Բարի օր Մշակույթ 

Ընթերցանության ժամ. Էմիլի Դիքինսըն

analitik.am

ԲԱԽՏԸ ՔԱՂՑՐ Է ՆՐԱ ՀԱՄԱՐ

Բախտը քաղցր է նրա համար,

Ում բախտը չի բերել երբեք.

Քաղցր հյութն զգալու համար

Մեծ պապակ է պետք:

Հաղթողներից և ոչ մեկը,

Ում դրոշը ցոլաց անթարթ,

Չգիտե, թե ինչ ասել է

Լինել միշտ անպարտ:

Մեռնող պարտվածն այն լավ գիտե,

Ում ականջին հեռվում պայթեց

Ցավոտ, սակայն այնպես հստակ

Հաղթանակը մեծ:

 

ՓՈԽԵ՞Լ ԿՆՈՋ ԶԳԱՑՄՈՒՆՔԸ

Փոխե՞լ կնոջ զգացմունքը –

Երբ ուղեղս գցեն դուրս,

Կտրեն պեպենոտ կուրծքը,

Դեմքիս դնեն թավ մորուս:

Շիկնի´ր, ոգիս, քո ամրոցում,

Շիկնի´ր, փոշի իմ անհայտ,

Ճշմարտությունն այն յոթ տարին

Կնությունից թանկ է շատ:

Սեր, որ չանցավ իր խոռոչը,

Հավատ` ցավի որջում նեղ,

Կրակն է նրա պարգևը,

Ցավը չունի ոչ մի դեղ:

Ես կրել եմ միշտ իմ բեռը,

Ոչ ոք թագս չի տեսել.

Մինչ մայրամուտ փուշ եմ հագնում,

Հետո թագս ոսկեթել:

Իմ խորհուրդը պատանքավոր,

Որ կմնա միշտ այսպես,

Մինչ մի օր նրա տերը

Գերեզմանով գա դեպի քեզ:

 

ՀՈՒՅՍԸ ԵՐԳՈՂ ՄԻ ԹՌՉՈՒՆ Է

Հույսը երգող մի թռչուն է,

Թափառում է նա հոգում`

Ու գեղգեղում առանց բառի,

Երբեք նա չի հոգնում:

Անուշ է երգը սյուքի հետ,

Մրրիկն` անգութ այնպես,

Որ սառեցնում է թռչնակին,

Որ տաքացնում էր մեզ:

Լսել եմ երգը ցուրտ երկրում,

Եվ ծովերում անտակ,

Բայց նա երբեք վհատվելիս

Ինձնից չուզեց փշրանք:

 

 

անգլերենից թարգմանեց ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆԸ

Սկզբնաղբյուր` hs-poetry.blogspot.am

Նույն շարքից