Հայաստան Քաղաքական գլխավոր Մամուլի տեսություն 

ՀԱՊԿ-ը փուչիկ կազմակերպություն է, իրենից ոչինչ չներկայացնող. «Անալիտիկ» շաբաթաթերթ

Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու շուրջ «Անալիտիկ» շաբաթաթերթը զրուցել է քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ։

Ադրբեջանի կողմից կիրառվող ագրեսիայի հետ կապված ՀԱՊԿ-ը ի՞նչ գործողություններ արե՞ց: Հայաստանը ՀԱՊԿ նախագահող երկիր է,  ի՞նչով պիտի դա դրսեւորվի:

-Մենք մինչ Ադրբեջանի ագրեսիան էլ  չենք զգացել, թե այդ կազմակերպությունն իրենից ինչ է ներկայացնում: Միայն անցյալ տարի, երբ Ադրբեջանը խախտեց զինադադարը՝ մի երկու անգամ Նիկոլայ Բորդյուժան՝ ՀԱՊԿ նախագահը, հայտարարեց, որ իրենք աջակցում են ՀՀ-ին: Հիմա, երբ  քննադատվեց ՀԱՊԿ-ը,  մեր իշխանությունները հայտարարում են, որ մենք պետք է, իբրեւ թե, նրանց խնդրեինք, որպեսզի նրանք  օգնություն տրամադրեին, բայց քանի որ մենք չենք խնդրել եւ մեր ուժերով ենք զսպում Ադրբեջանի սանձարձակ պահվածքը, ապա ՀԱՊԿ-ը, իբրեւ թե, պարտական էլ չէր օգնել: Ես այդպես չեմ գտնում:  Ճիշտ է, կարող է մենք չենք խնդրել,  բայց լինելով նույն ռազմաքաղաքական  խմբավորման անդամ,  կարելի է ասել, ՀԱՊԿ-ը պարտավոր էր առանց ՀՀ-ի խնդրանքը կամ կարծիքը հաշվի առնելու ելույթ ունենալ եւ  քննադատել կամ մեղադրել Ադրբեջանին՝ իր ագրեսիվ գործողությունների համար:

Մենք կարո՞ղ ենք ՀԱՊԿ-ը ՆԱՏՕ-ին հավասարազոր, ավելի շուտ համանման կառույց համարել:

-Ադրբեջանական ԶԼՄ-ները հեգնանքով ասում են՝ Պուտինյան ՆԱՏՕ: Ա՛յո, եթե ԱՄՆ-ն եւ իր դաշնակիցները խորհրդային միության եւ Վարշավայի պայմանագրի երկրների կազմակերպության փլուզումից հետո՝ 1949 թվականին, Եվրոպայում ստեղծել են այդ ռազմաքաղաքական խմբավորումը, ՌԴ նախագահն էլ, ի դեմս Պուտինի, ստեղծեց ՀԱՊԿ-ը, բայց այստեղ խնդիրը հետեւյալն է. Նախ մեզ այդ կազմակերպությունը բացարձակ պետք չէր, մենք նույն ՌԴ-ի պահանջով եւ պարտադրանքով ենք մտել այդ կազմակերպության մեջ, ինչը մեզ բացարձակ ձեռնտու չէ, եւ երկրորդ՝ մենք պետք է գիտենանք եւ լավ էլ գիտակցում ենք, որ ՀԱՊԿ ոչ մի անդամ,  բացի Ռուսաստանից, հայամետ կողմնորոշում չունի, լինի դա Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, թե Տաջիկստանը: Ու՞մից ենք մենք օգնություն սպասում: Ղազախստանը պե՞տք է մեզ օգնի այն դեպքում, երբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն անցյալ տարի Եվրասիական միության լիդերների հանդիպման ժամանակ իջել էր Ադրբեջանի նախագահի մամլո խոսնակի մակարդակին եւ ընթերցում էր Ալիեւի նամակը: Ու՞մ ենք մենք խաբում՝ մե՞զ, մեր հասարակությա՞նը, ադրբեջանցիների՞ն, թե՞ համաշխարհային հանրությանը: ՀԱՊԿ-ը փուչիկ կազմակերպություն է, իրենից ոչինչ չներկայացնող: Մեզ համար այդ կազմակերպությունը ոչինչ չի ներկայացնում եւ ոչինչ էլ չի տա մեզ: Առավել արդյունավետ կլիներ, որ մենք ոչ թե ՀԱՊԿ-ին անդամակցեինք, այլ կոնկրետ գործակցեինք ՌԴ-ի հետ:

Իրանը միակ երկիրն է, որը կարող է Հայաստանի իրական  դաշնակիցը լինել, թեկուզ մի պարզ պատճառով, որ նա էլ ունի խնդիր Ադրբեջանի  եւ Թուրքիայի հետ: Ինչո՞ւ մեր արտաքին քաղաքական ուղղությունը ոչ մի կերպ չի գնում Իրանի հետ ավելի սերտ համագործակցման:

-Նույն ՌԴ-ն  շատ ծանր է տանում Հայաստանի փորձերը դիվերսիկացնել իր կապերը եւ ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ նույն Ռուսաստանին ձեռնտու է Հայաստանի շրջափակման մեջ լինելը, մտածում է՝ ինչ-որ օգուտ է քաղում, բայց այդ օգուտը կարճաժամկետ է լինելու եւ Ռուսաստանն այսպիսի քաղաքականություն վարելով կարող է նույնիսկ վերջնական կորցնել Հայաստանը:  Ժամանակին, երբ որ Հայաստան-Իրան գազամուղի շինարարության  մասին համաձայնագիր էր կնքվելու, որոշվեց որ այդ գազամուղն այնպես կառուցվեր, որ դրանով հնարավոր լինի արտահանել գազը Հայաստանից դուրս: Նույն ռուսական կարճամիտ արտաքին քաղաքականության պատճառով այդ գազատարի տրամաչափը նեղացվեց, փոքրացվեց, որպեսզի այդ գազատարով չկարողանանք գազ արտահանել: Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, բայց վերջինիս ձեռնտու չէր, որ Հայաստանի  տարածքով անցներ մի կարեւորագույն գազատար, որը Եվրոպա է տանելու այդ գազը: Այդ գազատարի վերահսկողության նկատմամբ Ռուսաստանը կարող էր անմիջական մասնակցություն ունենալ՝ ի դեմս իր ռազմաբազայի առկայությանը ՀՀ-ում: Դա կառուցվելու է, ինչքան էլ ուզում է Ռուսաստանը դեմ լինի: Ռուսաստանը դեմ էր Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղին, դեմ արտահայտվեց նաեւ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն: Միեւնույնն է, դրանք կառուցվում են եւ համոզված եմ, որ կկառուցվի գազատար Իրանից դեպի արեւմուտք եւ հիմա Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպեսզի այդ գազատարը չանցնի Հայաստանի տարածքով: Մեր իշխանությունները պետք է կարողանան մեր ռազմավարական գործընկերոջը նորմալ բացատրել, որ միեւնույնն է ջուրը իր ճանապարհը կգտնի, այդ գազն իր ուղին դեպի Եվրոպա կգտնի եւ կարող է գտնել հակառուսական քաղաքականություն վարող երկրների տարածքում, նույն Ադրբեջանում:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Անալիտիկ» շաբաթաթերթում

Նույն շարքից