Վերլուծական Իրավական 

Կարո Կարապետյանին (Յուվեցի Կարո) դուր է գալիս զոհի կարգավիճակը

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում կարծես թե ավարտին է մոտենում ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) և Արթուր Զադոյանի աղմուկ հանած գործի դատավարությունը: Խոսքը դեռեւս 2009-ին պատգամավորի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցված գործի մասին է, որը կասեցվելուց հետո վերաբացվել է եւ ի վերջո  հասել դատարան: Ըստ մամուլի հրապարակումների՝ Երասխ-Երեւան ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի հատվածում, պատգամավոր Կարո Կարապետյանն իրեն պատկանող «Մերսեդես» մակնիշի  մեքենայում վեճի էր բռնվել Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ, մարզպետարանի աուդիտոր Արթուր Զադոյանի հետ, որի ընթացքում վերջինս երկաթյա ձողով (ավտոմեքենայի համարանիշ ամրացնելու բանալիով) հարվածել էր Կարո Կարապետյանի գլխին, որն էլ իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ: Փամփուշտներից երկուսը դիպել էին Զադոյանի աջ ուսին և աջ ոտքին: Այնուհետեւ պատգամավորը նաեւ ծեծի էր ենթարկել նրան: Զադոյանը ոտքի հարվածներ էր ստացել գլխին, ինչը ուղեղի ցնցման պատճառ էր դարձել, վնասվել էին նաեւ նրա կողերը: Բարեբախտաբար ողջ մնալով՝ տուժողը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին և երեք վիրահատության ենթարկվել:

Կրակոցներից վնասվածք ստացած Զադոյանը դարձավ մեղադրյալ, իսկ նախկին ԲՀԿ-ական պատգամավորը` տուժող:

Նշենք, որ Կարապետյանը հայտարարում էր, թե Զադոյանն է իրեն դարանակալել եւ ցանկացել հաշվեհարդար տեսնել` իր 57 հազար դոլար պարտքը չտալու նպատակով: Զադոյանի պնդմամբ էլ՝ պատգամավորն է իրեն պարտք: Հինգ տարի գործը կասեցված էր, եւ չէր վերաբացվում: Այն վերսկսվեց այս տարվա մարտին: Արդյունքում Զադոյանին, բացի առաջադրված՝ պատգամավորի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքից ավելացվեցին  եւս երկու հոդված՝ ապօրինի զենք, զինամթերք կրելը և կյանքին վտանգ սպառնալը։ Զադոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Պաշտպանող  կողմը  համոզված պնդում է ճանաչել և հռչակել Զադոյանի անմեղությունը մեղսագրվող արարքներում: Այս գործում բավականին հետաքրքիր դրվագներ կան՝

Այսպես, օրինակ, դեպքի առթիվ հարուցված քրգործի վարույթում սահմանված երկամսյա ժամկետում կատարելով քննչական գործողություններ՝ վկաների հարցաքննություն եւ այլն, քննիչը գրավոր խնդրել է գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազից՝ նախաքննության ժամկետը երկարացնել երկու ամսով, բայց վերջինս չի երկարացրել այն. քրգործում «երկարացնում եմ» մասում դատախազի ստորագրությունը բացակայում է: Այսինքն նախաքննության ժամկետն այդ պահից համարվում է անցած: Սակայն նախաքննության լրացուցիչ երկամսյա ժամկետը բաց թողած քննիչը իրավասու չլինելով հանդերձ շարունակել է քննությունը եւ գործի չորս ամիսը լրանալուց հետո որոշում  կայացրել նախաքննության ժամկետը երկարացնել եւս երկու ամսով, որն այս անգամ թույլատրվել է դատախազի կողմից:

Պաշտպանող կողմն, առաջնորդվելով «թունավոր ծառի պտուղները թունավոր են» հայտնի սկզբունքով, միջնորդում է անվավեր ճանաչել նշված ժամկետին հաջորդած բոլոր դատավարական գործողությունները, այդ թվում՝ Զադոյանին որպես մեղադրյալ ներգրավելու, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու  որոշումները, որոնց հիմքում դրված խախտումներով ձեռք բերված ապացույցները նույնպես անթույլատրելի են եւ անօրինական: Ի պատասխան՝ դատախազությունն ընդամենը պատճառաբանում է, թե հնարավոր է՝ նախաքննության ժամկետը երկարացնելու վերաբերյալ ստորագրված տարբերակը պահպանվել է քրեական գործերի հսկողական վարույթում և քրգործում չստորագրված տարբերակն է հայտնվել:

Հաջորդ հետաքրքիր դրվագը՝ դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Զադոյանը դեպքից հետո դիմել է «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ։ Նա ունեցել է աջ ազդրի և աջ բազկի շրջանում հրազենային միջանցիկ վերքեր, աջ ազդոսկրի բազմաբեկոր կոտրվածք՝ տեղաշարժումով, արյունահոսող վերքեր, չորս կողոսկրերի կոտրվածքներ եւ սալջարդեր։ Բողոքել է գլխի, կրծքավանդակի ցավերից,  վիճակը գնահատվել է ծանր եւ կյանքին վտանգ սպառնացող։ Զադոյանին զննող բժիշկն օբյեկտիվ չի գտնվել  իր եզրակացության մեջ եւ նշել է միայն մեկ կողի կոտրվածքի մասին: Հետագայում, սակայն, մասնակցելով մեկ այլ փորձագետի կողմից իրականացված լրացուցիչ փորձաքննությանը՝ ընդունել է իր սխալը եւ ստորագրել նրա եզրակացության տակ՝ համաձայնելով, որ Զադոյանի մոտ առկա են չորս կողերի կոտրվածքներ: Մինչդեռ Յուվեցի Կարոյի դեպքում բժիշկներն «անսխալ» եզրակացրել են, որ նա փակ գանգուղեղային վնասվածք է ստացել, գլխուղեղի ցնցում, դյուրագրգիռ է եղել, տրամադրության անկում է ունեցել, բողոքել է գլխացավից ու շշմածությունից եւ այլն:

Հաջորդ դրվագը՝ դատակենսաբանական փորձաքննությամբ պետք է պատասխան տրվեր թե ու՞մ են պատկանում Զադոյանի գոտու, անդրավարտիքի, կոշիկների վրայի արյան հետքերը. նրա՞ն, թե՞տուժող ճանաչված պատգամավորին, բայց ստացված եզրակացությունը չի տվել դրա պատասխանը՝ պատճառաբանելով, թե փորձաքննությանը ներկայացված արյան նմուշները միեւնույն խմբին են պատկանում: Տվյալ դեպքում Զադոյանի պաշտպանը ողջամիտ հարցադրում է անում. «Եթե ամբաստանյալի անդրավարտիքի ներքեւի հատվածում, ոտքի դարձերեսին կան և հայտնաբերվել են դարչնաշագանակագույն հետքեր (արյան հետքեր), ապա ինչպես ստացվեց, որ դրանք բացակայում են «Մակարով» տեսակի ատրճանակի բռնակից, եթե հայտարարվել է, որ ատրճանակը պատկանում է Զադոյանին եւ գտնվել է նրա գուլպայի մեջ»։ Նույնիսկ փորձարարություն չի կատարվել՝ պարզելու՝ Զադոյանը կարո՞ղ էր գուլպայի մեջ դրված ատրճանակով վազել, չեն առգրավվել նաեւ դեպքի օրը Զադոյանի հագին եղած գուլպաները:

Այս հանգամանքի վրա լույս է սփռում պատգամավորի վարորդի հայտարարությունը, որն արվել է նրա կողմից հենց դեպքի օրը՝ դեպքի վայրի զննության ժամանակ: «Զենքերի հանձնումը կատարվել է դեպքից 35 րոպե անց, և Հովհաննիսյանը բառ չի ասել այն մասին, որ Զադոյանը նախ կռացել է, ատրճանակը ոտքի մեջից հանել, կամ չգիտեմ ինչ: Նա միանգամից նշում է, որ Կարապետյանը կրակել է Զադոյանի վրա, ասում է՝ բոլոր հինգ կրակոցները արձակվել են Կարո Կարապետյանի կողմից Զադոյանի ուղղությամբ, եւ որեւէ տեղ չի նշում, որ Զադոյանը զենք էր փորձում  հանել»,-նշում է պաշտպանը և հավելում, որ այդ մանրամասները նշված արձանագրության մեջ բացակայելով՝ ավելացվել են դատարանում: «Դատավորը ոչ մի կերպ չարձագանքեց Կ. Կարապետյանի վարքին, իր վարորդի ցուցմունքի ժամանակ նրա միջամտելուն և դատարանում նրա կողմից հնչեցված սպառնալիքներին»,-նկատում է Զադոյանի պաշտպանը՝ ընդգծելով դատավորի կանխակալ վերաբերմունքն այս գործում:

Ուշագրավ է, որ իր մասնակցությամբ «քրեական բեստսելլերներում» Յուվեցի Կարոն «զոհի», «տուժողի» դերն է նախընտրում, և նա միշտ «հետապնդվում» է միանման սյուժեների շրջանակում: Հանրության հիշողության մեջ դեռ թարմ է նրա մեկ այլ «զոհի» դերը իր նախկին կուսակցի՝ Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ, 73-ամյա Գոհար Ենոքյանի կողմից իր դեմ «մահափորձ նախապատրաստելու» ցնցող պատմությամբ: Գոհար Ենոքյանին առաջադրված՝ մահափորձ նախապատրաստելու այս անհեթեթ մեղադրանքը հետագայում իհարկե հերքվեց, Յուվեցի Կարոն էլ, ճիշտ է, մեծահոգաբար չբողոքարկեց, բայց մնաց իր այն համոզմունքին, որ «Աստված ամեն հանցագործի ոնց պետք ա կպատժի»:

 

Զադոյանի գործում հերթական «զոհի» դերին Յուվեցի Կարոն նույնպես հանգստությամբ է  վերաբերվում: Հավանաբար պատգամավորը հույս ուներ գործի ելքով հօգուտ իրեն երաշխիքներ ստանալ որդու հարսանյաց արարողությանը հրավիրված՝ արդարադատության «հարցեր լուծող» բարձրաստիճան այրերից, սակայն չենք կարծում, որ Յուվեցի Կարոյի «զոհի» դերում լինելու մոլուցքն  ավելի կկարևորվի, քան ՀՀ արդարադատությունը:

«Անալիտիկ» շաբաթաթերթ, 23 սեպտեմբեր

Նույն շարքից