Բարի օր Մշակույթ 

Մարթա Մեդեյրոս. Տեղ՝ լաց լինելու համար

analitik.am

Բրազիլիական ժամանակակից արձակ

Մի քանի օր էր, ինչ ցավը զուսպ հասունանում էր: Կինն ուզում էր, որ գոնե անհարմար ժամի չպոռթկա, բայց ինչպե՞ս էր կարող դա վերահսկել: Դեպի հանրախանութ գնալիս՝ մի երաժշտություն տարածվեց ռադիոյից, ասես, նրան լիովին ջախջախելու համար: Եվ, ճիշտ այդ պահին, ուրբաթ օրվա առավոտյան ժամը տասն անց քսան րոպեին, բավականին բանուկ մի փողոցում, նա սկսեց լաց լինել:
Ակնոցը փնտրեց պայուսակում, բայց ռադիոն չանջատեց, որովհետև հիմա դա անօգուտ էր, չէ՞ որ արդեն արտասվում էր: Մտքերը, մղված հոսող արցունքներից, լողացին գիտակցության մեջ ու աչքի ոսպնյակներում… Բոլոր ճշմարտությունները միասին ջրի երես դուրս եկան. և քանի որ տառապանքը կանգնեցնելու այլ ճար չկար, առնվազն ստիպված էր մեքենան կանգնեցնել զգուշորեն: Մի հանգիստ փողոց փնտրեց, կանգ առավ մեջտեղի գծին կից, բայց մայթին մարդիկ կային: Շարժվեց: Մի ուրիշ փողոցում մեքենան կանգնեցրեց մի շենքի առջեւ, բայց հետո նկատեց դռնապանին, որը վեր կացավ նստարանից ու մոտեցավ տեսնելու, թե ով է այդ տարօրինակ այցելուն, օրվա այդ ժամին: Այդտեղ էլ չմնաց:
Անցավ պողոտաներով, որոնք ավելի մեծ արագություն էին պահանջում, բայց չէր կարողանում վարել քառասուն կիլոմետր ժամից ավելի: Անհնար էր գնալ ցանկացած ուղղությամբ: Նա դանդաղ շրջում էր ընկղմված թախիծի մեջ, որն առանց պահն ընտրելու՝ վերջապես եկել էր իրեն ընդառաջ:
Հանրախանութի մոտ, երբ արդեն թվում էր, թե սկսում է ինքն իրեն կառավարել, պոռթկման մի նոր ալիք բարձրացավ ու ավելի շատ արցունք դուրս հորդեց աչքերից, անհրաժեշտ էր կանգ առնել: Գնաց մի ինչ-որ դպրոցի մոտերքը, բայց այնտեղ ապահով չէր, շատ ծանոթներ կային: Փորձեց մի փոքր ու լքված, բնակելի ծառուղի, բայց մեջքի հետեւում իրեն սեւեռած աչքեր տեսավ: Քիչ առաջ անցավ, նորից կանգ առավ մի լքված տարածքում, այդտեղ էլ վախը թույլ չտվեց մնալ. միայն դա էր պակաս, որ դառնար ինչ-որ մի այլ բռնության զոհ, նրան արդեն հերիք էր այս զգացմունքային նոպան, որը չէր դադարում:
Ray-ban-ը դրած կարմրած քթին՝ նա փորձում էր թաքցնել խոնավ մաշկը: «Թող ոչ ոք իր մեքենայով չհավասարվի իմ գծին այս արգելող նշանի տակ», խորհեց նա՝ միաժամանակ մտածելով իր ապրած սխալ կյանքի մասին, ուրիշի կյանքի, որն իրենը չէր: Որտե՞ղ սկսել փնտրել այն ուրիշին, որ մի օր ինքն էր եղել: Չէր գիտակցում, որ հենց դա էր տեղի ունենում,- իր հուզումնալից հանդիպումը՝ հենց իր հետ, ներսից, իրեն ոչնչացնելու համար:
Տեմպը դանդաղեցրեց մի եկեղեցու մոտ, բայց այդտեղ ավտոբուսի կանգառ էր, անհնար էր կանգնել: Կանգնեց մի ուրիշ շենքի առջեւ, բայց մի ժամանակ ապրել էր այդ փողոցում: Զբոսայգու դիմա՞ց, ո՛չ. որեւէ մեկը կգար բարեւելու, միշտ գտնվում է մեկը, ով ինչ-որ տեղից քեզ հիշում է:
Չկարողանալով մեքենան կանգնեցնել՝ ստիպված եղավ կանգնեցնել լացը: Դեմքը մաքրեց մի թղթե թաշկինակով, որը գտավ ձեռնոցի տուփի մեջ, նայեց ավտոմեքենայի ետևն ցույց տվող հայելում, որպեսզի տեսնի՝ արդյոք տեսքը մատնո՞ւմ է իր իրավիճակը, եւ որոշեց, որ նորմալ է կյանքին դեմ-հանդիման դուրս գալու համար, բավական է Ray-ban-ը դեմքից չհանել:
Հասնելով հանրախանութ՝ վերցրեց առեւտրի սայլակը եւ ուսումնասիրեց ցուցակը, որը տան սպասավորն էր տվել: Ալյուր: Միս: Ձեթ: Զուգարանի թուղթ: Սոխ: Կինը, որ ինքը չէր, նորից իր վրա կվերցնի հրամանատարությունը:

Պորտուգալերենից թարգմանեց Անի Վարդազարյանը

Սկզբնաղբյուրը` lit-bridge.com:

Նույն շարքից