաքացի է։ Երեխաները մեծանում են՝ ամեն օր կրկնելով իրենց թուրք լինելու, հաղթող լինելու, առաջադեմ լինելու հպարտության մասին։ Հենց մանկուց երեխայի արյան մեջ ներարկում են հզորության գաղափարը։ Ինչ է կատարվում , կամ գոնե երկար ժամանակ կատարվել է մեր մոտ։ Ծնված օրվանից մենք երեխաներին պատմում ենք, որ թուրքը մեզ կոտորել է, մեզ ջարդել է, մեզ սպանել է։ Քանիսի՞ մոտ է այսքանից հետո առաջանում վախի, իսկ քանիսի մոտ վրեժի ու պահանջատիրության զգացում։
Ամեն օր երեխաների աչքի առաջ ոտնահարվում են մեր ազգային արժեքները, բայց հիմա մենք որոշել ենք եղեռնի հարյուրամյա տարելիցը վերածենք տարեդարձի։ Հազիվ հազիվ երեխաները ապաքինվել էին ու վերսկսել էին դպրոցական դասերը, հիմա էլ ստիպում ենք պատվո պահակ կանգնել անմար կրակի մոտ։ Որ ի՞նչ։
Հարգարժան նախարարը այս ակցիան կարող էր ընդամենը մեկ օր անել, եթե այդքան իր նորամուծությունը ցնցող էր համարում, բայց չէ պիտի անիմաստ տանջի աշակերտներին։ Ամեն դպրոցից մի աշակերտ ընտրեիք ու ապրիլի 23-ին մեկ ժամով հավաքեիք հուշահամալիրի մոտ։ Համ գեղեցիկ ակցիա կլիներ, համ գոնե ինչ որ հետաքրքիր լուծում կգտնեիք, թե չէ սա Ի՞նչ է։ Վստահ եմ, որ երբ Աշոտյանը բարձրաձայնել է այս միտքը, քծնանքի գագաթնակետում կքանստած աշխատակիցները բարձր ծափերով են ողջունել շեֆի ֆանտաստիկ առաջարկը։ Հարգելի Աշոտյան, եթե այդքան շատ է գաղափարը դուր եկել, ապա լավ կլիներ, որ նախարարության սուրճ խմող անձնակազմին ուղարկեիք ձեր նախաձեռնությունը իրականացնելու։
Հ.Գ. Հատկապես բոլոր ֆեյքերին ու ֆեյքերին հավասարացվածներին։ Ձեր ինքնամոռաց սերն առ նախարար պահեք Ձեր մեջ՝ տվյալ հարցը քննարկողներին պատասխան տալուց։ Ես երեխայիս ուղարկում եմ դպրոց սովորելու և ռազմահայրենասիրության պակաս էլ նա չունի։ Նախարարը ընդամենը նախարար է և իրավունք չունի իմ երեխայի առողջության հաշվին յուր մտահաղացումները իրագործելու։ Իսկ ովքեր ծափերով ու սվիններով են ընդունելու քննադատությունս, թող իրենք իրենց երեխաների հետ հանձն առնեն վերոնշյալ նախաձեռնության իրագործմանը։