Վերլուծական գլխավոր 

Պե՞տք է Հայաստանին «Պատրիոտ» օրենքը

Դեռևս մարտ ամսին, երբ բոլորը Վահան Մարտիրոսյանին ընդունում էին որպես զոհ, իսկ ինքն էլ ոչ մի ռեսուրս չէր խնայում իրեն զոհի կարգավիճակով ներկայացնելու համար, Analitik.am-ը դիմեց ՀՀ իրավապահ մարմիններին  հրապարակումով  առ այն, որ դա   ընդունեն որպես հանցագործության մասին հաղորդում  և հետամուտ լինել, որպեսզի կանխվի Վահան Մարտիրոսյանի հակաօրինական գործողությունները, որոնք միտված են իր հետ բացարձակ կապ չունեցող կազմակերպությունների բարի համբավը արատավորելուն: Հիշեցնենք, որ սա  Վահան Մարտիրոսյանի հակաօրինական գործողությունների մասին առաջին հաղորդումն էր իրավապահ մարմիններին: Նա  Analitik.am-ի անունից շորթման փորձ էր կատարել:

Դեռ այդ ժամանակահատվածից տպավորություն էր ստեղծվել, որ Վահան Մարտիրոսյանը հովանավորներ ունի իրավապահ մարմինների բարձր օղակներից որևէ մեկում՝ կարծես ինչ-որ անտեսանելի ձեռք նրան միշտ փրկում էր իրավական պատասխանատվությունից: Իհարկե, նրա անվան շուրջ միշտ եղել են հանցագործության տարրեր պարունակող բազմաթիվ մութ պատմություններ, սակայն դրանց ընթացք չի տրվել:

Այժմ անդրադառնանք Վահան Մարտիրոսյանի վերջին ստոր քայլին՝ Ադրբեջանին հանձնվելուն և նրա խայտառակ ասուլիսին: Այս երևույթի բացասական կողմը միջազգային հանրության հնարավոր արձագանքն է, սակայն այդ արձագանքը, ըստ երևույթին տեղի չի ունենա,  քանզի  շատ կարճ ժամանակ անց բոլորը կհասկանան, որ նա ընդամենը հետախուզության մեջ գտնվող հանցագործ էր, ով պատժից խուսափելու խնդիր էր լուծում:  Վահանի հորինած լեգենդը շատ կարճ կյանք ունի, որին կհաջորդի իրականության դաժան ապտակը:

Ինչևէ, Վահանի Բաքվի ասուլիսի և  այնտեղ հնչեցրած ՀՀ-ում քաղաքական հետապնդումների ենթարկվելու մասին  հայտարարությունների հետ կապված հետաքրքիր կլիներ իմանալ, օրինակ,  Շանթ Հարությունյանի տեսակետը: Քանզի Վահանը նաև, այսպես ասած, լավություն արեց ՀՀ իշխանություններին՝ հալածյալ ընդդիմադիրի կերպարն ասոցացնելով դավաճանի հետ:  Նա երկար ժամանակ ՀՀ-ում հանդես էր գալիս պայքարող և հալածվող ակտիվիստի դիմակով, ով ի վերջո նետվում է Ադրբեջանի գիրկը: Այսուհետ բոլոր ընդդիմադիր ակտիվիստները  հասարակության աչքերում  ասոցացվելու են Վահանի կերպարի հետ:

Այստեղ տեղին է հիշել սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությունը կամ, ավելի կոնկրետ, այդ ահաբեկչությունից հետո ԱՄՆ-ում տիրող ներհասարակական ճգնաժամի հաղթահարման փորձերը:  ԱՄՆ իշխանությունը հետաքրքիր դասեր քաղեց այդ ողբերգությունից և ԱՄՆ քաղաքացիների պահանջով ԱՄՆ սենատում շրջանառության դրվեց «Պատրիոտ» օրինագիծը, ըստ որի, հաշվի առնելով սեպտեմբերի 11-ի աննախադեպ ահաբեկչությունը և պետության անվտանգությունը  վեր դասելով ամեն ինչից, որոշակի սահմանափակումներ մտցվեցին քաղաքացիական ազատությունների մասով: ԱՄՆ ուժային կառույցներին իրենց գործողություններն իրականացնելու համար ավելի լայն լիազորություններ տրվեցին՝ խուզարկություններ, հետաքննություններ, գաղտնալսումներ և այլն: Ուժային կառույցներին տրվեց այնպիսի իրավունքներ, որոնք հնարավորություն կտային հայտնաբերել և կանխել պետության անվտանգությանը սպառնացող վտանգները դեռևս սաղմնային փուլում: Փոխարենը՝ որոշակիորեն սահմանափակվեցին քաղաքացիների ազատությունները:

Նշենք նաև, որ այս օրինագծի ընդունումը հասարակ ամերիկացու  պահանջն էր սեփական կառավարությունից, քանզի սեպտեմբերի 11-ը ցույց տվեց, որ նրանց կյանքն այնքան էլ անվտանգ չէ, ինչպես ընդունված էր ցուցադրել հոլիվուդյան ֆիլմերում:

Մեր երկրում այլ իրավիճակ է՝ մենք միշտ քննադատել ենք բոլոր այն մարդկանց և կառույցներին, որոնք աշխատում են  հասարակության  անվտանգությունն ապահովելու համար: Այս առումով, Վահան Մարտիրոսյանի արարքի միակ դրական կողմն այն էր, որ նա բոլորին՝  իշխանամետ, թե ընդդիմադիր, ոստիկան, թե ակտիվիստ, ռուսամետ, թե եվրոպամետ,  համախմբեց իր՝ դավաճանության էտալոնի դեմ: Բոլորը հասկացան, որ քաղաքացիական ազատությունների մուտացիան կարող է ուղղակի  պետության և հասարակության դեմ օգտագործվել:

Արդյոք ՀՀ իշխանությունը կգնա ԱՄՆ օրինակով և ուժային կառույցներին իրենց  գործողությունների մեջ հավելյալ ազատություններ կընձեռնի, ցույց կտա ժամանակը:

Սա ամենալավ շրջանն է, որպեսզի տարաջատենք ընդդիմադիրներին Ադրբեջանի, Թուրքիայի գործակալներից և մեր երկրում հասարակական-քաղաքական գործունեության անվան տակ  այլ երկրների շահերի սպասարկուներից:

Նույն շարքից