Բարի օր Մշակույթ 

Օկտավ Միրբո. Ընտրողների գործադուլը

analitik.am

Մի բան է ինձ շատ զարմացնում, համարձակվում եմ ասել` ուղղակի ապշեցնում է. դա այն է, որ այս լուսավոր դարում, երբ գրում եմ այս տողերը, անթիվ փորձերից հետո, ամենօրյա խայտառակություններից հետո, մեր սիրելի Ֆրանսիայում (ինչպես ասում են Բյուջետային Հանձնաժողովում) կարող է լինել թեկուզ մեկ ընտրող, այսինքն` անբանական, անօրգանական, տեսիլախաբկանքի մեջ գտնվող մի արարած, ով համաձայնում է կտրվել իր գործերից, իր երազանքներից կամ հաճույքներից, որպեսզի քվերակի ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի օգտին:
Երբ մի պահ խորհում ես այդ մասին, հանգում ես այն եզրակացության, որ այդ զարմանահրաշ երևույթը հորինվել է` շեղելու համար ամենանրբին փիլիսոփայություններն ու շփոթության մեջ գցելու բանականությունը:
Ո՞րտեղ է այն Բալզակը, ով մեզ կբացահայտեր մերօրյա ընտրողի բնախոսությունը:
Ո՞րտեղ է այն Շարկոն, ով մեզ կբացատրեր այդ անբուժելի խելագարի կազմախոսությունն ու հոգեկերտվածքը:
Մենք սպասում ենք նրանց:
Ես հասկանում եմ, որ մի խաբեբա կարող է այսօր բաժնետերեր գտնել, Գրաքննությունը` պաշտպաններ, Օպերա-Կոմիկը` դիլետանտներ, Կոնստիտյուսյոնելը` բաժանորդներ, պրն. Կարնոն` Գեղանկարիչներ, ովքեր մեծարում են նրա հաղթական ու ծանրաքայլ մուտքը լանգեդոկյան մի քաղաք. հասկանում եմ, որ պ-րն Շանտավուան ամեն գնով ուզում է հանգեր թխել…
Ես ամեն ինչ հասկանում եմ:
Բայց մի պատգամավոր կամ Հանրապետության նախագահ, կամ մեկը` բոլոր այդ ոչ սովորական զեղծարարներից, ովքեր իրենց համար ընտրող են գտնում, այսինքն` չտեսնված ու չլսված մի արարած, անհավանական մի մարտիրոս, ով նրանց կերակրում է իր հացով, հագցնում իր բրդով, պարարտացնում իր մարմնով, հարստացնում ուռճացրած աշխատավարձով, ու այս ամենը` լոկ մեկ հեռանկարով. որ այդ նվիրաբերությունների դիմաց այդ ընտրողը ստանա մահակի հարվածներ իր ծոծրակին, քացիներ` իր հետույքին, եթե ոչ` կրակոցներ` իր կրծքին…արդարև, սա գերազանցում է բոլոր այն հոռետեսական մտքերը մարդկային հիմարության մասին, որ ես ունեցել եմ մինչև հիմա(…):
Հասկանալի է, որ այստեղ ես նկատի ունեմ այսպես կոչված` գիտակից ընտրողին, համոզված, տեսաբան-ընտրողին, նրան, ով երևակայում է (թշվառը), թե ինքը ազատ քաղաքացու քայլ է կատարում, դրսևորում է իր ինքնիշանությունը, արտահայտում իր ազատ կարծիքը հանուն (o՜, հիանալի՜ ու ապշեցնո՜ղ խելագարություն) քաղաքական ծրագրերի ու ընկերային պահանջների. մենք բնավ նկատի չունենք այն ընտրողին, ով “գիտե, թե ինչ են այդ ընտրությունները” ու թքած ունի դրանց վրա, նրա մասին, ով ” դրա ամենազորության արդյունքներում” տեսնում է միայն զվարճություն` միապետական երշիկեղենով կամ կերուխում` հանրապետական գինով: Նրա ինքնիշխանությունը հարբելու աստիճան խմելն է` համընդհանուր ընտրությունների ծախսերի հաշվին: Նա ճշմարտության մեջ է, քանզի միայն դա է կարևոր իր համար, իսկ մնացյալը` իր վեջը չէ: Նա գիտե ինչ է անում:
Իսկ մյուսնե՞րը:
Ախ այո՜, մյուսնե՜րը: Լրջադե՜մ, ինքնագո՜հ, ինքնիշխա՜ն ժողովուրդը. նրանք, ովքեր զգում են, թե ինչպես է արբածությունն իրենց պարուրում, երբ նայում են իրար ու ասում. “Ես ընտրող եմ: Առանց իմ ձայնի, ոչինչ չի լինում: Ես արդի հասարակության հիմքն եմ: Իմ կամոք, այսինչը կամ այնինչը օրենքներ է ստեղծելու, որոնց ենթարկվելու են այսքան միլիոն մարդ: Որքա՞ն է դրանց նմանների թիվը: Ինչքան էլ համառ, հպարտ, հակասական լինեն այդ մարդիկ, մի՞թե երբևէ չեն եղել հուսախաբ ու ամոթահար` իրենց արարծից:
Ինչպե՞ս կարող է պատահել, որ ինչ-որ մի տեղ, անգամ Բրետանի խուլ գյուղերում, անգամ Սեվենների կամ Պիրենեյների անհասանելի անձավներում, հանդիպի մի տխմար միամիտ, զուրկ` ողջամտությունից, կույր` այն ամենի հանդեպ, ինչ տեսնում է, ու խուլ այն ամենին, ինչ ասվում է, որպեսզի քվերակի սրա կամ նրա օգտին, չնայած` ոչ մի բան իրեն չի ստիպում դա անել:
Այդ ի՞նչ տարօրինակ զգացմունքի, այդ ի՞նչ խորհրդավոր ներշնչման է ենթարկվում այդ մտածող երկոտանին, որն օժտված է կամքով (գոնե այդպես ասում են) և որը, հպարտ` իր իրավունքով, վստահ, որ իր պարտքն է կատարում, գնում է ինչ-որ ընտրական արկղում գցելու ինչ-որ քվեաթերթիկ, քիչ կարևոր է, թե ինչ անուն է նշել դրա վրա…
Ի՞նչ է նա ասելու ինքն իրեն, որն արդարացնի կամ բացատրի այդ արտառոց արարքը: Ի՞նչ հուսեր է նա փայփայում:
Քանզի, ի վերջո, համաձայնելու համար, որ իրեն տեր դառնան ագահ մարդիկ, որոնք իրեն կուլ են տալիս ու ճզմում, պետք է, որ նա ինքն իրեն ասի ինչ-որ արտակարգ բան ու հույս տածի դրա մասին, որը մենք չենք հասկանում: Պետք է, որ ուղեղի լուրջ շեղումների պատճառով, պատգամավորի մտքերը նրա մեջ համապատասխանեն գիտության, արդարադատության, նվիրումի, աշխատանքի ու ազնվության գաղափարներին. պետք է, որ պատգամավորների անունների մեջ ինքը հայտնաբերի մի հատուկ կախարդանք ու տեսնի` մի միրաժի միջով, թե այս կամ այն պատգամավորի մեջ ինչպես են ծաղկում ու փթթում ապագա երջանկության ու ընկերային կյանքի շութափույթ բարելավման խոստումները:
Ու դա, իսկապես սարսափեցնող է:
Ոչ մի բան իրեն որպես դաս չի ծառայում, ոչ ամենածիծաղաշարժ կատակերգությունները, ոչ էլ` ամենասոսկալի ողբերգությունները:
Սակայն, երկար դարեր իր վեր, ինչ աշխարհը գոյություն ունի, ինչ հասարակությունները հաջորդում են միմյանց` մեկը մյուսին նման, մի երևույթ մշտապես իշխելու է բոլոր պատմությունների մեջ. զոռբաների տիրապետություն, պարկեշտների ճնշում: Ընտրողը չի կարողանում հասկանալ, որ միայն մի դեր ունի կատարելու` վճարել լիքը բաների համար, որից ինքը երբևէ չի օգտվելու, ու մեռնել քաղաքական խաղերի համար, որոնք իրեն բնավ չեն վերաբերում:
Իրեն ի՞նչ, Պողո՞սն է, թե՞ Պետրոսը իրենից փող պահանջում ու խլում իր կյանքը, քանզի ինքը պարտավոր է զրկվել մեկից ու տալ մյուսը:
Բայց, արի ու տես…Գողերի ու դահիճների միջև` նա ունի նախընտրություններ և քվերակում է առավել գիշատիչների ու զոռբաների օգտին:
Նա քվեարկեց երեկ, քվերակելու է վաղը, քվերակելու է միշտ:
Ոչխարները գնում են սպանդանոց: Նրան ոչինչ չեն ասում իրար ու ոչ մի բանի մասին հույս չեն տածում: Բայց ոչխարները գոնե` չեն քվեարկում այն ղասաբի օգտին, ով իրենց մորթելու է, ոչ էլ` պատգամավոր մեծահարուսւի, ով իրեն ուտելու է: Անասունիւց ավելի անասուն, ոչխարից ավելի ոչխարաբարո լինելով` ընտրողը տալիս է իր դահճի անունն ու ընտրում իր բուրժուային: Չ՞է որ ինքը հեղափոխություններ է արել այդ իրավունքը նվաճելու համար:
Ա՛յ պարզամիտ ընտրող, ա՛յ անասելի հիմար, ա՛յ թշվառ արարած…եթե ծեծված ու անհեթեթ խոստումներով խաբվելու փոխարեն, որ դուրս են տալիս ամեն անգամ մեծ ու փոքր ԶԼՄ-ները, որոնց վճարել են քեզ ծուղակը գցելու համար, քիմեռային շողոքորթանքներին հավատալու փոխարեն, որոնցով շոյում են քո սնափառությունը, շրջապատում քո ողորմելի, ցնցոտիավոր ինքնիշխանությունը, եթե չտարվեիր, ո՜վ հավերժական ցանցառ, քաղաքական ծրագրերի խաբեություններով, եթե երբեմն, կրակի մոտ նստած` կարդայիր Շոպենհաուերին, այդ փիլիսոփային, ով լավ գիտե, թե ովքեր են քո տերերը և թե ով ես դու, գուցե զարմանալի ու քեզ համար օգտակար բաներ իմանայիր:
Գուցե այդ ընթերցանությունից հետո, էլ չշտապեիր լուրջ տեսք ընդունել ու հագնել տոնական կոստյումդ և վազել մարդասպան քվեատուփերի մոտ, ուր, ինչ անուն էլ որ նետես այնտեղ, նախօրոք քո ամենաոխերիմ թշնամու օգտին ես քվերակելու: Վերևում հիշատակված իմաստասերը, որպես մարդկային ցեղի գիտակ, քեզ կասեր, որ քաղաքականությունը զազրելի խաբեություն է, որ այնտեղ ամեն ինչ հակառակ է ողջամտության, արդարության ու իրավունքի, և որ դու ոչ մի կապ չունես դրա հետ, դու, որի հաշիվը փակված է մարդկային ճակատագրերի մեծ գրքում:
Դրանից հետո, երազի՛ր, եթե կարող ես, լույսերի ու բուրմունքների դրախտի մասին, անհնարին եղբայրությունների, անիրական երջանկությունների մասին: Լա՜վ բան է երազելը, դա հանգստացնում է տառապանքը: Բայց երբեք մարդուն մի՛ կապիր քո երազանքի հետ, քանզի որտեղ մարդն է, այնտեղ ցավ է, ատելություն ու սպանություն: Մանավանդ, հիշի՛ր, որ այն մարդը, ով քո քվերակությունն է մուրում` ունենալու համար այն հասարակական դիրքն ու հարստությունը, ուր մղում ես նրան, քեզ խոստանում է լիքը հրաշալի բաներ, որ ինքը չի տալու քեզ, և ասենք` իր ձեռքում էլ չէ դրանք տալը: Մարդը, ում դու բարձրացնում ես, չի ներկայացնում ոչ քո թշվառությունը, ոչ քո ձգտումները, ոչ մի բան քեզնից. նա ներկայացնում է միայն իր սեփական կրքերն ու սեփական շահերը, որոնք հակառակ են քո շահերին: Քեզ ոգևորելու և հույսերդ բորբոքելու համար, որոնք արագ ի դերև են ելնելու, հանկարծ չմտածե՛ս, թե այն զազրելի բեմականացումը, որին դու ներկա ես այսօր, հատուկ է ինչ-որ ժամանակաշրջանի կամ վարչակարգի, և կամ, ժամանակավոր է: Քո տան շեմից, որը փակ կլինի քաղաքական ձայներ մուրողների համար, դու կդիտես նրանց կռվշտոցը` հանգիստ ծխելով ծխամորճդ:
Ու եթե, մի անծանոթ վայրում գոյություն ունի մի ազնիվ մարդ, ով ունակ է քեզ կառավարելու ու սիրելու, մի՛ ափսոսա դրա համար: Նա չափազանց նախանձախնդիր է իր արժանապտվության համար, որպեսզի խառնվի կուսակցությունների ցեխակոլոլ պայքարին, չափազանց հպարտ` քեզնից մանդատ մուրալու համար, որը դու տալիս ես միայն ցինիկ զոռբային, քեզ վիրավորողին ու խաբեբային:
Ես ասացի քեզ, պարզամիտ ընտրող, գնա՛ տուն ու ձախողի՛ր ընտրություններ կոչվածը:

le Figaro, 28 Novembre 1888

Ֆրանսերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Նույն շարքից