Բարի օր Մշակույթ 

Ընթերցանության ժամ. Ֆորուղ Ֆարոխզադ

analitik.am

Այսօրվա ընթերցանության համար ընտրել են իրանցի բանաստեղծուհի և կինոռեժիսոր Ֆորուղ Ֆարոխզադի հրաշալի բանաստեղծություններից մի քանիսը:

ԳԻՇԵՐՎԱ ՍԱՌԸ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ

Ես չեմ զղջում,

Ես խորհում եմ այս հպատակման,

Այս ցավագար հպատակման մասին:

Ես ճակատագրիս խաչը համբուրել եմ

Իմ Գողգոթայի բարձունքներում:

Գիշերվա սառը փողոցներում

Զույգերը վարանումով

Շարունակ բաժանվում են մեկ-մեկուց:

Գիշերվա սառը փողոցներում

Հրաժեշտի շշունջից զատ


Ուրիշ ձայն չկա:

Ես չեմ զղջում:

Իմ սիրտն ասես ընթանում է

Ժամանակի մյուս կողմում:

Կյանքը շարունակաբար

Կկրկնի իմ սիրտը:

Եվ նաª

Քամու լճակների վրայով անցնող

Խլածաղիկը, կկրկնի ինձ:

Ախ, տեսնու±մ ես,

Թե ինչպես է պատռվում մաշկս,

Եվ ինչպես է կաթը լերդանում

Սառը ստինքներիս կապույտ երակներում:

Եվ արյունը

ինչպես է իր կռճիկային աճն սկսում

Իմ համբերատար գոտկատեղում:

Ես դու եմ, դու,

Եվ նա, ով սիրում է,

Նա, ով հանկարծ

Բութ,

Անհասկանալի մի կապ է գտնում

Հազարավոր անհայտ ու անանուն

Բաների հետ:

Ես հողի կիրքն եմ սուր,

Որ բոլոր ջրերը քաշում է ընդերքն իր խոր՝

Բերրի դարձնելով դաշտերն ամեն:

Լսիր

Հեռու-հեռավոր ձայնն իմ,

Աղջամուղջի ծանր մշուշների աղոթքներում,

Եվ ինձ տես

Հայելիների խաղաղ լռության մեջ,

Թե ինչպես նորից

Ձեռքերիս մնացորդներով

Շոշափում եմ

Բոլոր երազների խորքերը մութ:

Եվ սիրտս

Լինելության անմեղ երջանկությունների վրա

Կտածում է,

Ինչպես բիծը արյան:

Ես չեմ զղջում,

Իմ մասին, ով իմ սիրելի,

Խոսիր

Սիրահարված աչքերով

Իմ նմանակ այն աղջնակի հետ,

Որին կգտնես գիշերվա սառը փողոցներում...

Եվ հիշիր ինձ

Նրա մելանուշ համբույրներում

Եվ քո աչքատակերի քնքուշ գծիկներում:

 

ԵՍ ՄԵՌՆՈՒՄ  ԷԻ

Ես մեռնում էի քո սիրուց,

Թեև դու իմ կյանքն էիր...

............................................

Դու ինձ հետ գալիս էիր,

Դու իմ մեջ երգում էիր,

Երբ աննպատակ

Թափառում էիր փողոցներով,

Դու ինձ հետ գալիս էիր,

Դու իմ մեջ երգում էիր:

Դու թեղիների միջից

Սիրահարված ճնճղուկներին

Հրավիրում էիր

Լուսամուտի այգաբացին,

Երբ գիշերը կրկնվում էր,

Երբ գիշերը չէր ավարտվում,

Դու թեղիների միջից

Սիրահարված ճնճղուկներին

Հրավիրում էիր

Լուսամուտի այգաբացին:

Դու քո ճրագներով

Գալիս էիր մեր փողոցը:

Դու քո ճրագներով գալիս էիր,

Երբ երեխաները գնում էին,

Եվ ակացիայի ողկույզները ննջում էին,

Եվ հայելու մեջ

Ես մնում էի միայնակ,

Դու քո ճրագներով գալիս էիր:

Դու նվիրում էիր քո ձեռքերը,

Դու նվիրում էիր քո աչքերը,

Դու նվիրում էիր գգվանքներդ,

Երբ քաղցած էի,

Դու նվիրում էիր կյանքդ:

Դու նման էիր

Լույսի բարությանը:

Դու քաղում էիր կակաչները,

Եվ նրանցով

Ծածկում էիր իմ վարսերը,

Երբ մերկությունից դողում էին իմ վարսերը,

Դու քաղում էիր կակաչները:

Դու այտերդ հպում էիր

Ստինքներիս տագնապներին,

Երբ այլեւս

Ոչինչ չունեի ասելու,

Դու այտերդ հպում էիր

Ստինքներիս տագնապներին:

Դու ունկնդրում էիր

Իմ արյանը, որը գնում էր հառաչելով,


Եվ իմ սիրուն, որը մեռնում էր հեկեկալով:

Դու լսում էիր,

Սակայն ավաղ,

Չէիր տեսնում ինձ:

Պարսկերենից թարգմանեց էԴՈՒԱՐԴ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Սկզբնաղբյուր` hs-poetry.blogspot.am

 

Նույն շարքից