Արևածաղկի Սուտրա
Ես թափառում էի պահածոյատուփերի կեղտոտ աղբանոցի ափերով և նստելով «Սաութերն Փասիֆիկ» շոգեքարշի հսկա ստվերի տակ, նայեցի տուփերն ի վեր`լեռների մայրամուտին ու լաց եղա:
Ջեք Քերուակը նստած էր կողքիս` ծռված, ժանգոտ հեծանի վրա, և մենք` գորշ ու տխուր, միանման մտորում էինք մեր հոգիների մասին, շրջապատված մեքենաների հանգուցված երկաթե արմատներով:
Նավթապատ գետը արտացոլում էր երկնի բոսորը, արևը մայր էր մտնում Ֆրիսկոյի վերջին գագաթների վրա, և այս ջրերում` էլ ոչ մի ձուկ և լեռներում` ոչ մի ճգնավոր, միայն մենք էինք գետափին` կարմրաաչք և կռացած ծեր աղքատների պես հոգնած ու մտամոլոր:
-Նայի՛ր Արևածաղկին,-ասաց Ջեկը,- մայրամուտի ֆոնի վրա ձգվել էր մեռած, անգույն մի ստվեր, մարդու պես խոշոր` ձգվել էր մեռած թեփակույտից վեր:
-Ես հմայված ոտքի ելա,- դա իմ առաջին Արևածաղիկն էր` հուշը Բլեյքի մասին,- իմ կռահումները,- Հառլեմ և Իստ-Ռիվերի Գեհենները, իսկ կամրջի վրա` Ջոզ Գլիզի Սանդվիչների շաչյունը և մանկասայլակների փոքրիկ դիակները, մաշված ու մոռացված սև ավտոդողեր և բանաստեղծություն գետափի մասին, գիշերանոթներ և բրաշապիկներ, պողպատե դանակներ`բոլորը ժանգոտվող,- և միայն այս կպչուն կեղտը և ածելու պես սուր արտիֆիկատներն էին, որ չքվում էին անցյալում:
-Գորշ Արևածաղիկը մայրամուտի ֆոնին, ճաքճքված, տաղտուկ և փոշոտ, իսկ աչքերի մեջ`մուր, սմոգ և նախնադարյան շոգեքարշերի ծուխը-
- Ծաղկեպսակը` կլոր և մեծ դեմք էր, փայլուն ու խունացած թերթերով, այլանդակված թագի պես ծռված խորդուբորդ, իսկ անկյուններում սերմերը դուրս էին թափվել,
շուտով նա կդառնա տաք երկնի անատամ բերան, և արևի շողերը չորացած սարդոստայնի պես կհանգչեն նրա մազերում:Ցողունից ձեռքի պես ցցվել են տերևները, արմատի գալարումները կորել են թեփի մեջ, ճյուղերից թափվել էր կիրը, իսկ ականջում` մեռած մի ճանճ:
Ջարդվա~ծ, անսու~րբ, իմ արևածաղիկ, հոգի~ս, ինչպե~ս էի քեզ մի ժամանակ սիրում:
Այդ կեղտը ոչ թե մարդկային կեղտն էր, այլ մահվան և շոգեքարշերի կեղտը:
Երկաթգծի կեղտոտ մաշկի վրա` ողջ շղարշը փոշու, այտերին` այս սմոքը, այս կոպը սև կարիքի, մրով պատված այս ձեռքը կամ ֆալոսը, կամ շիկացած գազերի արհեստական ժայթքումը, ավելի վատ` արդյունաբերական, ժամանակակից ողջ այս քաղաքակրթության կեղտը, որ պղծել է հիմա քո խելագար ոսկե պսակը-
Եվ մահվան մասին մշուշոտ այս մտքերը և փոշոտ անսեր աչքերը, ներքևում` ավազակույտի ու թեփի մեջ`թառամած արմատներ, ռետինե դոլարներ, մեքենաների մորթիներ, թոքախտավոր մեքենաների փորոտիք, ժանգոտ լեզուները դուրս հանած դատարկ պահածոյատուփեր,-էլ ի՞նչ մնաց ասեմ,-սիգարի անուժ մնացորդ, ձեռնասայլերի վեր քշտած ոտքեր, ավտոմեքենայի կաթնակրծքեր, բազկաթոռի մաշված գավակ և դինամոյի սեղմամկան,-ողջ այդ քաոսը նեխել էր և մումիացել քո արմատների շուրջն, ու դու կանգնել էիր իմ և մայրամուտի առջև, և որքա~ն վեհություն կար քո ուրվագծում:
-Օ~, արևածաղկի կատարյա~լ գեղեցկություն:Արևածաղկի կեցության կատարյա~լ երջանկություն: Ամսվա հիպիական կողին նայող բնության քնքուշ աչքն արթնացավ` ներծծելով մայրամուտի ստվերի տակ ամենամսյա արևածագի ոսկե քամին:
Որքա~ն ճանճեր են բզզացել քո շուրջը, չնկատելով քո մուրը և դու անիծում էիր երկաթգծի երկինքն ու ծաղկային հոգիդ:
Խե~ղճ մեռած ծաղիկ: Այդ ե՞րբ մոռացար, որ մի ժամանակ ծաղիկ ես եղել: Այդ ե՞րբ նայեցիր ինքդ քեզ և որոշեցիր, որ դու անուժ ու կեղտոտ մի հին լոկոմոտիվ ես,լոկոմոտիվի ուրվականը, տեսիլքն ու ստվերը մի ժամանակ հզոր և վայրի ամերիկյան շոգեքարշերի:
Արևածաղի՛կ, դու երբեք չես եղել շոգեքարշ, դու եղել ես Արևածաղի՛կ:
Իսկ դու՛, Շոգեքա՛րշ, սոսկ շոգեքարշ ես, մի՛ մոռացի՛ր դա:Եվ վերցնելով արևածաղկի կմախքը, ես ամրացրի այն կողքիս, ինչպես գայիսոն,
և քարոզ կարդացի հոգուս, նաև Ջեկի և բոլոր նրանց համար, ովքեր կցանկանային ինձ լսել.
Մենք մեր կեղտոտ մաշկը չենք, մենք սարսափելի փոշոտ և այլանդակ շոգեքարշեր չենք, ներսում մենք բոլորս հոյակապ հոգով ոսկե արևածաղիկներ ենք, մենք օժտված ենք սերմերով, և մեր մերկ ու մազոտ
ոսկե մարմինները մայրամուտին կերպարանափոխվում են արևածաղիկների խելագար ստվերների, որոնց սևեռուն հետևում են մեր աչքերը, հենց այդտեղ, շոգեքարշերի խելագար գերեզմանոցի ստվերների տակ, կեղտոտ գետափին, Ֆրիսկոյի վրա սփռվող մայրամուտի տեսիլքի ներքո:
Անգլերենրից թարգմանեց Արտեմ Հարությունյանը: