Իրավական 

Բանկային անարխիա՞, թե՞ երկնքից երեք խնձոր, երեքն էլ «ՎՏԲ Հայաստան բանկ»-ին

Գրեթե ամեն օր  իրավաբանական գրասենյակներ են դիմում նորանոր քաղաքացիներ, ովքեր տուժել են բանկային համակարգի մեղմ ասած ապօրինություններից:
Ստորև ներկայացնում ենք  իրավաբանական գրասենյակ  դիմած հերթական քաղաքացու պատմությունը.  

 

«ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ն և դիմումատուն կնքել են վարկային պայմանագիր: Համաձայն վարկային պայմանագրերով սահմանված պայմանների վարկը քաղաքացուն տրամադրվել է 20% տոկոսադրույքով: Սակայն ժամկետանց վարկի նկատմամբ դադարում է գործել սահմանված 20% տոկոսադրույքը և մինչև ժամկետանց վարկի փաստացի մարումը դրա մնացորդի նկատմամբ սահմանվում է տարեկան 26% տոկոսադրույք և միևնույն ժամանակ ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ սահմանվում է տույժ՝ յուրաքանչյուր ուշացված օրվա համար ժամկետանց տոկոսագումարի 0.2%-ի չափով : Փաստացի որտե՞ղ է խախտումը.


ՀՀ օրենսդրությամբ ցանկացած արարքի համար անձը պետք է պատժվի մեկ անգամ, անձը չի կարող նույն արարքի համար պատասխանատվություն կրել երկու անգամ:
Դիմումատուի դեպքում, անձը,  վարկի մարումն ուշացնելու  հետևանքով, արդեն իսկ, ըստ վարկային պայմանագրի, տարեկան 20% տոկոսադրույքի փոխարեն մուծում է 26 % և այս դեպքում անհասկանալի է ժամկետանց տոկոսագումարի վրա սահմանված օրեկան 0.2 % տույժը: Վարկի մարումն ուշացնելու համար քաղաքացին արդեն իսկ պատժվել է: Փաստացի, անկախ ստորագրված վարկային պայմանագրի առկայությանը, վերը նշված պայմանագրային կետերից մեկը կամ մյուսը պետք է անվավեր ճանաչվեն:


Սակայն այս պատմության զավեշտը այսքանով դեռ չի ավարտվում:

«ՎՏԲ Հայաստան բանկ» -ը դիմում է դատարան և տարածում բռնագանձում վարկառուի գույքի նկատմամբ, սակայն դատարան ներկայացրած հայցադիմումի մեջ վարկի մնացորդը մոտ 200 000 ՀՀ դրամ ավել է հաշվում,բնականաբար նաև այդ չափով և տույժերը, և տուգանքները: Դիմումատուն դիմում է Ֆինանսական Հաշտարարին, վերջինս նույնպես հայտնաբերում է սխալը, նույնը ընդունում է նաև Բանկը: Թվում է ,թե դե մարդ են,բոլորը ընդունել են,և վերահաշվարկ կանեն, սակայն ոչ, բանկային ամենաթողությունը սահմաններ չունի, Բանկը հայտարարում է,որ ճիշտ է հաշվարկը սխալ է,սակայն կա վճիռ և իրենք ոչինչ անել չեն կարող և դիմումատուն կամ պիտի մուծի կամ պետք է դիմի դատարան: Որքանով էլ սա աբսուրդ է, բայց  դեպքն իրական է, և վարկառու թոշակառունփաստացի չգիտի ինչ անել:


Այսքանով էլ այս պատմությունը դեռ չի ավարտվում:Դիմումատուն բանկում ճշտում է իր պարտքը, խնդրում ժամանակացույց տալ իր պարտքի մարման համար, ստանում է այն և մարում: Հիմա մարդիկ կասեն, թե էլ ինչ եք ուզում,բանկն ընդառաջել է,թոշակառուին տվել է հնարավորություն ,և վերջինս մարել է վարկը և այլն:


Սակայն մեր թոշակառու-վարկառուն ամբողջությամբ մարելով վարկը դիմում է ԴԱՀԿ Ծառայություն, որպեսզի վերացնի արգելքն իր գույքերի վրայից և պարզում է,որ Բանկը իրենից նորից պահանջում է  ևս 960 000 ՀՀ դրամ:Ոսումնասիրելով վարկառուի մուծման անդորրագրերը պարզ երևում է, որ ստանալով 1 000 000 ՀՀ դրամ,վարկառուն մուծել է արդեն իսկ 2 200 000 ՀՀ դրամ և դեռ պարտք է մոտ 1 000 000 ՀՀ դրամ:Ներկայացված թվերը պայմանական են:


Վերլուծելով այս հանգամանքները, կարելի է վստահաբար ասել, որ անձը բանկի հետ պայմանագիր կնքելուց պետք է գիտակցի, որ ինքն իրեն դատապարտում է հավերժ ստրկության,իսկ Բանկն իր գործունեությունը ծավալում է ուղղակի հեքիաթային պայմաններում և հեքիաթի ոգով հանգիստ կարելի է ասել, որ վարկային պայմանագրերը կնքվում են բացարձակապես հօգուտ բանկի, ընդհանրապես չկա որևէ կետ, որը կարող է գնահատվել հոգուտ քաղաքացիների: Այս կերպ քաղաքացին, կնքելով պայմանագիր, կարող է անվերջ դառնալ բանկի ստրուկը, աշխատել և ամբողջ գումարը տալ բանկին ու նորից չենք կարողանում չհիշել մեր մեծ բանաստեղծին : Իսկ անենաանմարդկայինն այն է,որ մեր դիմումատուն թոշակի է անցել երկար տարիներ Բանկում աշխատելուց հետո:


Դիմումատուի բարձացրած հարցի շուրջ համապատասխան իրավաբանական գրասենյակն արդեն իսկ դիմել է դատարան, և բողոքն արդեն իսկ ընդունվել է վարույթ:


Այս և նման հարցերի օրենքների հետ համապատասխանության և նման հարցերի կարգավորման խնդիրներին այսուհետ մանրակրկիտ անրադարձ կկատարվի և իրավաբանական մեկնաբանություններ կտրվի, որոնք իրենց բնույթով կլինեն խորհրդատվական մեր քաղաքացիների համար և հույս ունենանք, որ մեր ներդրումը կունենանք քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման և հետագայում բանկային անարխիային դիմակայելու հարցում:

 

Հ.Գ. Հարգելի քաղաքացիներ, մի հավատացեք այն ստահոդ լուրերին,որ բանկերը անպարտելի են և վայելում են կառավարության կամ ՀՀ Նախագահի հովանավորչությունը:Դա բացարձակ սուտ է, օրենքի առջև բոլորը հավասար են,ուղղակի պետք է պայքարել ճիշտ և չհանձնվել:

Նույն շարքից