Վերջին շրջանում Սիրիայի Լաթաքիա քաղաքը հիմնական ազդեցիկ պարբերականների ու ամսագրերի առաջին էջերում է հայտնվել: Դատելով իրադարձությունների զարգացումից, հենց այս շրջանում են բախվում Մոսկվայի ու Վաշինգտոնի գլոբալ ռազմա-քաղաքական հակասությունները:
Ամերիկացիների վստահեցմամբ ռուսները Լաթաքիայի Բասել ալ-Ասադ ռազմական օդանավակայանի տարածքում, որ ավելի վաղ օգտագործում էին սիրիացի զինվորականները, ռեկորդային տեմպերով ձեռնամուխ են եղել օպերատիվ-տակտիկական նշանակության ռազմաբազայի շինարարությանը:
Պաշտոնական Մոսկվան դեռեւս պետական մակարդակով այդ լուրերը չի հաստատում, ինչն իրավիճակը ընդհանրապես չի փոփոխում: Այո՛, կառուցում է ու ոչ ոքից չի թաքցնում: Այո՛, շտապում է: Հարց է առաջանում՝ ինչու՞:
Հարցին պատասխանելու համար նախ դիտարկենք վերջին հաղորդագրություններն, որոնք նախեւառաջ ապացուցում են հանգամանքն, որ ՌԴ գենշտաբի համար ներկայումս Միջերկրական ծովում, իրոք, գոյություն չունի առավել կարեւոր քաղաք, քան Լաթաքիան է:
Ամերիկյան The New York Times պարբերականի տվյալներով վերջին շրջանում Ռուսաստանից Սիրիայի Բաս ալ-Ասադ օդանավակայան է տեղափոխվել 4 Սու-30 գերժամանակակից ռմբակոծիչ, հակաօդային պաշտպանության 2 Պանցիր-C1 հրթիռային համակարգ, երկու Մի-24 ու եւս երկու բազմաֆունկցիոնալ Մի-17 ուղղաթիռ:
Կիրակի օրը Լաթաքիայում տեղակայված ռուսական ավիացիան համալրվել է Սու-24 տեսակի 4 մարտական ռմբակոծիչով, որոնք ռազմա-տրանսպորտային Իլ-76 ինքնաթիռի ուղեկցությամբ Մոզդոկից Իրանի օդային տարածքով հասել են Սիրիա:
ԿՀՎ-ին մոտ կանգնած Stratfor գործակալության տվյալներով կառուցվող ռազմաբազայի մոտակայքում տեղակայվել է ռուսական տակտիկական գումարտակը, որի կազմում են մոտոհրաձգային 2 ու մեկ տանկային վաշտ: Մարտական պատրաստվածության է բերվել հրետանային մարտկոցը:
Գործակալության տվյալներով Ռուսաստանը Սիրիա կատարվող բեռնափոխադրումների համար օգտագործում է Ան-124 ծանր տրանսպորտային ինքնաթիռներ ու նավեր:
Միաժամանակ, առաջիկայում հայտնի կդառնա, որ Ռուսաստանն իրականում ձգտում է Սիրիայում վերահսկել 2 ռազմաբազա: Երկրորդը դառնալու է Լաթաքիայից 90 կմ հեռավորության վրա գտնվող Տարտուսը:
Իրականում ռուս զինվորականները այստեղ են 1971 թ-ից, երբ Դամասկոսի հետ համաձայնությունից հետո Տարտուսում կազմավորվեց խորհրդային ռազմածովային նավատորմի 5-րդ օպերատիվ էսկադրայի 720-րդ նյութատեխնիկական ապահովածության հենակետը:
Իրականում Տարտուսը իսկական ռազմաբազա, որպես այդպիսին, երբեք չի եղել: Փոքրիկ տարածք, 2 նավահանգրվան, գլխավոր շտաբի շինություն ու մեխանիկական մի քանի արհեստանոց:
Կառույցի պաշտպանությունն իրականացրել են Սեւաստոպոլի նավատորմի ընդամենը 40 ծովային հետեւակայիններ: Սակայն, նույնիսկ նման աննշան միջոցներով ապահովում էր Հյուսիսային ու Բալթիկ ծովերից Միջերկրականում հայտնված սովետական նավերի ու սուզանավերի վերանորոգումը:
Միաժամանակ Տարտուսը ծովում շուրջ մեկ տարի նավարկող նավաստիներին շունչ քաշելու հնարավորություն էր ընձեռում: Նավաստիների ֆիզիկական ու հոգեբանական հոգնածությունը մտահոգում էր Մոսկվային:
ԽՍՀՄ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար Սերգեյ Գարշկովը նույնիսկ բանակցություններ էր վարում Հարավսլավիայի հետ, որպեսզի հնարավորություն ստեղծվի 5-րդ օպերատիվ էսկադրայի նավերի համար մուտք գործել Դուբրովնիկ: Ծրագրավորված էր այնտեղ վարձակալել հյուրանոց ու պետական միջոցներով Դուբրովնիկ հասցնել նավաստիների կանանց ու երեխաներին: Սակայն, Հարավսլավիան մերժեց, իսկ միակ վայրը, որտեղ կարող էին հանգրվանել նավաստիները, շարունակեց մնալ Տարտուսը:90-ականներին 5-րդ էսկադրան վերակազմվեց ու ռուս նավաստիները գրեթե ամբողջությամբ լքեցին Միջերկրականը:
Տարտուսի նավահանգրվանները դատարկվեցին ու բազայի ճակատագիրը հայտնվեց մազից կախված վիճակում: Մոսկվայում կարող էին նավահանգստից հեռանալու որոշում կայացնել, ինչպես դա կատարվեց Վիետնամում, որտեղ տեղակայված էր խաղաղօվկիանոսյան 17-րդ օպերատիվ էսկադրան: Սակայն, ինչ-որ հրաշքի շնորհիվ Տարտուսը մնաց, ու այժմ, երբ Ռուսաստանը ձեռնամուխ է եղել նավահանգստի վերակառուցմանը, ակնհայտ է դարձել ռազմաբազայի կարեւորությունը:
Ռուսաստանյան մամուլի տեղեկացմամբ, նախատեսվում է Տարտուսի ռազմաբազայի նյութատեխնիկական ապահովածության աշխատակիցների թիվը հասցնել 1700-ի: Սակայն Ռուսաստանի վերահսկողության ներքո գտնվող տարածքում այդքան մարդ անհնար է տեղավորել, ուստի, Մոսկվան պայմանավորվածություն է ձեռք բերել Դամասկոսի հետ՝ ռազմաբազայի ընդյալնման նպատակով շինարարություն սկսելու վերաբերյալ: Արեւմուտքի արձագանքը միանշանակ է: Լաթաքիան… իսկ այժմ նաեւ Տարտուսը:
Արեւմտյան լրատվամիջոցները ողողվեցին պրոպագանդիստական հրապարակումներով . «Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բաշար Ասադին»: Արեւմուտքից հրամցվող հաջորդ տեսակետը. «Ռուսները Սիրիայում են, որպեսզի Բաշար Ասադի հետ մարտնչեն ԻՊ ահաբեկիչների դեմ»:
Սակայն, այս վարկածն էլ քիչ հավանական է: Հարց է առաջանում՝ ու՞մ դեմ են ուղված գերժամանակակից հրթիռներով հագեցած Սու-30 ռմբակոծիչները: Կամ վերջապես ու՞մ դեմ են ուղված հակաօդային պաշտպանության համակարգերը: Չէ՞ որ ԻՊ խմբավորումը չունի սեփական օդուժ: Իսկ ռուսական մեկ հրետանային մարտկոցն ու մոտոհրաձգային ու տանկային մեկական վաշտերը ընդունակ չեն փոխել ռազմական գործողությունների ընթացքը: Բայց ապահովել ռազմական օդանավակայանի պաշտպանությունը նրանք լիովին կարող են:
Արեւմուտքը անտեսում է իրողությունն, որ Մոսկվային ընդհանրապես չի հետաքրքրում, թե մի քանի տարի անց ով կդառնա Սիրիայի նախագահ: Ռուսաստանը հետապնդում է իր ստրատեգիական շահերը՝ 2020թ-ին ունակ լինել դիմակայելու Միջերկրականում մանեւրող ամերիկյան 6-րդ նավատորմին, իսկ դրա համար անհրաժեշտ են նավեր ու ռազմաբազաներ:Ռուսաստանը ակտիվորեն ձեռնամուխ է եղել ռազմանավերի շինարարությանը, որոնց համար անհրաժեշտ կլինեն նոր ռազմաբազաներ:
Ուստի, եթե իրավիճակը Սիրիայում հնարավորություն է ընձեռում լուծել այդ խնդիրը, ապա հարց է առաջանում՝ ինչու՞ չօգտվել ու շտապ չլուծել այդ խնդիրը:
Իսրայելական հատուկ ծառայությունների նախկին ղեկավար Յակով Կեդմինը ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք չի թաքցրել իր ռազմական ներկայությունը Սիրիայում, երբեք չի թաքցրել, որ սատարում է Ասադի վարչախմբին, երբեք չի քողարկել, որ ռազմական օժանդակություն է ցուցաբերում Դամասկոսին, ուստի միանգամայն աբսուրդային է հանգամանքն, որ այդ մասին այժմ սկսել են խոսել ողջ աշխարհով մեկ:
Ուղղակի Ռուսաստանը ձգտում է ամրապնդել իր ռազմական ներկայությունը Միջերկրականում եւ ահաբեկիչների ծովափ դուրս գալու դեպքում ապահովել Տարտուսի պաշտպանությունը: Չպետք է անտեսել նաեւ իրանական գործոնը:
Իրանի հրահանգով Ասադի ենթակա կառավարական ուժերի շարքերում մարտնչում են լիբանանյան «Հեզբոլահ» շարժման շուրջ 6000 զինյալները: Սակայն, միանգամայն օրինաչափ է, որ հարկ եղած դեպքում իր վաղեմի դաշնակից Ասադի տապալումը բացառելու նպատակով, Իրանը պատրաստ է դեպի Սիրիա շարժել նոր զորամիավորումներ:
Նման պայմաններում բնական է, որ Ռուսաստանի գլխավոր շտաբն ամրապնդում է Տարտուսի ու Լաթաքիայի իր հենակետերը՝ այնտեղ տեղափոխելով ռմբակոծիչներ ու զրահատեխնիկա: Մոսկվան՝ Դամասկոսի հետ համաձայնություն կայացնելով, նպատակ է հետապնդում առաջիկա տասնամյակներում ամուր հիմնավորվել Միջերկրականի ափերին:
Հովիկ Պետրոսյան