Իրավական 

Դատախազությունը պետք է հրաժարվի Ա. Զադոյանին առաջադրված մեղադրանքից. Դիմում Գևորգ Կոստանյանին

                                                                                                                                 



   ՀՀ  ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ

                                                                                                                               Պ-Ն Գ. ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ

թիվ ԱՎԴ2/0019/01/14 քրեական

                                                                                                              գործով ամբաստանյալ Արթուր Զադոյանի

                                                                                                                    շահերի պաշտպան Սուսաննա Սարգսյանից

 

                                                                                            ԴԻՄՈՒՄ


      21/10/2014-ին իմ կողմից Ձեզ  հասցեագրվել էր դիմում, որում մասնավորապես նշել էի, որ  թիվ ԱՎԴ2/0019/01/14 քրեական     գործի դատաքննության ժամանակ «տուժող» Կ.Կարապետյանը և վկա Օ.Հովհաննիսյանը հարցաքննության ժամանակ իրենց  տրված ցուցմունքներում արել  են  հայտարարություններ, որոնք  իրենց մեջ պարունակում են հանցագործությունների հատկանիշներ և խնդրել էի տալ քրեաիրավական գնահատական նրանց գործողություններին: Կից ներկայացրել էի նաև դատական նիստի տեսաձայնագրությունը:

     06.11.2014-ին ստացել եմ իմ դիմումին պատասխան` ՀԿԳՔ վարչության դատախազ Է. Արամյանի կողմից, որով  ինձ հայտնել են, որ. «ՔԿԾ -ի  նախկին քննիչ Ա. Երեմյանի կողմից կաշառք ստանալու  Կ. Կարապետյանի կողմից արված հայտարարության, ինչպես նաև Կ. Կարապետյանի և Օ. Հովհաննիսյանի հարցաքննության ժամանակ վերջիններիս և ամբաստանյալ Ա. Զադոյանի կողմից միմիյանց հասցեին անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելու վերաբերյալ մեղադրող դատախազ Կ. Բիշարյանը զեկուցագրով հայտնել է Գլխավոր Դատախազին, և զեկուցագիրը ուղարկվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն»:

 

   Ինչպես նաև նշել է, որ իմ դիմումում նշված  Կ. Կարապետյանի և Օ. Հովհաննիսյանի կողմից կատարված մնացած հայտարարությունները իրենց մեջ հանցակազմ չեն պարունակում:

 

    Ինձ թվում է, որ դիմումիս պատասխան գրող Է. Արամյանն  այն ուշադիր չի կարդացել, տեսաերիզը ընդհանրապես չի զննել կամ էլ ՀՀ  քր. օր-ում կատարվել են փոփոխություններ, որոնց մասին միգուցե ես տեղյակ չեմ: Մասնավորապես՝ համադրելով դիմումումս նշված փաստերը, որպես ապացույց ներկայացված տեսաերիզը  և Է. Արամյանի պատասխանը, ակամայից գալիս եմ այն մտքին, որ ՀՀ քր. օր-ի 104 և 235 հոդվածներն  ապաքրեականացվել են, որի մասին Է. Արամյանը տեղյակ է, սակայն  հանրությունը՝ դեռ ոչ:

 

    Գործի փաստական հանգամանքներից, դատաքննության տեսաերիզից, հստակ երևում է, որ վկա Օ. Հովհաննիսյանը, չունենալով զենք կրելու իրավունք, կրել է այն և օգտագործել  այն, ինքը դա չի հերքում, ավելին իմ հարցին՝  «Կարո՞ղ ենք ֆիքսել, որ Դուք ապօրինի զենք եք կրել և օգտագործել այն», վերջինս դատական նիստի դահլիճում հպարտորեն պատասխանեց՝ «ԱՅՈ, ՖԻՔՍՈՒՄ ԵՔ, ՖԻՔՍԵՔ»:

 

    Հետևյալ հանգամանքները առավել քան բավարար են Օ. Հովհանիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրելու համար: Իսկ եթե սույն հոդվածը, Է. Արամյանի կարծիքով, ապաքրեականացվել է, ապա ելնելով Օրենքի առաջ բոլորի հավասարության և միատեսակ կիրառման սկզբունքից՝ դատախազությունը պետք է հրաժարվի Ա. Զադոյանին նույն ՀՀ քր. օր-ի 235 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքից: Նամանավանդ, որ Ա. Զադոյանի զենք կրելու հանգամանքը չի հիմնավորվում ոչ փորձաքննության եզրակացությամբ, ոչ դեպքի հանգամանքներով, ոչ էլ այդպես էլ չկատարած փորձարարությամբ,  քանի որ մանուկն անգամ կհասկանա,  որ մոտ 900 գր.  կշռող ատրճանակը, նույնիսկ հեքիաթում չի կարող մնալ անձի գուլպայի մեջ: Իսկ Օ. Հովաննիսյանի դեպքում, վերջինս ընդունում է իր կողմից ապօրինի զենք կրելու և օգտագործելու հանգամանքը: 

                                                                                                                                                                   

   Դատախազությունը սպանության սպառնալիք տալու համար մեղադրանք է առաջադրել Ա. Զադոյանին՝ հիմք ընդունելով գործով շահագռգիռ անձանց`  Կ. Կարապետյանի, Օ. Հովաննիսյանի և հակասական ցուցմունքներ տվող երկու «արժանահավատ» վկաների`Է. Թարվերդյանի և Մովսիսյանի ցուցմունքները: Հիմք ընդունելով, որ իբրև թե Ա. Զադոյանը Կ. Կարապետյանին վիճաբանության ժամանակ ասել է՝  «ցեղդ կվերացնեմ»: Բաց թողնենք այն հանգամանքը, որ նախաքննության կողմից չի ճշտվել, թե Կ. Կարապետյանի ցեղից ում է նկատի ունեցել Ա. Զադոյանը` կոնկրետ անձի, թե՞ ամբողջ ցեղին, և կոնկրետ ու՞մ և ինչպե՞ս է պատրաստվել վերացնել: Այս դեպքում անգամ Ա. Զադոյանին առաջադրված մեղադրանքը թերի է, որովհետև եթե մի պահ պատկերացնենք, որ Ա. Զադոյանն իսկապես նման արտահայտություն է արել, ապա նրան պետք է առաջադրվեր մեղադրանք, մեկից ավել անձանց  մահվան սպառնալիք տալու համար, կոնկրետ մեր դեպքում Կ.Կարապետյանի ցեղին,  եթե իհարկե վերացնելը և սպանելը ունեն ըստ դատախազության նույն քրեաիրավական մեկնաբանությունը:  Օրինակի համար նշեմ, որ սույն դիմումս ավարտելուց և Ձեզ ուղարկելուց հետո ես պատրաստվում եմ իմ նախկին ծանոթներից մի քանիսին վերացնել իմ կյանքից, նրանց հեռախոսահամարները սև ցուցակ գցելու միջոցով: Արդեն չգիտեմ, թե  այս պարագայում դա ինչ քրեաիրավական գնահատականի կարժանանա:

 

      Կ. Կարապետյանը դատական նիստի ժամանակ հստակ նշեց, որ կարգադրել է Օ. Հովաննիսյանին «գլխից խփել, սատկացնել» Ա.Զադոյանին, սակայն վերջինս վախեցել է, չի կատարել իր հրամանը, որից հետո ինքը վերցրել է Օ. Հովաննիսյանից զենքը և կրակել Ա. Զադոյանի ուղղությամբ: Ինչպես նաև ափսոսանք հայտնեց, որ վրիպել է, չի կպել Ա. Զադոյանի սրտին կամ գլխին և «չի սատկացրել վերջինիս»: Այն որ Կ. Կարապետյանի կողմից  Ա. Զադոյանի սպանության հրահանգը Օ. Հովանիսյանին եղել  ի սկզբանե ապացուցել է հենց նախաքննությունը՝ ֆիքսելով, որ ավտոմեքենան կանգնելուց հետո  Օ.Հովաննիսյանը ավտոմեքենայից արդեն իսկ իջել է զենքը ձեռքին, մինչդեռ այն, որ Ա. Զադոյանի մոտ կարող է զենք լիներ,  ըստ իրենց ցուցմունքների՝ իմացել են միայն ավտոմեքենայից իջնելուց հետո:

 

    Նորից վերադառնալով նախկին պարբերությունում շարադրվածիս, գտնում եմ որ եթե ՀՀ քր. օր-ի 104 հոդվածը, ըստ Է. Արամյանի, ապաքրեականացվել է, քանի որ վերջինս այս դրվագում նույնպես հանցակազմ չի տեսնում, ապա ինչպես կարելի է ապաքրեականացված հոդվածի բնութագիր ունեցող սպառնալիք տալու համար անձին մեղադրանք առաջադրել: Այսինքն,  ելնելով Օրենքի առաջ բոլորի հավասարության և միատեսակ կիրառման սկզբունքից, դատախազությունը պետք է հրաժարվի Ա. Զադոյանին նույն ՀՀ քր օր-ի 137 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքից նույնպես:

 

   Ելնելով վերը շարադրվածից՝ խնդրում եմ տալ իրավական գնահատական Օ. Հովաննիսյանի և Կ. Կարապետյանի գործողություններին: Իսկ եթե Դատախազությունը գտնում է, որ նրանց արդեն իսկ խոստովանած արարքներում հանցակազմ չկա,   ապա, ելնելով Օրենքի առաջ բոլորի հավասարության և միատեսակ կիրառման սկզբունքից, հրաժարվել  Ա. Զադոյանին  ՀՀ քր օր-ի 235 հոդվածի 1-ին  և 137 հոդվածի 1-ին մասերով  առաջադրված մեղադրանքներից: 

 

Կից ևս մեկ անգամ ներկայացնում եմ դատական նիստի տեսաձայնագրությունը, որին որ սկզբից մինչև վերջ ներկա է եղել նաև մեղադրող դատախազ Կ. Բիշարյանը: Իսկ եթե Դատախազությունը կգտնի, որ ներկայացված տեսաերիզը պատշաճ ապացույց չէ, ապա պարտավորվում եմ Դատախազության առաջին իսկ պահանջի դեպքում իմ միջոցներով դատարանից ստանալ դատական նիստի կրիչը և ներկայացնել նախաքննությանը:

 

 

                                                                                                                               Պաշտպան   Ս.Սարգսյան

 

                                                                                                                                                      10.11.2014թ

 

Նույն շարքից