Բարի օր Մշակույթ 

Ընթերցանության ժամ. Էզրա Փաունդ

analitik.am

ԵՐԳ ՎԵՐԺԻՆԱԼԻ ՀԱՄԱՐ

Ոչ, ոչ, հեռացեք, արդեն լքել եմ նրան,
Ու չեմ պղծի ասպարս բծերով նոր ու սև,
Օդը հիմա այնպես ջինջ է ու թեթև:
Փոքր էին ձեռքերը, բայց և զորեղ այնքան,
Որ ինձ բանտեցին եթերային քողով:
Մի փշեպսակ էր մաքրությունը դալար, -
Բայց այդ կնոջ մեջ կախարդանք էլ կար,
Որ պատյանի մեջ պահեց ինձ դողով:
Ոչ, ոչ, հեռացեք, մեղմ զեփյուռի հետ
Ես նորից զգում եմ բույրը անտառի.
Ձմռան վերքերը ապրիլը պոկում`
Եվ ամեն ինչ է իր ձեռքով ամոքում:
Իսկ այս կնոջ կյանքը ճերմակ է հավետ,
Ճերմակ է, ինչպես կեղևը ծառի:

(1912)

ԱԼԲԱ

Սառը, ինչպես գունատ ու թաց տերևները հովտաշուշանի,
Նա պառկեց իմ կողքին` լուսաբացի մեջ:

(1913)
ԱՂՋԻԿ
Ծառը մտել է ձեռքերիս մեջ,
Բուսահյութը բարձրանում է իմ բազուկներով,
Ծառը կրծքիս մեջ է աճել
Դեպի ներքև,
Բազուկների պես`
Ճյուղերը դուրս են աճում ինձնից:
Ծառ ես դու,
Մամուռ եմ ես,
Մանուշակներ ես հողմերի ներքո:
Երեխա ես դու - բարձր այնքան,
Եվ այս ամենը անմտություն է աշխարհի համար:
(1912)
ՈՂՋՈւՅՆ
Սերունդ լիապես ինքնագոհների
Եվ լիապես անճարակ սերունդ:
Ես տեսել եմ
Ձկնորսների խնջույքն արևի տակ,
Տեսել եմ նրանց` անփույթ ընտանիքներով,
Տեսել եմ նրանց ժպիտները` ատամներով լի,
Լսել եմ նրանց ծիծաղն անշնորհք,
Եվ ես երջանիկ եմ առավել, քան դուք,
Իսկ նրանք ինձնից երջանիկ են,
Մինչ ձկները լողում են լճում ամբողջովին մերկ:
(1913)
ՄՆԱՑՅԱԼՆԵՐԸ

Օ, անօգնական փոքրամասնություն,
Օ, դու`ստրկացած փշուրք իմ երկրի:
Արվեստագետներ` գլուխ բարձրացրած,
Մոլորյալ, կորած` հեռավոր գյուղերում,
Արհամարհված, ընդդիմացած:

Գեղեցկության սիրահարներ,
Սովահար, անհաշտ` համակարգերի դեմ,
Տկար ու անզուսպ:

Դուք, որ չգիտեք ինքներդ ձեզ մաշել`
Հաջողությանը անվերջ փակչելով,
Դուք, որ գիտեք սոսկ պոռոտախոսել
Եվ չեք էլ կարող լինել անողոք:
Գերզգայո՜ւն մարդիկ,
Կոտրված` շինծու գիտելիքների դեմ,
Դո՛ւք, որ ամեն ինչ անգիր գիտեք,
Ատելի, փակված, արհամարհված:
Գիտցեք,
Ես փոթորիկն եմ կտրել ու անցել,
Ես կրել եմ տանջանքն աքսորի:

թարգմանեց ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆԸ
Սկզբնաղբյուր` hs-poetry.blogspot.am

Նույն շարքից