Մշակույթ Հասարակություն 

16 տարի եթեր եմ դուրս եկել ու ասել «Բարի երեկո, խոսում է Երևանը». Զառա Արամյան

«Էրեբունի-Երևան 2797»-ին ընդառաջ մենք զրուցեցինք ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ ժուրնալիստների միության անդամ, ԿՄԱ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, դերասանուհի, հաղորդավարուհի Զառա Արամյանի հետ։

1. -Ի՞նչ նշանակություն ունի Ձեր ընտանիքի համար Էրեբունի-Երևան տոնակատարությունը

- Էրեբունի-Երևանն այն տոնն է, որն ինձ հետ է միշտ ու դեռ շատ փոքր հասակից, քանի որ հայրս եղել է տոնակատարությունների երաժշտական մասի ղեկավարը: Հիշում եմ՝ ի՞նչ եռանդով ու նվիրումով էր պատրաստվում հայրս, համագործակցում տարբեր երաժշտական խմբերի հետ, հյուրեր ընդունում և այդ ամենն ինձ հետ է, իսկ հիմա ես շատ եմ տխրում, որ այդ տոնակատարությունը կարող է չլինել:

2.- Երևանում սիրելի վայր ունե՞ք - Երևանում ամեն մի ծառը, ամեն հին ու նոր փողոցն ու շենքն ինձ համար թանկ է: Ես գիտեմ Երևանիս բոլոր փողոցները՝ ուղիղ, թե շրջանցող: Երևանն իրոք իմ սիրտն է: Անգամ կարճ ժամանակ բացակայելուց հետո Երևան մտնելուն պես սիրտս ցնցվում է կարոտից:

3.- «Իմ ջերմ ու բարի քաղաք». ի՞նչ զգացողություն է առաջացնում այս միտքը

- Ծնվել եմ Սարյան փողոցում, որին մոտ է Կոնդ թաղամասը, որտեղ մարդիկ շատ խիտ էին բնակեցված, բայց շատ ջերմ էին ու բարի իրարու հանդեպ: Հիմա տեսնում եմ լայն փողոցներ ու բարձրահարկ շենքեր՝ լուսավոր ու լավ բնակարաններով, ի սրտե ուրախանում եմ քաղաքացիներիս համար: Քաղաքով քայլում եմ և տեսնում նոր տեղադրված նստարանները, լուսավորված փողոցները և այս ամենից ավելի եմ ուրախանում ու հասկանում, որ Երևանն իրոք իմ ջերմ ու բարի քաղաքն է: Քննադատություններ եմ լսում իմ հասցեին , բայց դրանք պետք է լինեն հիմնավոր կարծիքներ, ոչ թե զուտ անձնական բնույթի կամ էմոցիաների արտահայտում: Չեմ հասկանում և ընդունում անձնական բնույթի վիրավորանքները, որոնք առողջ քննադատությունից շատ հեռու են: Այդ քննադատությունները լսում եմ այն մարդկանցից, ովքեր թե՛ հայրենիքի, թե՛ Երևանի համար իմ արածների կեսն էլ չեն արել: Ես մութ ու ցուրտ տարիներին ամեն օր սառը տաղավարներից եթեր եմ դուրս եկել ու ասել «Բարի երեկո, խոսում է Երևանը»: 16 տարի Երևանը խոսել է իմ ձայնով: Ամբողջ աշխարհին ես պատմել եմ մեր հաղթանակների և ունեցած կորուստների մասին՝ քաջ գիտակցելով, թե ինչպես այն մատուցել, որ ժողովուրդը չընկճվի, պայքարի, ու հաղթենք միասին, իսկ այսօր ես այդ քննադատների համար քաղքենի եմ, ավելին ասեմ նրանք նաև իմ կիլոգրամներն են քննադատում: Ամեն մարդ ունի իր խոցելի տեղերը, բայց ես սիրված եմ ու ինքս սիրում եմ, երեխաներիս համար ես ամենալվն եմ ու գեղեցիկն եմ, ես քննադատություններին այդ մասով չեմ պատասխանում, քանի որ քննադատողների թերություններն էլ քիչ չեն:

Որպես ամփոփում ասեմ, որ ես գնալու եմ Էրեբունի-Երևան տոնակատարությանը, ես սիրում եմ այդ տոնը և քիչ բան չեմ արել Երևանիս համար: Գուցե մի քիչ էգոիստաբար եմ ասում, բայց կգնամ այդ տոնին իմ ծնողին մեծարելու և իմ զավակի պարտականությունը կատարելու միտումով. ես սպասում եմ այդ տոնին:

Նույն շարքից