Վերլուծական գլխավոր 

Սիրիական իրավիճակ և... Երրորդ համաշխարհայինի ուրվականի հայտնությու՞ն

Վերջին օրերին Սիրիայում տեղի ունեցող ռազմական գործընթացները, ռուսական զորքի մուտքը Սիրիա՝ վկայությունն են այն բանի, որ Սիրիան արդեն բռնել է դեպի հաղթանակ տանող ճանապարհը: Այսինքն, 2011 թվականին սկիզբ առած պատերազմական գործողությունները, որոնց արդյունքում գրեթե կազմաքանդվեց Սիրիան, միլիոնավոր սիրիացիներ հեռացան երկրից, հարյուր հազարավորները զոհվեցին՝ մոտենում են իրենց հաղթական ավարտին՝ հօգուտ Սիրիայի: Սա նշանակում է, որ Բարաք Օբամայի մերձավորարեւելյան քաղաքականությունը հերթական պարտությունը կրեց, հերթական անգամ ԱՄՆ նախագահին չհաջողվեց լիակատար հաղթանակի հասնել տարածաշրջանում: Իրաքում տեղի ունեցած ռազմական գործողությունները Օբամայի առաջին ու մեծ խայտառակությունն էին, երբ պարզվեց, որ ԱՄՆ-ն առաջնորդվել էր սխալ հաշվարկներով: Իհարկե, Իրաքը մինչև այսօր գտնվում է ռազմական գործողությունների շրջանակի մեջ, տեղի են ունենում քաղաքացիական պատերազմին բնորոշ գործընթացներ, ահաբեկչություններ, որոնք հարյուրավոր մարդկանց կյանքեր են խլում, սակայն Օբամային այդպես էլ չհաջողվեց Իրաքն ամբողջապես առնել իր ազդեցության տակ: Նույնը տեղի ունեցավ Սիրիայում: Զինելով և աջակցելով այսպես կոչված հեղափոխական ուժերին, որոնք, ըստ էության, անջատողականներ են և ԻՊ-ի զինյալներ, Օբաման խնդիր դրեց Ասադի հեռացումն իշխանությունից և այստեղ ամերիկյան տիրապետության հաստատումը՝ քայքայելով Սիրիայի հզոր տնտեսությունը: Թվում էր, թե արդեն Սիրիան, իբրեւ Մերձավոր Արեւելքի խոշորագույն տերություն, վերանում է քարտեզից, սակայն Ասադն ու սիրիացի ժողովուրդն իրենց մեջ ուժ գտան պայքարելու և պահպանելու պետականությունը: Ռուսաստանի ներգրավումը սիրիական գործողություններին ոմանք համարում են Ռուսաստան-ԱՄՆ գաղտնի պայմանավորվածությունների արգասիք: Սակայն հազիվ թե Ռուսաստանը համագործակցեր ԱՄՆ-ի հետ, երբ վերջինս է ղեկավարում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաստատման գործընթացները: Հիմա բավական բարդ իրավիճակի առջեւ է կանգնում նաև Իսրայելը, որը տարածաշրջանում ԱՄՆ ամենահուսալի գործընկերն է և սիրիական պատերազմի ոգեշնչողներից մեկը՝ Թուրքիայի հետ: Թուրքիան զբաղված է ներքին խնդիրներով, քրդերի ոչնչացմամբ, ինչի նպատակը քրդական պետության ստեղծման խոչընդոտումն է, Էրդողանի կուսակցության հաղթանակի ապահովումն է նոյեմբերին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններում: Կորցնելով Թուրքիայի աջակցությունը, Իսրայելը հազիվ թե կարողանա միայնակ ելնել Սիրիայի դեմ, որն ուշքի է եկել և անցել հակագրոհների...Սակայն ԱՄՆ-ը չի հանդուրժի, որ կորցրած համարի իր ազդեցությունները Մերձավոր Արեւելքում, զրկված լինի նոր աշխարհաքաղաքական զարգացումներում իր ձայնը հնչեցնելուց, իր շահերը ամրապնդելուց: Հետևաբար Սիրիա-Ռուսաստան նոր համագործակցությունը կարող է ԱՄՆ-ին մղել զինելու Իսրայելին ընդդեմ Սիրիայի, համոզելու Էրդողանին՝ դադարեցնելու երկրի ներսում ռազմական գործողություններն ու առճակատումները և միանալով Իսրայելին՝ Սիրիային առնել աքցանի մեջ: Սա արդեն, ըստ մասնագետների, կարող է նոր համաշխարհային պատերազմի սկիզբը դառնալ:

ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Նույն շարքից