Վերլուծական գլխավոր 

«Ո՞չ» Հայաստանի հերթական ազատագրմանը. Ո՞վ է մեղավոր Հայաստանի ներկա սահմանների համար

Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը կամ Հայաստանի Առաջին Հանրապետությունը Խորհրդային Ռուսաստանի «նվաճողական» քաղաքականության հետեւանքով չկարողացավ դառնալ կայուն պետություն…

Իսկ մինչ այդ ամեն ինչ հիասքաչ էր: Մայիսի 28-ին Թիֆլիսում գործող Հայոց (կենտրոնական) Ազգային խորհուրդը որոշում կայացրեց հռչակել Հայաստանի անկախությունը: «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծարումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ՝ Հայոց Ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»։

Հետո՝ ավելի փայլուն. հենց Հայաստանի անկախության հռչակման օրը՝ մայիսի 28-ին, Հայոց Ազգային խորհուրդը որոշեց նոր պատվիրակություն ուղարկել Բաթում և հաշտության բանակցություններ վարել թուրքերի հետ։ Նորանկախ Հայաստանի պատվիրակությունը գլխավորեց Ալ. Խատիսյանը, ով հունիսի 4-ին կնքեց Բաթումի հաշտության պայմանագիրը Հայաստանի Հանրապետության և Օսմանյան Թուրքիայի միջև։ Պայմանները չափազանց ծանր էին Հայաստանի համար… բայց Խատիսյանը «սխրանք» էր կատարել. ընդամենը 12 հազ. քառ. կմ տարածք, թուրք-թաթարական շրջափակում, հարյուր հազարավոր գաղթականություն, բայց «անկախ Հայաստան, տուն, բույն, որտեղ կռվում է ժողովրդական միտքը, որ կկապի, կմիավորի, կբարձրացնի ոգին»…

Այնուհետեւ …ավելի լավ չէր կարող լինել. Ավ. Ահարոնյանի ամենարջանիկ օրը` 1920թ. օգոստոսի 10. Սեւրի պայմանագիր, Անկախ Հայաստանի ընդհանուր տարածքը 160 հազար քառ. կմ: Երջանկությունը երկար չտեւեց, մեծ տերությունները երես թեքեցին հայերից, ու ազգայնական Մուստաֆա Քեմալը Սեպտեմբերի 28-ից մինչեւ նոյեմբերի 18-ը գրավեց Սարիղամիշն ու Մերդենեկը, առանց դիմադրության, ընկավ Կարսն ու Ալեքսանդրապոլը:

«Տաղանդավոր» Ալ. Խատիսյանը 1920թ. դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը ստորագրեց Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը։ Հիրավի «փառահեղ» որոշում, մեծ հայրենասերն ամեն գնով պայքարեց թոթափել բոլշեւիկյան լուծը, որոնք դեկտեմբերի 2-ին«զավթել» էին իշխանությունն ու խորհրդայնացրել Հայաստանը:

Ու այդ ամենից հետո բոլշեւիկները հեռացրին իշխանությունից դաշնակցական հայրենասեր գործիչներին, 1921թ.-ին կնքեցին Մոսկվայի «ստրկացուցիչ» պայմանագիրը, որով Հայաստանի Հանրապետության տարածքը ( 10 հզ. քառակուսի կմ.) բաժան-բաժան արեցին Թուրքիայի ու ՌՍՖՍՀ-ի միջեւ` թողնելով ընդամենը 29 հզ քառակուսի կմ. տարածք:

Այս ամենից հետո նույնիսկ հայ ժողովրդի նվիրյալ զավակները չհուսահատվեցին. նրանք, որ հայ ժողովրդի կողքին էին 1915թ.-ին, նրանք, որ շուրջ 250000 հայ երիտասարդների զորակոչեցին թուրքական բանակ, ամեն գնով պաշտպանեցին երկրի սահմանները, չդադարեցրեցին պայքարը բոլշեւիկյան զավթիչների դեմ, ընդհատակում փորձեցին համագործակցել թուրքերի հետ( Ազատ Հայաստան», 1921, թ. 35. «Իր ազատագրական պայքարի այս տաժանելի օրերին հայ ժողովուրդը քաղաքական իմաստություն պիտի ունենա թոթափելու իրենից անցյալի դառն հուշերը եւ ավանդությունները եւ ոչինչ չխնայելու հայ եւ թուրք ժողովուրդների, Հայաստանի եւ Տաճկաստանի բարեկամությունը հաստատելու համար), այդ վեհ գաղափարին հասնելու համար գործարքի մեջ մտան նացիստական Գերմանիայի հետ: Այնինչ, հայ ժողովրդի «ապերախտ» զավակները, (ավելի քան 500 հազար), իրենց արյան գնով խոչնդոտեցին այդ «փառահեղ» նպատակի իրականացմանը, հայրենականի տարիներին չմիացան «ազատարար» Գերմանիային ու մեկընդմիշտ մնացին «դատապարտված»:

Ավելի քան հարյուրամյա գոյության ընթացքում, դաշնակցությունը, իր գործունեությամբ ու քայլերով, մինչեւ հիմա էլ մնացել է «ամենասկզբունքային» ու «անաանաչառ» ուժը.
ՄԱՀ կամ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ…

Հ.Գ. Հայաստանում չկա մի ընտանիք, որ մտահոգ չէ Ցեղասպանության հարցով կամ Արցախի ճակատագրով:
Այժմ հաճախ է շրջանառվում՝ «Բոլշեւիկները հայկական հողերը ծախեցին թուրքերին (ադրբեջանցիներին)» միտքը:
Նախ՝ բոլշեւիկներին այդ ժամանակ պետք է մտահոգե՞ր, թե ինչպես կկոչվի մեկ միասնական պետության այս կամ այն հանրապետությունը:

Բոլշեւիկները այդ ժամանակ լինելով փոքրամասնություն, հայտնվեցին դեմ առ դեմ իրականության առջեւ: Այն ժամանակվա դեմոկրատներ Կերինսկին ու մյուսները, այն ուժերի պատվերով, ովքեր կազմակերպել էին հայերի ցեղասպանությունը, կործանեցին Ռուսական կայսրությունը, կայսրություն, որի մասն էր կազմում նաեւ Արեւելյան Հայաստանն ու Արեւմտյան հայաստանի մի մասը:

Բոլշեւիկներին հաջողվեց բառից բուն իմաստով հավաքել փշրանքները մեկ միասնական երկրի շուրջ: Շրջապատված լինելով ներքին ու արտաքին թշնամիներով, բոլշեւիկները նախ պահպանեցին երկիրը, ապա, 25 տարում կառուցեցին գերտերություն՝ հաղթելով հիտլերիան կոալիցիային:

Սակայն, մինչ այդ հանրապետությունները պետք էր կազմավորել՝ առանց ազգայնական տարրերին բարգավաճման որեւէ շանս տալու սկզբունքով:
Իսկ այդ տարիներին հայերի բախտը չբերեց նույնիսկ ազգայնական ուժերի հարցում: Եվրոպական ղեկավարության շնորհիվ հայկական էլիտայի մեծ մասը սրախողխող արվեց քրդերի ու թուրքերի ձեռքով, ու երկրում ամենաազդեցիկ ուժը դարձավ դաշնակցությունը, որի մի՝ վիժվածքային մասսան, աշխատում էր անգլիական հետախուզության օգտին, իսկ մյուս՝ առավել խոհուն ու նվիրյալ մասը, ինչպիսիք էին Նժդեհն ու Անդրանիկը, անվերջ հետապնդվում էին կուսակիցների կողմից:

Բոլոր ազգայնականները, բացի հայերից, իրենց նպատակին հասան. Ռուսական կայսրության փլատակներին կազմավորվեցին անհասկանելի երեւույթներ՝ Ադրբեջան, Բելառուսիա, Ուկրաինա, Ադրբեջան եւ այլն:
Իսկ Հայաստանի «հզորությունը» այն ժամանակվա քաղաքական գործիչների, հիմնականում՝ դաշնակների ձեռքբերումն էր… Անհեռատեսություն, գումարած՝ անգլո-գերմանական տոննայանոց լրտեսական ցանցի առկայությունն երկրում:

Ուստի, իրավիճակի նման զարգացման պայմաններում, նույնիսկ շնորհակալություն կարելի է հայտնել բոլշեւիկներին, որ Հայաստանը չմնաց դաշնակների կողմից ստորագրված Ալեքսանդրապոլի պայմանագրի սահմաններում (17 հզ քառակուսի կմ):

ՀՈՎԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Նույն շարքից