Այն բանից հետո, երբ Թուրքիայի սահմանային Սուրուչ քաղաքում ահաբեկիչ-մահապարտը իրեն պայթեցրեց քրդերի ամբոխում, Անկարան անմիջապես ահաբեկչության մեջ մեղադրեց Իսլամական պետությանը: Սակայն մահացածների ընտանիքներին ցավակցություն հայտնած Էրդողանին քրդերը մեղադրեցին երեսպաշտության մեջ: Հարյուրավոր քրդեր դուրս գալով Տաքսիմի հրապարակ Էրդողանին մեղադրեցին մարդասպաններին հովհանավորելու մեջ, իսկ նրանց ներկայացուցիչները հայտարարեցին, որ Թուրքիայի կառավարող վերնախավը սատարում է ԻՊ ահաբեկիչներին ու նրանց թունավորում Սիրիայի քրդերի դեմ:
Հարց է առաջանում, ինչու՞ ԻՊ խմբավորման դեմ պայքարի կոալիցիայում ընդգրկված Թուրքիային նման մեղադրանքներ են առաջադրվում: Թուրքական Սուրուչը գտնվում է սիրիական Քոբանիից ընդամենը 10 կմ հեռավորությամբ, որին տիրելու համար 2014թ-ի սեպտեմբերից մինչեւ 2015թ-ի հունվար արյունալի մարտեր էին մղում քուրդ աշխարհազորայիններն ու ԻՊ ահաբեկիչները:
Մարտերը ավարտվեցին իսլամականների լիակատար ջախջախմամբ ու նահանջով: Սուրուչում, որտեղ ապաստան էին գտել հազարավոր քուրդ փախստականներ, Սոցիալիստ երիտասարդության ֆեդերացիայի խորհրդաժողովից հետո մասնակիցները նկարահանվելու համար դուրս են եկել մոտակա այգին, որտեղ եւ ահաբեկիչը գործի էր դրել պայթուցիկ սարքը:
Թուրքիայի իշխանությունները պայթյունի մեղավորությունն անմիջապես բարդեց ԻՊ խմբավորման վրա, Էրդողանը ցավակցեց զոհվածների հարազատներին ու բարեկամներին: Սակայն ինչպես կյանքը ցույց տվեց, Էրդողանի խոսքերը զոհվածների հարազատներին չբավարարեց, ու Թուրքիայի նախագահի «խուճուճ» քաղաքական խաղերը հանգեցրին նրան, որ այժմ սահմանային քաղաքներում պայթյունները դարձել են սովորական: Նախքան «արաբական գարունը», Անկարայի ու Դամասկոսի հարաբերությունները բավականին ջերմ էին:
Տարածաշրջանային գերիշխանության հավակնող Թուրքիան Բաշար Ասադի վարչախմբի օգնությամբ ձգտում էր ամրապնդել իր դիրքերը Մերձավոր Արեւելքում. Մասնավորապես՝ վճռորոշ դեր ունենալ պաղեստինյան ճգնաժամի կարգավորման հարցում՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքն, որ պաղեստինյան «Համազ» շարժման գլխավոր կենտրոնակայանը գտնվում էր Դամասկոսում: Միաժամանակ, սիրիացիները թուրքերի միջոցով ձգտում էին թուլացնել Սաուդյան Արաբիայի դերն ու ճնշում գործադրել Իսրայելի նկատմամբ՝ վիճահարույց Գոլանի բարձունքները հետ վերադարձնելու ու պաղեստինյան հարցից օգուտ քաղելու համար:
Միաժամանակ զարգանում էին երկկողմ տնտեսական հարաբերությունները. Սիրիան Թուրքիա էր արտահանում թեթեւ արդյունաբերական ապրանքատեսակներ, իսկ Ստամբուլը Դամասկոսի արդյունաբերությանը տրամադրում էր էլեկտրաէներգիա: Բացի այդ Էրդողանն ու Ասադը սերտ կապեր էին պահպանում, երկու առաջնորդները բարեկամություն էին անում ընտանիքներով, հաճախ արձակուրդները միասին էին անցկացնում եւ նույնիսկ միմյանց եղբայր էին անվանում: Այնինչ, «արաբական գարունը» փչացրեց ամեն բան ու Թուրքիայում շոկային իրավիճակ առաջացրեց: Ստվարաթղթե տնակների նման իրար հետեւից փուլ եկող արաբական երկրների վաչախմբերը ստիպեցին Անկարային էապես փոխել նախկին արտաքին քաղաքական ստրատեգիան:
Սկզբում թուրքերը դանդաղելով ձեռքներից բաց թողեցին Լիբիան ու Եգիպտոսը՝ զիջելով հակառակորդ Սաուդյան Արաբիային ու Քաթարին: Սակայն, երբ «արաբական գարունը» հասավ Սիրիա, թուրք քաղաքագետները մշակեցին մարտավարություն ու որոշեցին սատարել ոչ թե Ասադին, այլ սունի-իսլամականներին, որոնք թուրքական մոդուլի ու Անկարայի հետ համագործակցության կողմնակիցն էին: Այն բանից հետո, երբ թուրքերը չկարողացան համոզել Ասադին զիջումների գնալ ու տեղ տալ ընդդիմադիրներին, Անկարան սիրիական վարչախմբի դեմ չհայտարարված պատերազմ սկսեց: Թուրքիան վարպերտորեն օգտագործելով իր աշխարհագրական դիրքը՝ սկսեց զենք-զինամթերք տրամադրել Սիրիական ազատ բանակի իսլամականներին, որոնք վերապատրաստվում էի թուրքական ռազմական ճամբարներում: Մինչդեռ Ասադի վարչախումբը դիմակայեց ու թուրքերի հաշվարկները խառնվեցին,որից հետ Անկարան հիասթափություն ապրեց սիրիական ընդդիմադիրներից:
Էրդողանի կարծիքով Բաշար Ասադի վարչախմբի տապալումից հետո Թուրքիան, Սաուդյան Արաբիան ու Քաթարը անմիջապես կկիսեին ավարը: Սիրիայի անկումից հետո, Թուրքիան պետք է ստանար գազամուղը, նավթամուղը, ինչպես նաեւ որոշ սահմանային տարածքներ: Փոխարենը Էրդողանը ստացավ երկարատեւ քաղաքացիական պատերազմ հարեւան երկրում ու մի քանի միլիոն գաղթականներ իր տերիտորիայում: Այնպես որ Թուրքիան ներկայումս հույսը դնում է միայն սեփական ուժերի վրա, քանի որ սիրիական կառավարական զորքերի դեմ մարտնչող ընդդիմադիրներն ու խառնիճաղանջ խմբավորումներն իրար մորթելու են նաեւ Ասադի հնարավոր տապալումից հետո:
Ստեղծված իրավիճակում Դամասկոսին հաջողվեց նույնիսկ հակահարձակ լինել: Իշխանությունները ֆինանսական միջոցներ տրամադրեցին Քրդական աշխատավորական կուսակցությանն ու Թուրքիայի շիա կազմակերպություններին, ապա ինքնավար լայն լիազորություններ տալով Սիրիայի քրդերին՝ ինքնաբերաբար նրանց վերածեց դաշնակիցների իսլամականների դեմ մղվող պայքարում՝ մշտական գլխացավանք ստեղծելով Թուրքիայի համար: Այսպիսով թուրքական ինտերվենցիայի գաղափարը հօդս ցնդեց: Թուրքիայի կողմից անմիջական ներխուժումը կնշանակեր երկարարեւ, տեւական պարտիզանական պատերազմի ծավալում, որ կտարածվեր նաեւ Թուրքիայի ողջ քրդաբնակ շրջաններ:
Ներկայումս թուրքական ղեկավարությունը հարկադրված է եւս մեկ անգամ փոխել իր արտաքին քաղաքական ստրատեգիան՝ հիմնական խաղադրույքը կատարելով ԻՊ խմբավորման վրա: Իսլամականները ունակ են Թուրքիային տրամադրել ռեսուրսներ, նպաստել էրդողանի որդեգրած քաղաքանությանը, եւ վերջապես հենց արմատականների միջոցով վերջինս նպատակ է հետապնդում թաղել քրդական հարցը: Այն, որ թուրքական հատուկ ծառայությունները համագործակցում են ԻՊ ահաբեկիչների հետ, իսլամականներին տրամադրում զենք-զինամթերք, թույլատրում նրանց անարգել հատել սահմանը, ապացուցում է, որ Անկարան ուղղակի համագործակցության մեջ է արմատականների հետ ու միաժամանակ՝ ընդգրկված հակաահաբեկչական կոալիցիայի պայքարում:
Թուրքիայի իշխանությունները վարում են վտանգավոր խաղ՝ փորձելով օգուտ քաղել պղտոր ջրում ու Սիրիայում հենարան գտնել ի դեմս արմատականների: Եվ այս ամենը Էրդողանի փայլուն մտահղեցմամբ. Սակայն, ինչպես պատմությունն է ցույց տվել, յուրաքանչյուր հաշվարկված ու խորամանկ կոմբինացիա ունի իր թույլ կետը, որի հայտնաբերման դեպքում ողջ մտահղացումը փլվում է: Բացառված չէ, որ Անկարան խաղեր տալով իսլամականների հետ, արդյունքում մնա ձեռնունայն, ինչպես դա արդեն մեկ անգամ տեղի ունեցավ, երբ բարեկամական Ասադի վարչախմբի փոխարեն ստացավ հակամարտություն սահմաններին ու միլիոնավոր սիրիացի փախստականներ իր բուն տերիտորիայում:
Հովիկ Պետրոսյան