Վերլուծական Իրավական գլխավոր 

Յուվեցի Կարոյի ֆենոմենը. Արդյոք նրան գիտեն Եվրոպական դատարանում

Կայացավ Արթուր Զադոյանն ընդդեմ Կարո Կարապետյանի հերթական դատական նիստը, որի ժամանակ Արթուր Զադոյանը դատաքննական իր ցուցմունքում նախ նշեց, որ 5 տարի շարունակ ինքը փորձել է մոռանալ դեպքի մանրամասները, քանի որ շատ տհաճ է վերապրելը, սակայն դա նրան չի հաջողվել... նախաքննական մարմինը առաջադրված մեղադրանքով ստիպել է նրան վերհիշել:

Այս գործի աբսուրդը կայանում է նրանում, որ մեղավորը դարձել է տուժող, իսկ իրական տուժողը՝ մեղադրյալ... ԱԺ պատգամավոր Յուվեցի Կարոն կրակել է Արթուր Զադոյանի վրա՝ հասցնելով նրան զգալի առողջական վնաս, բայց այժմ տուժածի դերում հայտնվել է Յուվեցի Կարոն /Կարո Կարապետյանը/ :

Դեպքի օրը՝ 2009 թ.-ի հոկտեմբերի 5-ին, Արթուր Զադոյանը Կարո Կարապետյանի հետ՝ վերջինիս մեքենայով շարժվել են դեպի Էջմիածին՝ պատգամավորի համար մեքենա գնելու:Քանի որ Զադոյանն է եղել մեքենայի առուվաճառքի միջնորդը, մեքենայի տերն էլ եղել է նրա ընկերոջ 80-ամյա վատառողջ հայրը, ՛՛պրոբլեմ՛՛ չսարքելու համար Ա. Զադոյանը զգուշացել է՝ իմանալով պատգամավորի բնավորությունը. նա կարող է մեքենան տեսներ, ասեր՝մի հատ քշեմ փորձեմ, բայց քշեր գնար՝ առանց փողը տալու: Ուստի, մինչ տեղ հասնելը Կարոյին մեքենայի մեջ հարցրել է՝ Կարո մեքենայի փողը/12.000 դոլար/ վերցրե՞լ ես, ցույց տուր, կարողա՞ էդ էլ ես մեքենայի համարանիշի նման վերցրել /դեպուտատսկիի տեղը՝ արտասահմանյան/: Կարոն ասել է՝՛ ՛քո գործը չի՛՛:

Այդ ժամանակ Զադոյանը հրաժարվել է գնալ ընկերոջ հոր մոտ և մեքենայից իջնելու նպատակով Կարոյի վարորդ Օնիկից պահանջել՝ կանգնել: Կարոն հայհոյել է իրեն, ինքն էլ՝ պատասխանել է նրան: Վերջինը ձեռքով հարվածել է հետևում նստած Զադոյանի գլխին, որից հետո լսվել է զենքը ՛՛զարիժատ՛՛ /մարտական վիճակի է բերել/ անելու ձայն, ապա՝ Կարոյի ձեռքին զենք է հայտնվել: Այդ ժամանակ, Զադոյանը վերցրել է մեքենայի հետնամասում աչքի տակ ընկած ՛՛լոմիկը՛՛՝ համարանիշ ամրացնելու բանալին ու դրանով փորձել հարվածել Կարոյի ձեռքին, որպեսզի կանխի կյանքին սպառնացող ռեալ վտանգը: Սակայն զենքը մնացել է Կարոյի ձեռքին, և քանի որ Կարոյի ՛՛գլուխն էլ մեծ է եղել՛՛ և առաջ է բերել, Զադոյանի հարվածը դիպել է Կարոյի գլխին: Արթուր Զադոյանին հաջողվել է անհրաժեշտ պաշտպանություն իրականացնել մեքենայի մեջ, ինչը չի հաջողվել դրսում:

Այնուհետև Օնիկը վերջապես կանգնեցրել է մեքենան Երասխ-Երևան մայրուղու Մարմարաշենի բենզալցակայանի մոտ: Զադոյանն իջել է մեքենայից և փորձել հեռանալ: Այդ ընթացքում լսել է կրակոցներ և իր կողքով անցնող փամփուշտների սուլոցների ձայնը: Մոտ 10 մետր անցնելուց հետո շրջվել է, տեսել Կարոյին՝ զենքը ձեռքին, ով ամենալկտի հայհոյանքներով Օնիկին հրահանգել է կրակել Զադոյանի վրա: Սակայն նա այնքան վախեցած ու կարկամած է եղել, որ ի վիճակի չի եղել ոչ միայն կրակել, այլ նաև խոսել:

Զադոյանը Կարոյին ասել է՝ քո դուխը չի հերիքու՞մ էշ, որ նրան ես ասում, որից հետո շրջվել է, որ հեռանա: Այդ պահին Կարոն կրակել և վիրավորել է Զադոյանի աջ ձեռքը՝ արմունկի վերևի ներսային հատվածից և աջ ոտքի ազդրը՝ կրկին ներսային հատվածից: Զադոյանն ընկել է գետնին և հենվելով աջ արմունկի վրա՝ փորձել մեջքի հետնամասում հայտնված վիրավոր ոտքն ուղղել: Սակայն զգացել է, որ չի կարողանում: Ձեռքով է ուղղել: Այդ ընթացքում պատգամավորը մոտեցել է նրան ու սկսել ոտքերով հարվածել Զադոյանի աջ կողմի կողոսկրերին: Կարճ ժամանակ անց հարվածողին է միացել նրա եղբայր Սիմոն Կարապետյանը:

Տուժողին առաջին բուժօգնությունը ցույց է տվել դեպքի վայր ժամանած Ոստիկանության Մասիսի բաժնի պետի օպեր գծով տեղակալ Սամվել Մկրտչյանը: Հետո Զադոյանին տեղափոխել են Մասիսի հիվանդանոց, 5-6 ամպուլա մորֆին սրսկել, հակաբիոտիկներ, և նույն օրն էլ գիշերը՝ ժամը 23-24-ին նրանից ցուցմունքներ վերցրել:

Առաջին վիրահատությունը կատարվել է դեպքից 4-5 օր հետո, տևել է 6 ժամ: Հետագայում պարզվել է, որ աջ կողմի 4 կողոսկրերը կոտրված են, ձեռքին հրազենային միջանցիկ վիրավորում կա, իսկ աջ ազդոսկրը փշրված է և ամենամեծ կտորը 2-3 սմ. է: Փամփուշտը մինչ օրս նրա ծնկի մեջ է բազմաթիվ բեկորների հետ միասին:

Քննիչ Երեմյանը առերես հարցաքննության ժամանակ Կարո Կարապետյանին հարցրել է՝ մեքենայի մեջ զենքը հանելու մասին, եղե՞լ է նման բան, պատգամավորը պատասխանել է՝ ''հա, ի՞նչ ա եղել որ՛՛: Սակայն այս կարևոր հանգամանքը մեղադրանքը գրելիս անհասկանալի պատճառներով անտեսել են: Կարոյի այդ խոստովանությանը պատշաճ իրավական գնահատական տալու դեպքում նրան պետք է դատեին, Զադոյանի վրայից էլ հանեին միջին ծանրության վնասվածք հասցնելու հոդվածը:

Ինչ վերաբերում է ապօրինի զենք ձեռք բերելու, կրելու, միջին ծանրության վնասվածք հասցնելու և պատգամավորին սպանության սպառնալիքներ տալու մեղադրանքներին, ապա Զադոյանն ասաց, որ դրանք սուպերֆանտաստիկ ժանրից են, քանի որ չեն տեղավորվում տրամաբանության մեջ:

Ընդունում է, որ վնասվածք է հասցրել Կարոյին, բայց դա եղել է անհրաժեշտ պաշտպանություն: Զենք չունի և չի եղել իր մոտ: Տրամաբանական է, որ եթե սպանելու նպատակ ունենար և զենք, ապա կսպաներ, ՛՛լոմիկով՛՛չէր խփի, ինքն էլ վնասվածքներ չէր ստանա: Մեքենայի մեջ հնարավոր է եղել պաշտպանվել, իսկ դրսում՝ ոչ, որովհետև զենք չի ունեցել: Փորձագետները ևս իր ձեռքերի, տաբատի, կոշիկի, ՛՛Մակարով՛՛ տեսակի ատրճանակի /որն իբր իրենն է եղել/ վրայից վերցված փորձանմուշներում չեն հայտնաբերել այնպիսի հետքեր /հագուստի, կոշիկի վրա՝ մետաղացման, քսայուղերի, իսկ զենքի վրա՝ արյան/, որոնք կհավաստեին զենք կրելու մեղադրանքը:

Ինչ վերաբերում է սպառնալիքներ տալուն, ապա դա ևս անտրամաբանական է. ի՞նչու և ինչո՞վ պետք է սպառնայի, երբ մի զենքը Կարոյի ձեռքին էր՝ կրակում էր, մյուսը՝ Օնիկի: ՛՛Դուք ստեղ էլ տեսաք, թե հանգիստ պայմաններում ինչպես էր իրեն /Կարոն/ պահում՛՛,-նշեց Զադոյանը՝ նկատելով, որ ոչ մեկը չհամարձակվեց նրան կարգի հրավիրել, ուր մնաց նրա հայհոյանքներին պատասխանելուց հետո ինքը սպառնալիքներ տար: ՛՛Ինքն /Կարոն/ է ինձ սպառնալիքներ տվել ու իրագործել: Մի աբոյմա /պահունակ/ դատարկել ա վրաս՛՛,- նշեց Զադոյանը:

Ըստ նրա՝ 5 տարի անց գործի մեջ ներգրավված և սպառնալիքների վերաբերյալ ցուցմունք տված վկաներ Ռոբերտ Մովսիսյանը և Էդվարդ Թադևոսյանը ևսսխալ ցուցմունք են տվել: Նրանցից առաջինը նշել է, թե Զադոյանի հագին ՛՛վայեննի ֆորմա՛՛ է եղել, մինչդեռ նրա՝ դատարանում հետազոտված իրեղեն ապացույց հագուստների մեջ նույնիսկ այդ գույնի ոչինչ չկար. Ջինսե տաբատ էր և սև սվիտեր:

Նրանց ու նաև Կարո Կարապետյանի, Օնիկ Հովհաննիսյանի սուտ ցուցմունքներն ակնհայտ են դառնում նաև մեղադրանքում արտացոլված մեկ այլ կարևոր դրվագում: Նրանք չորսն էլ դատարանում նշել էին, որ Զադոյանը, մեքենայից իջնելուց հետո, դեմքով դեպի Կարոն շրջված վիճակում սպառնացել ու մի քանի անգամ փորձել է կռանալ և նասկու միջից հանել ինչ-որ բան /որը հետո զենք կոչեցին/: Այդ ժամանակ էլ Կարոն կրակել է նրա վրա:

Մինչդեռ Զադոյանը 11 անգամ բացատրեց մեղադրողին ու դատարանին, որ եթե ինքը դեմ-դիմաց կանգնած լիներ և կռացած՝ ՛՛զենքը՛՛ հանելիս, ապա մարմնով և ձեռքով պետք է փակած լիներ աջ ոտքը: Եվ փամփուշտը կդիպեր գլխին, իրանին կամ աջ ձեռքին՝ դիմացից՝ վերևից-ներքև թեքությամբ, քանի որ Կարոն 50-60 սմ. ավելի բարձր տեղում է կանգնած եղել: Մինչդեռ փորձաքննությամբ փամփուշտը մտել է աջ ձեռքի ներսային կողմից՝ արմնկային հատվածից, վերից՝ վար ուղղությամբ: Այսինքն վնասվածք ստանալու պահին կողքով է շրջված եղել դեպի զենքի փողաբերանը:

Արթուր Զադոյանը Կարոյի՝ մեքենայի հետնամաս անցնելու և այնտեղից երկուսով փաթաթված իջնելու վերաբերյալ հիշյալ քառյակի ցուցմունքների առնչությամբ նշեց. ՛՛Հըլը փորձեք. հնարավոր չէ: Ոչ մի ֆանտաստիկ պատմության մեջ նման բան չկա՛՛:

Վկաներ Սարգիս Ավագյանը և Ռոմիկ Դանոյանը ևս ասել էին, թե իբր Կարոյի՛ ՛պարտքը՛՛ չտալու համար ինքը սպառնացել է՛ ՛սատկացնել՛՛ նրան: Զադոյանը դա հերքեց և այդ ցուցմունքների անարժանահավատությունն այսպես հիմնավորեց. ես ինչպես կարող էի Կարո Կարապետյանի այդ կամակատարների մոտ նման բան ասել…Բացի այդ, Սարգիսը երեք տարի Հայաստան չէր եկել, որտե՞ղ պետք է տեսած լիներ, որ խոսեր… Սարգիսը ստել է, թե իբր իր և Կարոյի հարաբերությունները վատ են: Եթե վատ լինեին, դեպքից անմիջապես հետո չէր թռնի Մոսկվայից գար Հայաստան:

Պարտքի վերաբերյալ Զադոյանն ասաց, որ իր և Կարոյի միջև պարտք հասկացություն չի եղել: 2002 թ. ինքը Կարոյի համար Թուրքիայից բոլորովին նոր՝ 70.000 դոլարանոց Գրանդ Չերոկին բերել է ընդամենը 30.000 դոլարով:

Զադոյանը նաև հռետորական հարցադրումներ հնչեցրեց վերջին երկու վկաների ցուցմունքների վերաբերյալ: Սարգիսը դատարանում խոստովանել էր, որ Զադոյանի բերած անօրինական մեքենան մի կերպ է օրինականացրել ու վաճառել: Իսկ Ռոմիկն ասել էր, թե իբր ինքը զենքի, կարմիր սնդիկի առևտրով է զբաղվել, սակայն դատարանն ու մեղադրողն այդպես էլ ընթացք չտվեցին՝ պարզելու՝ ճի՞շտ է, թե՞ սուտ:

Զադոյանն իր ցուցմունքով և իր պաշտպան Սիմոն Ամիրխանյանի հարցերին պատասխանելով այնպես հերքեց մեղադրանքը բոլոր երեք դրվագներով, որ մեղադրող Կարեն Բիշարյանը ստիպված եղավ փրփուրներից կախվել.Մի քանի անհեթեթ ու տասներորդական նշանակության հարցեր տվեց: Հիշեցրեց, որ դատարանում հետազոտված ապացույցը՝ մեքենայի պետհամարանիշը ՛՛դեպուտատսկի՛՛չէր /այն իբր պետք է դներ նոր գնվող մեքենայի վրա, որպեսզի չկանգնեցնեին/, արտասահմանյան էր: Ի՞նչու պետք է դեպուտատսկի լիներ, չէր կարո՞ղ՝ առանց համարների քշել: Զադոյանը սկզբում բացատրեց, որ ավելի լավ է արտասահմանյան համարներով լինի, քան առանց համարանիշի:

՛՛Կարոյի համար ինչ կար. Նրա մեքենաների մեծ մասը արտասահմանյան համարանիշերով են՛՛-հեգնեց Զադոյանը: Ըստ մեղադրանքի՝ նա էր այն իր հետ բերել և կլյուչի հետ դրել Կարոյի մեքենայի մեջ, իսկ ըստ Զադոյանի՝ երբ ինքը նստել է մեքենան, համարանիշն այնտեղ է եղել: Երբ ինքն այն տեսել է՝ ասել է. ՛՛բայց էս դեպուտատսկի չի՛՛, Կարոն էլ պատասխանել է՝ քո գործը չի: Մեղադրողը նույն հարցը ծամծմեց, հետն էլ թե՝ ո՞վ է այն դրել Կարոյի մեքենայի մեջ, Զադոյանը խորհուրդ տվեց հարցի հասեատիրոջը փոխել՝ գնացեք Կարոյին հարցրեք:

Մեղադրողը հետաքրքրվեց, թե ինչու՞ է Կարոն զենքը մեքենայի առջևի մասում պահել, և ոչ թե բեռնախցիկում: ՛՛Գնացեք իրան հարցերք՛՛,- նորից խորհուրդ տվեց Զադոյանը՝ այդ և հաջորդ հարցադրումը որակելով անտրամաբանական: Կ. Բիշարյանը հետաքրքրվեց, թե՝ պայմանավորվել էի՞ք, որ 12. 000 դոլարը պիտի ցույց տա, նոր գնայիք մեքենայի հետևից...

Դատախազի հարցադրումներն ավարտվեցին, և հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 11-ին, որի ընթացքում Զադոյանին հարցեր կուղղի պատգամավորի ներկայացուցիչ Կրոմվել Գրիգորյանը:

Հ.Գ. Անարդար դատավճռի դեպքում հետաքրքիր է, թե ինչ բացատրություն կտրվի նրան, որ Յուվեցի Կարոն կարողացավ մի ամբողջ դատական համակարգի ապացուցել իր մեղավոր ՛՛անմեղությունը՛՛: Եվ մի՞թե ՄԻ Եվրոպական դատարանին նույնպես հնարավոր կլինի բացատրել, որ բա գիտեք ինքը Յուվեցի Կարոն է, ուստի նա պիտի կրեր…Վստահ ենք՝ ոչ:

 

Նույն շարքից