Իրավական 

Կիլիկիո Կաթողիկոսությունը հոկտեմբերին Թուրքիայի ՍԴ հայց կներկայացնի Սիսի նստավայրի վերադարձի առնչությամբ

Մեծ Տանն Կիլիկո Կաթողիկոսությունըհոկտեմբերին պաշտոնապես կդիմի Թուրքիայի Սահմանադրական դատարան` Կիլիկիայի պատմական հայկական թագավորության տարածքում գտնվող Սիսի նստավայրն ու կալվածքները վերադարձնելու հայցով: Հունաստան հովվապետական այցի շրջանակներում «Ազատ օր» պարբերականի հետ հարցազրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը:  Արամ Առաջինը նշել է, որ հայցը չբավարարելու դեպքում կդիմեն նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Մենք չենք սպասի դրական մոտեցումների Թուրքիայի կողմից եւ պատրաստ ենք գործը մինչեւ վերջ տանել եւ դիմել ՄԻԵԴ»,- շեշտել է Արամ Առաջինը` հավելելով, որ ժամանակն է հանգրվանային կերպով Հայ Դատի աշխատանքը տեղափոխել իրավական դաշտ:

 

«Սա, իհարկե, չի նշանակում, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ աշխատանքները պետք է մոռացության տրվեն, սակայն ճանաչումը պետք է ենթադրի հատուցում: Ահավասիկ, ժամն է, որ լինենք իրավապաշտ: Եթե մենք այդ քայլին չդիմենք, մենք շուտով կհայտնվենք փակ շրջանակի մեջ: Ճանաչում, ճանաչում` հետո ի՞նչ: Ի՞նչ պետք է լինի դրանից հետո: Անհրաժեշտ է, որ Հայ Դատն այդ փակ շրջանակից դուրս գա»,- ասել է նա:

 

Արամ Առաջինը ընդծել է նաեւ, որ բազմաթիվ վայրերում, հատկապես ԱՄՆ կոնգրեսականներից  տեղեկացել է, որ Թուրքիայում եկեղեցիների, հայկական կալվածքների վերադարձի հետ կապված որոշակի տրամադրվածություն, մթնոլորտ կա: Հետեւաբար, այդ մթնոլորտը պետք է առավելագույն ձեւով օգտագործել:

 

«Եթե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը պետք է ձեռնարկներով, հանդեսներով եւ հրատարակություններով անցկացնենք, ապա, կարծում եմ, որ մենք ոչինչ չենք կատարի: Ինչպես Երեւանում ասացի, 100-րդ տարելիցը պետք է կազմակերպել երեք ուղղությամբ` հիշել, հիշեցնել եւ պահանջել: Մենք 100-րդ տարելիցը հիշեցինք եւ հիշեցրեցինք, ժամանակն է, որ մենք պահանջենք, սակայն գործնական քայլերով, իրավական մոտեցումներով եւ մեր իրավունքները պաշտպանելով: Հիմա կհարցնեք, թե ինչո՞ւ է Կաթողիկոսարանը նախաձեռնել այս քայլը. որովհետեւ Կաթողիկոսարանը խորհրդանշական իմաստ ունի` քաղաքական, իրավական եւ հոգեւոր առումներով, որպես Կիլիկիայի հայության կենտրոն»,- ասել է Արամ Առաջինը:

 

Քրիստոնեական համայնքներին պատկանող գույքի բռնագրավումը Թուրքիայում եղել է ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ պետական մակարդակով իրականացվող հալածանքների ու ճնշումների քաղաքականության բաղադրիչներից մեկը։ 1936 թվականից Թուրքիայում արդեն օրենքով պետությունն սկսեց բռնագրավել կրոնական փոքրամասնությունների գույքը: Հայերին և հայկական հաստատություններին պատկանող մեծ քանակությամբ գույք Հայոց ցեղասպանության հետևանքով և դեռևս դրանից առաջ համիդյան ջարդերի ժամանակ բռնագրավվել է Թուրքիայի կողմից: Բռնագրավումներ տեղի են ունեցել նաև 1955 թվականի Ստամբուլի ջարդերի հետևանքով և 1975 թվականին: Ներկայումս գործող միջազգային իրավական չափանիշներով այդ գույքը պետք է վերադարձվի իր օրինական տերերին: Վերադարձի նման օրինակներ Բեռլինյան պատի փլուզումից հետո տեղի են ունեցել Արևելյան Եվրոպայի պետություններում` Չեխիայում, Լեհաստանում, մերձբալթյան պետություններում:

 

Հայրենիք-Սփյուռք հինգերորդ համաժողովի ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս. Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը հայտարարեց, Կաթողիկոսությունն այս տարի դիմելու է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ Կիլիկիայի պատմական հայկական թագավորության տարածքում գտնվող Սիսի նստավայրը և կալվածքները վերադարձնելու պահանջով: «Մենք Սահմանադրական դատարանից պահանջելու ենք մեզ վերադարձնել մեր կալվածքները, իսկ Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից դիմումի մերժման դեպքում դիմելու ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան և մինչև վերջ պայքարելու ենք մեր նպատակին հասնելու համար»,- նշել էր Արամ Ա-ն:

Նույն շարքից