Շատ բնական է, որ ընդդիմությունը կասկածանքով է վերաբերում կառավարության գործունեությանը, սակայն Վենետիկի հանձնաժողովը` որպես դրսի դիտարկող, ավելի շատ հակված է կարդալու տեքստերը, այլ ոչ այն, ինչ թաքնված է տեքստերի հետևում:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը` անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ընդդիմադիր որոշ ուժերի մոտեցումներին:
«Պետք է ասել, որ նախկինում ընդդիմության հիմնական ուժերը միշտ կողմնակից էին խորհրդարանական տիպի հանրապետությանը, հիմա երբ նման առաջարկություն կա, հանկարծակի ընդդիմադիր ուժերը դարձել են ընդդիմադիր այս գաղափարի նկատմամբ»,-ասաց նա:
Թոմաս Մարկերտը հիշեցրեց, որ Վենետիկի հանձնաժողովը իր հավանությունն է տվել բարեփոխումների հայեցակարգին: «Սակայն դեռ բարեփոխումները չկան, դեռ նոր պետք է լինեն, դեռ նոր պետք է գրվեն տեքստերը, հոդվածները, և միայն դրանից հետո կարելի կլինի ասել՝ դրանք հաջող բարեփոխումներ են, թե հաջող բարեփոխումներ չեն: Վենետիկի հանձնաժողովը ոչ թե իրերը դիտարկում է այսօրվա Հայաստանի ընթացիկ իրավիճակից ելնելով, այլ ավելի շատ մեր հայացքները երկարաժամկետ գնահատականի բնույթ ունեն:
Մեր կարծիքով` միջնաժամկետ և երկարաժամկետ առումով դա կունենա դրական հետևանքներ»,-ասաց նա:
Նա նաև օրինակ բերեց, որ Վրաստանում նույն քննարկումների ժամանակ ևս մտահոգություն կար, որ բարեփոխումներն արվում են իշխանություններն իրենց ձեռքում պահելու համար, սակայն Վրաստանում դա այդպես չաշխատեց: «Հայաստանում էլ մենք ոչ թե ներկա քաղաքական իրավիճակին պետք է նայենք այլ ավելի ընդգրկուն հայացք նետենք իրերին: Ընդհանրապես ընդդիմությունը միշտ կասկածանքով է վերաբերում կառավարության բոլոր գործերին և հատկապես Հայաստանում ամենաշատն է ընդդիմությունը կասկածանքով վերաբերվում` երևի բավական հիմնավոր պատճառներով»,-նկատեց նաև և նշեց, որ դրա համար էլ շատ կարևոր է ունենալ լայն քննարկումներ` ներգրավելով քաղաքացիական հասարակությունը, որպեսզի հաղթահարվի քաղաքական, կուսակցական թնջուկը:
Վենետիկի հանձնաժողովի քարտուղարը Սահմանադրական բարեփոխումների հիմնական դրական միտումն այն համարեց, որ տվյալ փոփոխությունները կբերեն իշխանության բաշխմանը` տարբեր գործող անձանց միջև, քանի որ ներկայիս Սահմանադրությունը չափից դուրս իշխանություն է կենտրոնացնում նախագահի ձեռքում: Երկրորդ կարևոր հանգամանքը նա համարեց օրենքի գերակայության ուժեղացման միտումը. կարծում է, որ փորձ է արվում ուժեղացնել անկախ դատական համակարգի, Սահմանադրական դատարանի դերը:
«Քանի որ հայեցակարգը լավն է, հույս ունենանք, որ տեքստերը նույնպես կլինեն լավը, չնայած մենք շատ քննադատաբար ենք մոտենալու տեքստերին և շատ մանրամասն ուսումնասիրելու ենք»,-ասաց նա:
Հարցին, թե որքանով է այս Սահմանադրության բարեփոխումների հայեցակարգը նպաստելու իշխանության վերարտադրությանը, նա նշեց. «Ես կարծում եմ, որ այստեղ խնդիրը հայեցակարգը չէ, բանը կախված է նրանից, թե ժողովուրդը ում կտա իր ձայնը ընտրությունների ժամանակ, արդյո՞ք ընտրությունները կլինեն արդարացի և թափանցիկ: Այստեղ ավելի շատ խոսքը գնում է նրա մասին, որ հայեցակարգով պետք է իշխանությունը տարանջատվի և ավելի հավասարաչափ բաշխվի, ոչ թե ներկայիս կենտրոնացված ձևով»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպում ունենալուն, Վենետիկի հանձնաժողովի քարտուղարն ասաց, որ ներկա փուլում աշխատել է իր հանդիպումները սահմանափակել Սահմանադրական հանձնաժողովի հետ հանդիպումներով, որովհետև սա քաղաքական մարմին չէ, այլ փորձագիտական մարմին է:
«Քանի դեռ այս հայեցակարգը չի դարձել նախագիծ, այն քաղաքական վիճակում չէ, երբ դա դառնա նախագիծ, այն ժամանակ կսկսվեն հանդիպումները քաղաքական գործիչների կուսակցությունների և հետ»,-ասաց նա:
Հարցին, թե մինչ դրական եզրակացության տալը` որոշ դրույթներ վերանայման անհրաժեշտության կարիք ունեցե՞լ են, Թոմաս Մարկերտը պատասխանեց. «Պետք է ասել, որ Երևանում, երբ առաջին քննարկումները եղան, մեր հանձնաժողովի անդամների կողմից բավական շատ քննադատություններ են արվել: Տեքստը փոփոխվող, զարգացող տեքստ է և վերջին հանդիպումը, որ եղավ Փարիզում, շատ ավելի լավ գնահատականի արժանացավ, որովհետև մեր քննադատական նկատողությունների ճնշող մեծամասնությունը հաշվի էր առնված»: