Իրավական 

Գլխավոր դատախազի դիրքորոշումը չի փոխվել

analitik.am

Դատախազության նախորդ տարվա գործունեության մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած հաղորդման շուրջ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի հունվարի 22-ի նիստում ծավալված քննարկումների և զանգվածային լրատվամիջոցներով տարածված հրապարակային մեկնաբանությունների վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Ազգային Ժողովում, դեռ իր թեկնածության քննարկման ժամանակ է դրական արտահայտվել և ողջունել դատախազության աշխատանքի տարեկան հաշվետվություն ներկայացնելու վերաբերյալ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարցադրումը, շեշտելով, որ «չնայած օրենքով սահմանվում է, որ դատախազը հաղորդում է ներկայացնում ԱԺ-ին, ու չի հստակեցվում` դա գրավոր է, թե բանավոր, բայց եթե ԱԺ օրենքում համապատասխան փոփոխություններ լինեն, այդ հաղորդումը կներկայացվի ԱԺ նիստին»:

 

 Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության կայքում տեղադրված հաղորդագրությունից, որում ասվում է. «ՀՀ գլխավոր դատախազի դիրքորոշումը չի փոխվել, այլ հակառակը՝ գլխավոր դատախազությունը կարևորում է այդ ոլորտում իրավահարաբերությունների կարգավորումը, քանի որ ընդհանուր առմամբ, այդ իրավակարգավորումները բխում են պետական իշխանության մարմինների գործունեության հրապարակայնության պահանջներից:

 

ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացրել է իր նկատառումները «Ազգային ժողովի կանոնակարգ», Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», և «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ, գտնելով, որ Նախագծում առկա են համակողմանի քննարկման կարիք ունեցող էական և սկզբունքային մի շարք հարցադրումներ: Մասնավորապես այդ հարցադրումները առնչվում են սահմադրականության համապատասխանության, նախաքննության գաղտնիքի պահպանման, կոնկրետ քրեական գործերի հրապարակային քննարկմամբ դատավարության կողմերի օրինական շահերի և իրավունքների պաշտպանության և հաշվետվության ներկայացման ժամկետների խնդիրներին:

 

Նկատի ունենալով ՀՀ գլխավոր դատախազության դիրքորոշման և բարձրացրած հարցերի շուրջ ծագած հակասական մեկնաբանությունները, և խուսափելու համար հետագա թյուրըմբռնումներից, ստորև ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության` ՀՀ կառավարություն ներկայացրած ամբողջական պատասխանը. 

 

Արդարադատության առաջին դասի խորհրդական Է.Բաբայան 

ԿԱՐԾԻՔ

 

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում 
կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության 
օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 
օրենքների նախագծերի վերաբերյալ

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում 
լրացում կատարելու մասին», և «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը (այսուհետ` Նախագիծ) նպատակ ունեն կարգավորելու ՀՀ դատախազության նախորդ տարվա գործունեության մասին ՀՀ  գլխավոր դատախազի ներկայացրած հաղորդումը ՀՀ Ազգային ժողովում քննարկելու հետ կապված հարաբերությունները: Հարկ է նշել, որ նախագծի առկա իրավակարգավորումներն, ընդհանուր առմամբ, բխում են պետական իշխանության մարմինների գործունեության հրապարակայնության պահանջներից: Սկզբունքորեն դեմ չլինելով ՀՀ դատախազության նախորդ տարվա գործունեության մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած հաղորդումը ՀՀ Ազգային ժողովում քննարկելու իրավակարգավորմանը` այնուամենայնիվ, Նախագծում առկա են համակողմանի քննարկման կարիք ունեցող էական և սկզբունքային մի շարք հարցադրումներ:

Այսպես,

 

1. ՀՀ Սահմանադրության 62-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ։ Այս նորմից բխում է, որ այլ օրենքներով Ազգային ժողովին լիազորությունների վերապահումը սահմանադրականության տեսանկյունից կարող է համարվել խիստ խոցելի:

 

Նախագծով առաջարկվում է Ազգային ժողովին վերապահել ՀՀ դատախազության նախորդ տարվա գործունեության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի հաղորդումը քննարկելու լիազորություն: Այս առումով առաջարկում ենք լրացուցիչ անդրադառնալ այն հարցին, թե «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով Ազգային ժողովին նման լիազորություն վերապահելն արդյոք համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Քանզի հարկ է նկատել նաև, որ օրինակ՝ Վերահսկիչ պալատի կողմից վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվության ներկայացումն Ազգային ժողով սահմանված է ՀՀ Սահմանադրության 83.4-րդ հոդվածով:

 

2. Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման շուրջ անցկացվող քննարկումները իրենց հիմքում պետք է ունենան կոնկրետ քրեական գործերով նախնական քննության և օրենքով պաշտպանվող այլ տեղեկությունների ու տվյալների պահպանման իրավաչափ նպատակ: Առանձին քրեական գործերի քննության ընթացքի կամ առանձին դրվագների վերաբերյալ ՀՀ գլխավոր 
դատախազից պարզաբանումներ պահանջելը կարող է դառնալ քաղաքական կուսակցությունների կամ առանձին պատգամավորների կողմից քաղաքական շահարկման առարկա:

 

3. Նախագծում նշվում է, որ հարակից զեկուցմամբ հանդես է գալիս պետաիրավական ոլորտի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը: Անհասկանալի է, թե պետաիրավական հանձնաժողովն ինչ նպատակով է հարակից զեկուցմամբ հանդես գալու, այդ զեկույցում ինչ հարցեր են քննարկվելու: Բանն այն է, որ ՀՀգլխավոր դատախազի հաղորդումը ՀՀ Նախագահին և ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու պահից դառնում է վերջնական փաստաթուղթ, որի մեջ որևէ փոփոխություն չի կարող կատարվել, ուստի անհասկանալի է, թե պետաիրավական հանձնաժողովն ինչ տեսանկյունից պետք է քննարկման առարկա դարձնի ավարտուն փաստաթուղթը:

 

4. Նախագծում սահմանված է, որ ՀՀ գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի` մինչև մարտի 1-ը ՀՀ Ազգային ժողով և Հանրապետության Նախագահին է ներկայացնում դատախազության գործունեության մասին հաղորդում: Հաղորդում ներկայացնելու նման ժամկետ նախատեսելիս, Նախագծի հեղինակները հաշվի չեն առել ՀՀ դատախազության գործունեության ամփոփման ընթացակարգերը: Բանն այն է, որ դատախազության տարեկան գործունեության ամփոփումը ենթադրում է ծավալուն աշխատանքների իրականացում, որն ընդգրկում է մասնավորապես 
հետևյալ փուլերը`

 

 –ՀՀ դատախազության համակարգում ընդգրկված դատախազությունները և կառուցվածքային ստորաբաժանումները, ըստ համապատասխան իրավասության 
սահմանների, տարբեր գերատեսչություններից հավաքագրում, համակարգում և ամփոփում են նախորդ տարվա գործունեության վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը (այդ թվում՝ հանցավորության վիճակի, կառուցվածքի, շարժընթացի, քննչական աշխատանքի, դատախազական լիազորությունների իրականացման և դատախազության գործունեության կազմակերպման մասին և այլն ),

 

–անհրաժեշտ տեղեկատվությունը ներկայացվում է ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ այն համակարգվում, վերլուծվում և ամփոփվում է,

 

– ամփոփված տեղեկատվությունը և աշխատանքի արդյունքները ՀՀ գլխավոր դատախազի և նրա տեղակալների մասնակցությամբ քննարկվում են ՀՀ դատախազության համակարգում ընդգրկված բոլոր դատախազություններում անցկացվող խորհրդակցություններում, որի ընթացքում կանխորոշվում են տեղերում աշխատանքի հիմնական ուղղությունները, հիմնախնդիրները, դրանց լուծմանն ուղղված իրավակազմակերպական կառուցակարգերը,

–ՀՀ դատախազության ամբողջ տարեկան աշխատանքի արդյունքները հաջորդ տարվա մինչև փետրվարի վերջն ամփոփվում են ՀՀ դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում, որտեղ կանխորոշվում են առաջիկա համապատասխան ժամանակահատվածների կտրվածքով դատախազական լիազորությունների իրականացման և քրեական պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, չափորոշիչները, իրավակազմակերպական միջոցառումների իրականացման ծրագրերը, կանխատեսումները, աշխատանքի ծանրաբեռնվածությունը և այլն:

 

Վերը նշված փուլերից յուրաքանչուրին, ըստ անհրաժեշտության, նախորդում կամ հաջորդում են տարբեր մակարդակներով անցկացվող քննարկումների, կարծիքների, առաջարկությունների, նկատառումների հավաքման, վերլուծության, համադրման և ամփոփման ենթափուլերը: Նշված աշխատանքների իրականացումը ժամանակատար է, ուստի մինչև մարտի 1-ը ՀՀ Ազգային ժողով հաղորդում ներկայացնելու ժամկետն իրատեսական չէ:

 

 Հաշվի առնելով վերը նշված հարցադրումների կարևորությունը՝ գտնում ենք, որ անհրաժեշտ է ևս մեկ անգամ քննարկման առարկա դարձնել Նախագծում առաջարկվող իրավակարգավորումները: ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստակամ է մասնակցելու նման քննարկումներին և խնդրո առարկա հարցերի վերաբերյալ առավել հանգամանորեն ներկայացնելու իր դիրքորոշումը:

 

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն» 

Նույն շարքից