Առողջապահություն Հասարակություն Հարցազրույց 

Նիհարել, նիհարել մինչև մահ…

analitik.am

21-րդ դարի չարիք համարվող անորեքիա (հունարենից թարգմանած՝ ախորժակի բացակայություն)  հիվանդությունը՝ անդադար ու անընդհատ նիհարելու մոլուցքը,  ամեն տարի միայն ԱՄՆ-ում սպանում է մոտ 150.000 մարդու:

22-ամյա մոդել Լուիսել Ռամոսը մահացավ հենց բեմահարթակին, 2006 թվականի օգոստոսին, Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքում անցկացվող «նորաձևության շաբաթ»-ի ժամանակ: Մահը  սրտի նոպայից էր, որը, պարզվեց, նիհարելու ցանկությամբ գրեթե ոչինչ չուտելու հետևանքով էր վրա հասել: Լուիսելի մահվանից մի քանի ամիս անց մահացավ նրա քույրը՝ 18-ամյա մոդել Էլինա Ռամոսը: Նա ևս, ինչպես քույրը, տառապում էր անորեքսիայով: Նույն հիվանդությունից մահացավ նաեւ 21-ամյա բրազիլացի մոդել Աննա Կարոլինա Ռեստոնը: Այս շարքը դեռ երկար կարելի է թվել: Մասնագետները փաստում են, որ անորեքսիայով տառապողների միայն 30 տոկոսն է ամբողջությամբ վերականգնվում հիվանդությունից հետո: Իսկ յուրաքանչյուր 10-րդ դեպքում անորեքսիան հանգեցնում է մահվան:

Հարցազրույց կլինիկական (բժշկական) հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու Քրիստինա Գալստյանի հետ

 

Ինչի՞ հետևանք է անորեքսիան, ինչպե՞ս է մարդու մեջ հասունանում անընդհատ նիհարելու մոլուցքը:

 -Նիհար, առանց ավելորդ ճարպային կուտակումների, անթերի և սլացիկ կազմվածք ունենալու ցանկություն, հակում, որը ժամանակի ընթացքում վերածվում է անկառավարելի մոլուցքի… Անկառավարելի, որովհետև հիվանդությունը (նյարդային անորեքսիան) նվաճում է օրգանիզմն ամբողջությամբ, և հետևաբար, կանգառը գործնականում դառնում է անհնար: Նյարդային անորեքսիայով տառապում է ամբողջ մոլարակի բնակչության 3-5 տոկոսը և այս թվում երիտասարդ աղջիկներն ու կանայք կազմում են մոտ 90 տոկոս, որով և հիվանդությունը առավել համարվում է կնոջը բնորոշ: Ժամանակակից աշխարհում, գեղեցկության չափանիշների լայնամասշտաբ ագիտացիան, նորաձև գրավչության միջոցների անսահամանությունը ի զորու են խժռելու մարդու գիտակցությունը և դրդելու ենթագիտակցական մղումների: Սկզբունքորեն, երիտասարդ կանայք այն թիրախային խումբն են, ովքեր առավել ենթակա են նմանօրինակ ազդեցություններին: Այսպիսով, մշտապես երիտասարդ, գրավիչ, բարեկազմ , անթերի տեսք ու մարմին ունենալու ցանկությունը դառնում է սևեռուն գաղափար, անհետաձգելի միտք: Նմանօրինակ գայթակղությամբ անձն այլևս չի տնօրինում ժամանակային իրադրություններին և նպատակին հասնելու այլընտրանքային տարբերակները հիմնովին մերժելով, ցանկալին շուտափույթ շոշափելի դարձնելու լավագույն ելքն ու միակ միջոցը տեսնում է սննդից կտրականապես հրաժարվելու մեջ: Ինչ խոսք, այս ամենը շուտով դառնում է կենսակերպ և այստեղ անձն այլևս ինքը չի որոշում՝ ընդունել սնունդ, թե ոչ, քանի որ օրգանիզմն այլևս գործում է ախտաբանական մեխանիզմներով:

-Ինչպե՞ս հասկանալ, որ մարդ արդեն անորեքսիայի տանող ճանապարհին է, ի՞նչ ախտանիշներ ունի այս հիվանդությունը:

Նյարդային անորեքսիան հոգեֆիզիոլոգիական խանգարում է և հիվանդության ախտանիշները նկատելի են ինչպես ֆիզիոլոգիական, այնպես էլ հոգեբանական ասպեկտներում: Պատճառհետևանքային կապերը բազմաթիվ են: Գիտական հետազոտություններում առանձնացվում են ինչպես գենետիկական, այնպես էլ սոցիալ -հոգեբանական կողմերը: Այսինքն՝ մատնանշել հիվանդության զարգացման կոնկրետ հիմք և պատճառ՝ թերևս անտեղի է: Նկատենք նաև, որ անորեքսիայով հիվանդ անձանց քաշը նորմայից 15 և ավելի տոկոսով ցածր է, թեպետ իր իսկ դիտարկումներում անձն իրեն համարում է բացարձակ գեր և այս հիմքով տագնապային ապրումներ է ունենում: Ինչ խոսք, մարդու նորմալ քաշի մասին դիտարկումներն ու վերլուծությունները շատ հարաբերական են, քանի որ պայմանավորված են անհատական առանձնահատկություններով: Սակայն անորեքսիայով հիվանդ կամ ռիսկային խմբում գտնվող անձանց հետազոտություններում ակնհայտ են սեփական տեսքի և ֆիզիկական վիճակի ընկալման խեղաթյուրումներն ու մեկնաբանությունները: Անորետիկների վարքն ու դրսևորումները առանձնանում են հիվանդությանը բնորոշ` ագրեսիվ և անկառավարելի կողմերով: Սեփական տեսքի անբավարարության ապրումները մշտապես խնդիրներ և խոչընդոտներ են ստեղծում անձնական և գործնական հարաբերություններում, կապերում: Չնայած այն հանգամանքին, որ մարմնի ծավալները օրըստօրե նվազում են և ակնհայտ է դառնում հյուծման գործընթացը, անձը շարունակում է իրեն գեր համարել և տառապել այդ մտքից:

Որտե՞ղ է այն բացթողումը, գուցե ծնողների, գուցե շրջապատի վերաբերմունքով պայմանավորված կամ սեփական թերարժեքության արդյունքում է, որ հասուն կամ դեռահաս տարիքում բերում է նման հետեւանքի:

Բացթողումներն ու թերացումները որքան էլ համախմբեն ու բացահայտեն «անորեքսիա» երևույթի ինչ-ինչ կողմերը, այդուամենայնիվ յուրաքանչյուր անորետիկ դեպք պահանջում է խիստ անհատական, կենսագրական տվյալների սկզբունքային վերլուծություն: Մանկական տարիքում հոգեբանական ճնշումներն ու տրավմաները, մերժված, չսպասված, չսիրված, անտեսված զավակի ֆենոմենը, սեռական ոտնձգությունները հնարավոր նախադրյալներ են հետագայում անորեքսիայի զարգացման համար: Այս խումբը համալրում են նորաձևության ժամանակակից տենդենցներն ու պահանջները, հասարակության մեջ վառ դիրք գրավելու, հանրաճանաչ մարդկանց կողքին լինելու և ապշեցնելու անհամարժեք ձգտումները:

Ի՞նչ անել, որ նիհարելու ցանկությունը չվերածվի հիվանդության, ի՞նչ անել սեփական արտաքինից գոհ լինելու համար, կա՞ դեղատոմս...

Առողջ և գեղեցիկ մարմնակազմությունը թերևս շատ կարևոր հանգամանք է մարդու հոգեհարմարվողականության և աշխարհի հետ կապերում առավել ներդաշնակ լինելու համար: Այն առավել ընդգծում է անհատի տեսակը, դիմագիծը, ինքնավստահ և ազդեցիկ դարձնում նրան: Սակայն այս ամենի ձեռք բերման ուղիներն ու հնարավորությունները երբեք չպետք է գերազանցեն մարդու հոգեկան և ֆիզիկական առողջության սահմանները,  ընդհակառակը` հոգեֆիզիկական ռեսուրսների օգնությամբ և միայն առողջ գիտակցությամբ պետք է ծրագրել գրավիչ արտաքին ունենալու, բայց և չնմանվելու, անկրկնելի, անօրինակ անհատականություն մնալու ուղիները: Անհրաժեշտության դեպքում հարկ է դիմել մասնագիտական օգնության՝ անհատական, առողջապահական և գեղեցիկ արտաքին տեսք ունենալու ծրագրի մշակման նկատառումներով: Երբ խնդիրը վերաբերում է դեռահասներին՝  ընտանիքի գիտակցական գործոնն առավել կարևորվում և նպատակային է դառնում:Այսինքն՝  ծնողը, ընտանիքը մասնագետի, մասնագիտական թիմի հետ միասին դառնում է այն հիմնական կողմերից մեկը, որի անմիջական օգնությամբ հնարավոր է դառնում դեռահասի հոգեֆիզիոլոգիական խաթարումների շտկողական ուղիների մշակումն ու իրագործումը:

Նույն շարքից