Իրավական 

Էֆթանազիան մարդու իրավունքների համակարգում

analitik.am

Էֆթանազիա տերմինն առաջարկել է անգլիացի փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնը՝ ձևակերպելով այն որպես ոչ ցավագին, թեթև մահ: «Հռչակագիր էֆթանազիայի մասին» փաստաթղթում տրվում է նրա վերջնական պարզաբանումը՝ էֆթանազիա ասելով հասկացվում է ցանկացած գործողություն կամ, ընդհակառակը, անգործություն, որն իր էությամբ կամ դիտավորությամբ հանգեցնում է մահվան: Այսինքն՝ իր ուղղակի նշանակությամբ, էֆթանազիան բժշկի օգնությամբ կանխամտածված սպանությունն է:

Էվթանազիան կարող է լինել պասիվ և ակտիվ:Պասիվ էֆթանազիա ասելով պետք է հասկանալ այն դեպքերը, երբ բժշկական օգնությունը դադարեցվում է, ինչն էլ արագացնում է մարդու մահը: Ակտիվ էֆթանազիայի դեպքում կիրառվում են մահն արհեստականորեն արագացնող տարբեր միջոցառումներ: Ակտիվ էֆթանազիան կարող է դրսևորվել տարբեր ձևերով.

«Կարեկցող» սպանություն», որի դեպքում մեռնողի հարազատները կամ ինքը բժիշկը, տեսնելով հիվանդի տանջանքները և ի վիճակի չլինելով դրանք մեղմել, նրա օրգանիզմի մեջ ներմուծում են ցավազրկող դեղամիջոցի գերչափաբաժին, որի հետևանքով էլ վրա է հասնում մահը: Այստեղ նկատի չի առնվում հիվանդի համաձայնությունը, քանի որ նա ի զորու չէ արտահայտել իր դիրքորոշումը և կամքը:


Ինքնասպանություն և օժանդակող սպանություն,
երբ բժիշկն օգնում է հիվանդին հեռանալ կյանքից:

Իսկ մյուս ձևը դա սեփական նախաձեռնությամբ ակտիվ էֆթանազիան է, որն իրականացվում է առանց բժշկի օգնության և միջամտության:

Պրակտիկայում կիրառելի են հիմնականում էֆթանազիայի հետևյալ ձևերը.

  • բուն էֆթանազիա, որի դեպքում բժիշկն ակտիվորեն մասնակցում է հիվանդի մահվանը: Սա պետք է դիտարկել որպես բժշկի կողմից հիվանդի իրազեկված համաձայնությամբ կատարվող սպանություն:
  • բժշկի օգնությամբ ինքնասպանություն: Սրա դեպքում բժիշկը պատրաստում է մահաբեր դեղամիջոցը, որը հիվանդն ընդունում կամ ներարկում է ինքնուրույն: Սա կարող է դրսևորվել նաև հիվանդի հետ համաձայնեցված անգործության ձևով, երբ բժիշկը հրաժարվում է հիվանդի կյանքը երկարացնող նշանակումներից կամ ավելացնում է հիվանդի տառապանքները մեղմացնող դեղորայքի, ցավազրկողների չափաբաժինները, որի հետևանքով հիվանդի կյանքը կրճատվում է:

1987թ. 39-րդ բժշկական վեհաժողովում ընդունվեց «Էֆթանազիայի մասին հռչակագիրը», որը բացառում էր էֆթանազիայի կիրառումը: Սակայն դա արգելք չհանդիսացավ և Էֆթանազիան շարունակվում էր կիրառվել:

Էֆթանազիան առաջին անգամ օրինականացվել է Նիդեռլանդներում: 1984թ. երկրի Գերագույն դատարանի կողմից ճանաչվեց կամավոր էֆթանազիայի իրավունքը: էֆթանազիան օրինականացնելու մասին օրենքը, որոշ վերապահումներով, ընդունվեց խորհրդարանի ստորին պալատի կողմից: Վերապահումները կայանում են նրանում, որ հիվանդին էֆթանազիայի ենթարկած անձը կարող է մեղավոր չճանաչվել, եթե դա լինի միայն ու միայն կամավոր /գրավոր արտահայտված/, միայն բժիշկը կարող է օգնել կամ իրականացնել էֆթանազիան, բժշկական տեսանկյունից հիվանդի վիճակը պետք է խիստ ծանր լինի և այդ հարցում պետք է համընկնեն տարբեր չեզոք բժիշկների կարծիքները:

Իսկ 2001թվականի ապրիլի 10-ին ընդունվեց օրենք, որով այնտեղ օրինականացվեց ինչպես պասիվ, այնպես էլ ակտիվ էֆթանազիան, սահմանվեցին նաև էֆթանազիայի կիրառման կարգն ու կանոնները:

Նիդեռլանդներից հետո հաջորդ երկիրը, որը վերապահումներով օրինականացրել է էֆթանազիան` Բելգիան է (2002թ.):

1997թ. Կոլումբիայի սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, ըստ որի` անհուսալի հիվանդի կամավոր մահվան ցանկությունն իրականացնող բժիշկը կարող է նաև պատասխանատվության չենթարկվել:

1977թ. Կալիֆորնիայում հանրաքվեի արդյունքով ընդունվեց «Մարդու մահվան իրավունքի մասին» օրենքը, որի համաձայն անբուժելի հիվանդ անձինք կարող են պատրաստել փաստաթուղթ, գրել կյանքի կտակ, որում կարող են արտահայտել վերականգնողական սարքավորումն անջատելու մասին իրենց որոշումը:

Այսպիսով, ԱՄՆ-ի որոշ նահանգներում պասիվ էֆթանազիան թույլատրվեց և անգամ ամրագրվեց օրենքներում:

Բրիտանիայի ոստիկանապետը սահմանել է 16 կետ, որով բացահայտում է, թե էֆթանազիա կատարած բժիշկը որ դեպքերում պետք է դատապարտվի սպանության համար, որ դեպերում՝ ոչ: Այսպես, բժիշկը քրեական պատասխանատվության չի ենթարկվում, եթե մահացողը հայտնել է իր կամավոր, պարզ և հիմնավոր որոշումը կյանքից հեռանալու մասին, իսկ էֆթանազիա կիրառողը ղեկավարվել է միայն կարեկցանքի դրդումով:

Ռուսաստանում ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ էֆթանազիան համարվում է հանցագործություն: Այն որակվում է որպես դիտավորությամբ կատարված սպանություն՝ ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի առաջին մասի համապատասխան: Պատիժը նշանակելիս հաշվի է առնվում մեղմացուցիչ հանգամանքը, այն է՝ կարեկցանքի դրդումով կատարված հանցագործություն:

Այժմ անդրադառնանք Հայաստանի Հանրապետությանը: Մեր երկրում էֆթանազիան արգելվում է: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի (սահմանում է մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի իրականացումն ապահովող բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման, իրավական, տնտեսական և ֆինանսական հիմունքները) 23-րդ հոդվածի համաձայն ՀՀ-ում արգելվում է էֆթանազիան՝ հիվանդի խնդրանքով նրա մահվան արագացումն որևէ գործողությամբ և միջոցներով:

Այն անձինք, ովքեր հիվանդին գիտակցաբար դրդում են էֆթանազիայի կամ իրականացնում են այն, կրում են պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀՀ-ում ինքնասպանությունը համարվում է պատասխանատվություն չառաջացնող արարք, սակայն ինքնասպանությունն այլ անձի միջոցով իրականացնելը՝ տուժողի խնդրանքով կամ համաձայնությամբ չի կարող արարքի հանցավորությունը բացառող հանգամանք համարվել և քրեական պատասխանատվությունից ազատելու հիմք հանդիսանալ: Սա առաջացնում է պատասխանատվություն, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքով և ձևակերպվում է որպես մեկ ուրիշին ապօրինաբար կյանքից զրկել՝ հասարակ սպանություն, առանց ծանրացնող և մեղմացնող հանգամանքների:

Որևէ կերպ հիվանդի խնդրանքով նրա մահվան արագացումն արգելված է: Բոլոր անձինք, ովքեր իրականացնում են էֆթանազիա, պատժվում են օրենքով սահմանված կարգով:

Էֆթանազիայի խնդիրն ուսումնասիրելիս և իրավաբանների, և բժիշկների մոտ առաջանում են բազմաթիվ հարցեր, որոնք էլ հանդիսանում են հակասությունների պատճառ: Իրավաբանները քննարկում են այն հարցը, որ եթե կա կյանքի իրավունք, ապա կարելի է արդյոք պնդել, որ կա նաև մահվան իրավունք: Բայց այս դեպքում էլ հակասություն կառաջանա օրենսդրության սկզբունքների հետ, քանի որ ամենակարևորը կյանքի պաշտպանությունն է: Օրենքը պետք է պաշտպանի ապրելու իրավունքը, կյանքը, ոչ թե մահը կամ մահվան իրավունքը:

Մի խումբ հայ իրավագետների կարծիքով էֆթանազիայի դեպքում միանշանակ կա սպանության հանցակազմ, քանզի որևէ անձ իրավասու չէ դրական կամ բացասական լուծում տալ հիվանդի կյանքը դադարեցնելու հարցին, առավել ևս այն դեպքում, երբ դա կատարվում է բժշկի կողմից: Վերջինս հակադրվում է ինքն իրեն, քանի որ նա պարտավորված է ձեռնարկել բոլոր հնարավոր բոլոր միջոցները՝ հիվանդին բուժելու համար:

Իմ կարծիքով, եթե անձն ունի կյանքի իրավունք, հետևաբար նա ունի նաև Սահմանադրությամբ ամրագրված մյուս իրավունքներից օգտվելու իրավունք: Իսկ եթե անձն ունի կյանքի իրավունք, ապա միանշանակ ունի նաև իրեն այդ կյանքից զրկելու իրավունք: Պետք է թույլ տալ, որ մարդն անձամբ որոշի, կենսագործել իր ապրելու իրավունքը, թե հրաժարվել դրանից:

 

Շուշանա Զոհրաբյան

Նույն շարքից