Բարի օր Մշակույթ 

Ընթերցանության ժամ. Գուրգեն Խանջյան. Աղջիկը, ժամագործը, ես

analitik.am

Առավոտից նյարդային անբացատրելի լարվածության մեջ եմ:

Վերջերս առհասարակ անհանգիստ եմ դարձել, անհանգիստ ու զգուշավոր: Պատճառն ըստ երևույթին հետապնդումն է` ինձ հետապնդում են: Չեմ կարող հաստատապես պնդել, թե ճանաչում եմ հետապնդողին, - կասկածները որպես փաստ ընդունել չեմ ցանկանում, - բայց ես լսում եմ նրան` նրա ձայնը, որ նման է ժամացույցի տկտկոցի կամ քունքերի մեջ արձագանքող սրտխփոցի: Երբ միայնակ եմ` լսելի է միայն սեփական տկտկոցս, սակայն երբ մարդկանց մեջ եմ` ականջներս է լցվում անհամար տկտկոցների ժխորը:

Ժխորն այսօր հատկապես բարձր է: Փորձեցի ականջներս բամբակով փակել: Ժխորը նվազեց, փոխարենը, սակայն, ուժգնացավ ներքին տկտկոցս, յուրաքանչյուր զարկի հետ այն ասես ծակում է ուղեղս. դա նման է հատուկ հրացանով բետոնի մեջ մեխ խփելուն: Հանեցի բամբակը. այսպես առավել տանելի է: Սակայն ամենուրեք ուղեկցող այդ աղմուկն ինձ վերջնականապես հանել է հավասարակշռությունից, ես ապակողմնորոշվել եմ, և կամազուրկ հետևում եմ հետապնդողին - տարօրինակ է` հետապնդողը նաև առաջնորդում է:

Գործից հետո, ամեն երեկո, ես արագ քայլում եմ տուն տանող ամենակարճ ճանապարհով, որպեսզի րոպե առաջ հասնեմ և միացնեմ հեռուստացույցը: Սակայն այսօր, որքան էլ տարօրինակ է, տուն հասնելու համար ընտրել եմ բեկբեկուն մի շրջագիծ, որն անհամեմատ երկարացնում է ճանապարհը: Իսկ այս երեկո վերջին մասն է. իր խորհրդավորությամբ սարսռեցնող, միևնույն ժամանակ սաստիկ ձգող հեռուստաշար է` «Մահվան դեմքը»: Վարողն էլ շատ հաջող է ընտրված. ցածր, թավ, ասես այլչափումային ձայնով, արձանի պես անհույզ, սակայն գրավիչ, կանոնավոր դիմագծերով ու կազմվածքով ջահել կին է, որին նախկինում երբեք չեմ տեսել, գուցե միայն այս հեռուստաշարի համա՞ր են հրավիրել... Սակայն զարմանալի է, այսօր երբ խոսք բացեցի այդ հաղորդման մասին, պարզվեց, որ աշխատակիցներիցս ոչ ոք այն չի դիտում, ավելին, նրանք պնդում էին, թե նման հաղորդում առհասարակ չկա: Բայց չէ՞ որ ես դիտում եմ այն ահա արդեն մի քանի օր: Նրանք ծիծաղեցին` ասելով, որ իմ հեռուստացույցը հավանաբար աշխատում է ուրիշ ինչ-որ չափման ծրագրով: Կարծեցի` կատակում են, ցանկանալով զվարճանալ իմ շփոթությամբ: Սակայն հետո ինձ ցույց տվին ծրագրաթերթը, և ես համոզվեցի` նման հաղորդում իսկապես նշված չէ: Մութ խնդիրը պարզաբանման կարիք ուներ, և ես հավանորեն երկար կմնայի մտատանջությունների գրկում, եթե չլիներ հետապնդումը, որի խորհրդավոր հևքը թույլ չէր տալիս երկար կենտրոնանալ որևիցե այլ խնդրի վրա: Եթե այնուամենայնիվ ցանկանում էի կենտրոնանալ` նախ պետք է հաշտեցնեի այդ երկուսին: Սակայն կասկած ունեմ, թե նրանք առանց այն էլ բարեկամներ են` դավադիրներ, որ դուրս են իմ միջամտության հնարավորությունների սահմանից: Ամենախելամիտը` ժամանակին ապավինելն է կարծում եմ. չէ՞ որ արդեն ընթացքի եմ դրված: Դրա մի ապացույցն էլ ճանապարհս երկարացնող շրջուղին է, որով հիմա գնում եմ` կամքիս հակառակ: Անշուշտ, միամտություն է կարծել, թե այս շրջագիծը միայն երկարացնում է ճանապարհս. ո՞րն է ապացույցը, թե շրջագիծն ինձ ի վերջո տուն է հասցնելու:

Կանգառում ցուրտ է, ավելի ցուրտ, քան շրջակայքում: Օդը թափանցիկ է, մի տեսակ բյուրեղային, և իմ յուրաքանչյուր շարժում կարծես փշրում է այն: Մթնող երկինքը մակարդվող արյան գույն ունի:

Բարձրացա ավտոբուս և հետո միայն հիշեցի, որ երթուղային համարին չեմ նայել: Իհարկե, տվյալ իրավիճակում, ավելի ճիշտ` հոգեվիճակում, համարի խնդրով ծագած անհանգստությունս ծիծաղելի էր, սակայն, այդուհանդերձ, տուրք տվի հետաքրքրությանս և մոտեցա ուղևորներին: Նրանք ընդամենը երեքն էին` անկիրք դեմքերով մարդիկ, որոնց սեռական պատկանելությունը կռահել դժվարացա:

- Ներեցեք...- սկսեցի, բայց չշարունակեցի, որովհետև նրանք արդեն թոթվեցին իրենց ուսերը և մատնացույց արին վարորդին: Ես մոտեցա նրան:

- Կներեք, համարին մոռացա նայել, ո՞ր երթուղով ենք գնում:

- Ի՞նչ տարբերություն,- առանց իմ կողմ շրջվելու պատասխանեց վարորդը` աչքերին իջեցնելով վանդակավոր կեպին:- Բոլոր երթուղիներն այնտեղ են տանում: Կուզե՞ս, ուղևորներին հարցնենք:- Նա վերցրեց բարձրախոսը և հարցրեց.- Ես ճի՞շտ եմ ասում:

- Ճիշտ ես ասում, իհարկե,- միաձայն պատասխանեց հերմոֆրոդիտ ուղևորների եռյակը:

- Լսեցի՞ր,- ինձ դարձավ վարորդը:- Այնպես որ, հանգիստ նստիր և սպասիր: Ավելորդ հարցեր էլ չտաս, վարորդի ուշադրությունը շեղել չի կարելի:

Նստեցի: Վարորդի հայելու մեջ մի պահ որսացի դժգույն, լարված դեմքս: Վարորդի դեմքն այդպես էլ չտեսա:

Մեքենան կանոնավոր կանգ էր առնում բոլոր կանգառներում: Սակայն ոչ ոք չէր մտնում, և դա այն դեպքում, երբ կանգառները լեցուն էին սպասողներով: Մարդիկ նայում էին մեքենային և կասկածանքով մի կողմ քաշվում: Վարորդը մի քիչ սպասում էր, փակում դռները և ընթանում առաջ: Իսկ ինչու՞ «առաջ»... Ի՞նչ իմանամ` ուր ենք գնում, գուցե ե՞տ...

- Ետընթաց չկա, ետընթացը հակասում է դիալեկտիկային,- բարձրախոսով հեգնում է վարորդը:- Ծուղակ է, հարգելիս, ծուղակ. ետընթաց չկա, իսկ առաջընթացը տանում է վերջին: Սրահում կարող ես ետ քայլել, սակայն միևնույն է, մեքենան առաջ է սլանում` տանելով քո միամիտ վրդովմունքը, այնպես որ` իզուր ես տագնապում, քեզնից ոչինչ կախված չէ, հանգիստ նստիր տեղդ:

- Նստիր, նստիր, քեզնից ոչինչ կախված չէ,- կրկնեց անկիրք եռաձայնը:

Հերթական ոլորանից հետո կտրուկ վայրէջք սկսվեց: Մեքենայի արագությունն աստիճանաբար մեծանում էր: Մայթերը, շենքերը, մարդիկ կայծակնապես փախչում էին մեր կողքերով: Քիչ անց շրջակայքը վերածվեց մուգ կետերով լցոնված մածուցիկության, որը ճեղքելով մենք սլանում էինք ավելի ու ավելի մեծ արագությամբ:

- Ահա,- անվրդով ասաց վարորդն ու հորանջեց,- արգելակները հրաժարվում են աշխատել:- Նա սեղմեց կոճակը, և մեքենայի դռները շրխկալով բացվեցին.- Խնդրեմ, ցանկացողները կարող են դուրս գալ:

Ուղևորները ծիծաղեցին խամաճիկային եռաձայնով: Տարօրինակ է, սակայն հայտնաբերեցի, որ ես էլ եմ ծիծաղում:

Մեքենան խփվեց մայթեզրին, երերալով բարձրացավ մայթ, հարվածեց ինչ-որ բանի և դղրդաց: Աչքերս փակեցի: Լսվեց պատռվող թիթեղի ճռինչ, փշրվող ապակու զնգոց, ապա ցնցվող մեքենան փնչացրեց և անշարժացավ: Իներցիայի ուժն ինձ թափով մի կողմ նետեց:

Բերանքսիվայր ընկած էի փոշոտ հատակին: Փորձեցի բարձրանալ. զարմանալի է, սակայն դա ինձ հաջողվեց անսպասելիորեն հեշտ: Ճիշտ է, գլուխս և կուրծքս ցավում էին, սակայն` միանգամայն տանելի: Նայեցի չորսբոլորս: Ուղևորները չկային, վարորդն էլ էր չքվել: Մի կերպ դուրս սողացի ծռմռված դռների արանքով և հայտնվեցի մայթին:

Մեքենայի շուրջն արդեն մարդիկ էին հավաքվել:

- Խեղճ երեխա,- լսեցի կողքիս կանգնած մեկի ձայնը:

- Երևի դպրոցից տուն էր գնում,- ասաց մեկ ուրիշը:

Ջարդված մեքենայի քիթը­` բուլդոգի կնճռոտ մռութ,­ դեմ էր առել բետոնե հաստ սյանը, սակայն արանքում ինչ-որ բան կար... շագանակագույն գործվածքի ծալք: Մոտ գնացի: Վերարկու էր, վերարկու, որը մեքենայի և սյան միջև մնացած աղջնակի հագին էր: Գետնին ընկած էր դպրոցական պայուսակը:

- Մեքենան հրենք,- առաջարկեց մեկը:

Ծանր մեքենան հրելը հեշտ չէր, սակայն մեզ հաջողվեց մի փոքր ետ տալ այն: Մամլումից ազատված` աղջնակի անշնչացած մարմինն ընկավ պայուսակի կողքին: Սոսկալի տեսարան էր. երերալով մի կողմ քաշվեցի: Քիչ հետո, երբ գլխապտույտս անցավ, զգացի, թե ինչպես է ուժգնանում տկտկոցների ժխորը, իսկ երբ նայեցի շուրջս, հանկարծ տեսա մի բան, որ նախկինում անտեսանելի էր ինձ` մարդկանցից յուրաքանչյուրի գլխավերևում մի մութ պսակ կար, որում արագ թարթում էին ֆոսֆորային թվանիշեր: Նույնպիսի պսակ կար նաև աղջնակի գլխավերևում, սակայն նրա թվացույցը կանգ էր առել, անփոփոխ թիվը թրթռում էր` հավանաբար մարմնի մեջ ինչ-ինչ կենսական պրոցեսներ դեռևս շարունակվում էին, բայց քիչ անց ժամացույցն իսպառ մարեց:

Փողոցային շան գլխավերևում նույնպես թարթում էր թվացույցը: Շունը փորձում էր մոտենալ դեպքին: Ինչ-որ մեկը խփեց նրան: Շունը կաղկանձելով փախավ և հեռվում նստած` շարունակեց հետաքրքրված նայել անցուդարձին:

- Խեղճ երեխա, տանը հիմա նրան անհամբեր սպասում են:

Շրջվեցի: Նրանք կանգնած էին ետևում` անկիրք դեմքերով այն երեք ուղևորները: Նրանք նորից միաձայն էին խոսում:

- Նրա ընթրիքը հիմա սեղանին սառչում է:

- Էհ, վազվզում ենք, թռչկոտում... Իսկ ժամացույցները կտկտում են, և ոչ ոք չգիտի ժամը,-­ շարունակում էր եռյակը,­- միայն նա գիտի, Նա: - Եռյակն ակնածանքով մատնացույց արեց քիչ հեռու կանգնած մարդուն, վերջինս հանեց կեպին և համեստորեն խոնարհվեց: Նա էր` վարորդը: «Ահա նա, բռնեք»,- գոռացի, սակայն կոկորդիցս ձայն դուրս չեկավ, պարզապես բացուխուփ էի անում բերանս` ափ ընկած ձկան պես: Վարորդը ծիծաղեց` ծամածռելով հողագույն դեմքը: Գլխարկի եզրից սարդոստայնի զզվելի ծվեն էր կախված: Մինչ դուրս կգայի քարացումից, վարորդն անհայտացավ, չքվեց նաև եռյակը:

Մթնել էր: Թույլ անձրև էր մաղում: Ճռճռալով ճոճվում էին լապտերները` աղոտ լուսաբծեր տարուբերելով թաց գետնին: Քայլում էի ճլմփացնելով փոսորակներում հավաքված անձրևաջուրը: Տհաճ հոտ էր տարածվել, ինչպիսին լինում է անձրևաթափի առաջին պահերին: Չգիտեի` ուր եմ գնում, պարզապես աննպատակ թափառում էի: Հիմարություն, աննպատակ ոչինչ չի լինում, լինում են շատ խոր թաքնված չգիտակցվող նպատակներ, որոնց թաքուն դրդմամբ կատարած գործողություններին նպատակի բացակայություն ենք վերագրում:

Մութ շքամուտքում գրկախառնված` տկտկում էին տղան ու աղջիկը:

- Սիրում եմ,- տկտկաց տղան:

- Կրկնիր...- ընդհատվող տկտկոցով խնդրեց աղջիկը:

- Ես քեզ հավերժ սիրելու եմ:

Հեռացող ականջներիս մեջ որոշ ժամանակ դեռ արձագանքում էր վերջին տկտկոցը` «Հավերժ, հավերժ, հավերժ...»:

Փողոցի անկյունում առջևս բուսնեց մի ծերուկ` ձեռնափայտին հենված փլատակ: Երբ անցնում էի կողքով` իր չոր մատներով հանկարծ ամուր բռնեց թևս:

- Օգնիր անցնեմ:- Ծանոթ երանգ կար այդ ճռճռան ձայնի մեջ:

Ծերուկը կախ ընկավ թևիցս, և ես նրան քարշ տվի դեպի մյուս մայթ: Հանկարծ տեսա, որ փողոցի ծայրից կատաղի արագությամբ մեր կողմ է սլանում լույսերն անջատած մի մեքենա: Փորձեցի արագացնել քայլերս, սակայն ծերուկը մեխվեց տեղում` ո՛չ ինքն է շարժվում, ո՛չ ինձ է թողնում: Մեքենան սուրաց` քսվելով վերարկուիս փեշին: Սիրտս ահաբեկված տրոփում էր: Իսկ ծերուկը հանկարծ սկսեց քրքջալ: Ճանաչեցի` վարորդի քրքիջն էր, այո, վարորդն էր: Սակայն մինչ բերանս կբացեի, վարորդ-ծերուկը թողեց թևս և վազեց գիշերային փողոցով: Շենքի տանիքից երեք ագռավ պոկվեցին և թռան նրա ետևից: Շուտով թե՛ ագռավների կռկռոցը, թե՛ վարորդի ոտնաձայները մարեցին փողոցի ծայրում:

Տկտկում էին ծառերը, տկտկում էր թաց խոտը, անձրևն ու քամին, մայթերն ու շենքերը, տկտկում էր ամբողջ երկրագունդը, գուցեև` տիեզերքը: Փակեցի ականջներս, այդպես, ականջներս ձեռքերով սեղմած, մտա զբոսայգու ծառուղին, որի եզրերով շարված հանգած լապտերներն առավել էին շեշտում ընդհանուր մթությունը: Անձրևն անսպասելիորեն կտրվեց, ցուրտը սկսեց սաստկանալ: Միակ լուսարձակող լապտերին հենված հարբեցողն ինչ-որ բան էր ասում: Ականջներս բաց թողի, որպեսզի լսեմ, բայց էլ չխոսեց:

Պուրակից դուրս էի գալիս, ծառուղին աննկատ վերածվել էր ցեխոտ արահետի: Քայլելը դժվար էր, ներբաններս ծանրացնում էր կպչուն ցեխը: Արահետի երկու կողմերում աղբակույտեր երևացին, վխտում էին առնետները, տեղ-տեղ նրանք այնքան շատ էին, որ դիտվում էին ինչպես խլրտացող ամբողջական զանգված: Մի աղբակույտից մյուսը վազելիս առնետները հաճախ սուրում էին ուղղակի ոտքերիս առջևով, պատահում էր` նաև վրայով: Աղբակույտերը մնացին ետևում, դրանց փոխարեն հայտնվեցին շիրմաքարերը` գերեզմանատուն էի մտնում:

Այստեղ կատարյալ լռություն է, խորհրդավոր լռություն: Լարվել էի սեղմված զսպանակի պես և դարձել զգայուն, ինչպես շիրմաքարի վրայից ինձ հետևող կատվի բիբը: Երբ ծափ զարկեցի` նպատակս ոչ այնքան կատվին քշելն էր, որքան սեփական ես-ը վերջապես զգալը: Ծափս ճայթեց լռության մեջ և աստիճանաբար մարեց` արձագանքելով ավելի ու ավելի հեռվում:

- Շշշ, կամաց...

Կինը նստած էր ճամփեզրի ցածրիկ նստարանին, ինձ շատ մոտիկ. ինչպե՞ս չէի նկատել... Սիրտս անսպասելիորեն սեղմվեց, լուռ նստեցի նրա կողքին` այնքան մոտիկ, որ մեր ծնկները քսվեցին միմյանց: Իսկ նստարանը երկար էր. մի՞թե սեռական բնազդն իրեն չի կորցնում նույնիսկ այնպիսի հզոր հույզի ներկայությամբ, ինչպիսին վախն է: Նստած եմ և զգում եմ կանացի մերկ ծնկի հաճելի հպումը: Լուսնի լույսով երևում է նրա սիրունիկ կիսադեմը, պաղած հոգիս սկսում է ջերմանալ:

- Մի գրկիր,- կինը ցույց է տալիս շիրմաքարերը,- նայում են:

- Թքած, մի վախենա,- նրա գեղեցիկ ազդրերը մեջս քաջություն են ծնել, ավելի ճիշտ` նրանք բթացրել են վախը, և քաջության ծնունդն այս դեպքում արդեն մի մեծ քաջություն չէ:

- Ե՞ս վախենամ,- ծիծաղում է` շողշողացնելով ճերմակ ատամնաշարը: Սակայն նրա ծիծաղի մեջ ինչ-որ անբնական երանգ կա: Այտին մի սիրուն փոսիկ է գոյանում: Մի փոքրիկ փոսիկ էլ ողորկ դնչիկին կա: Այո, նրա ձայնի մեջ տարօրինակ երանգ կար, սակայն փոսիկների հմայիչ խաղը մոռացնել է ստիպում այդ բանը: Մոտեցնում եմ ընդհատվող շնչառությունս. նա անսպասելիորեն իմ կողմն է շրջում դեմքը, և մեր շուրթերը հանդիպում են: Նրա բերանը հողի համ ունի: Սակայն ես դա չեմ զգում: Ես չեմ նկատում նրա մազերից կախված սարդոստայնը:

- Ժամ առաջ ատում էիր ինձ, հիմա համբուրում ես: Ի՜նչ փոփոխական է կյանքը:

- Ո՞վ ես,- սթափվեցի ես ու նոր միայն նկատեցի, որ կինը նման է այն առեղծվածային հեռուստաշարի վարողին:

- Ժամագործ եմ. այսօր քո տեսած բոլոր ժամացույցները ես եմ սպասարկում: Կարող եմ նաև վարող լինել կամ` վարորդ,- ծիծաղեց նա: Դա արդեն վարորդի ծիծաղն էր: Նստարանի տակից հայտնվեցին կատուները և մլռտալով փարվեցին նրա ոտքերին: Կատուները միաձայն էին մլռտում: Նրանք երեքն էին, մեկը` շիրմաքարի վրայից քիչ առաջ ինձ հետևող կատուն էր:

- Այո,- ասացի` ինչ-որ բան ասած լինելու համար: Ձեռքս շարունակում էր գրկած պահել նրա մեջքը:

- Այո,- կրկնեց նա:- Հիմա մենք մտերիմնե՞ր ենք:

- Աղջնակը մեղք էր:

- Ի՞նչ կարող եմ անել, նրա ժամացույցն այդ ժամի վրա էր լարված: Լարողը ես չեմ, ես միայն սպասարկում եմ, ես կատարածու եմ: Դու ճիշտ վարվեցիր, ինձնից խուսափել անհնարին է, ճիշտը մտերմանալն է: Դա դժվար բան է, բայց քեզ հաջողվեց: Այսուհետև դու ընթանալու ես հակառակ ուղղությամբ` որպես ելակետ ընդունելով ինձ:

- Դա ինձ ի՞նչ է տալու:

- Հասկանում եմ: Սակայն միամիտ մի եղիր, հակառակ ուղղությամբ ընթանալը հավերժություն չի նախատեսում:

- Ուրեմն քեզ ճանաչելը միայն ավելացնում է տառապանքը:

- Բայց ինձ չճանաչելը հեռու է տանում կյանքը ճիշտ գնահատելուց: Իսկ դու ցանկանում ես շուրջդ տեղի ունեցողից ինչ-որ բան հասկանալ, այնպես չէ՞: Հակառակ դեպքում չէիր համարձակվի ինձ փնտրել: Այո, այսուհետև այլ կերպ ես տեսնելու կյանքը, այդ տառապալից անպետքությունը:- Նկատելով վրդովմունքս` նա քմծիծաղեց.- Մի վիրավորվիր, ընդամենը իմ կարծիքն է. իրավունք ունե՞մ սեփական կարծիքի:

- Ունես, իհարկե ունես,- մլռտացին կատուները:

- Ցավոք` ունես,- համաձայնեցի: - Բայց ես սիրում եմ կյանքը, որքան էլ երբեմն ատելի լինի:

- Սպանիչ համատեղություն է` սեր և ատելություն: Դեհ, գնամ իմ բանին: Իսկ դու գնա ու զմայլվիր այդ սիրելի ու ատելի խաղով: Ցտեսություն չեմ ասում, քանի որ հիմա միշտ քեզ հետ եմ:

Ժամագործը հեռացավ. կատուները հետևեցին նրան:

Իսկ ես, նրանից անբաժան, քայլում եմ դեպի արթնացող քաղաքը, և որքան ավելի ենք հեռանում միմյանցից, այնքան ավելի ամուր է սեղմվում նա ինձ. չէր սխալվում, երբ ասում էր, թե այսուհետև միշտ ինձ հետ է: Կրկին անցնում եմ աղբակույտերի մոտով: Կարկատած պարկն ուսն առած մեկը խառնշտորում է աղբը, նրա աչքերը վառվում են պեղումներ կատարող հնագետի հետաքրքրասիրությամբ: Վերջին աղբակույտից գոլորշի է բարձրանում, ըստ ամենայնի` նոր բերված թարմ աղբ է, եթե աղբը կարելի է թարմ համարել: Գոլորշին միշտ չէ, որ թարմության նշան է, թեև թարմ հասկացությունն էլ հարաբերական է` անսկիզբ ու անվերջ ընթացող քիմիական պրոցես, որի մի փուլը մարդիկ թարմ են համարում, քանի որ հենց այդ փուլն է համապատասխանում իրենց կարիքներին, որդերը կամ բորենիները, օրինակ, թարմության մասին բոլորովին այլ կարծիք ունեն: Մտնում եմ ծանոթ զբոսայգու ծառուղին: Լապտերի տակ պառկած հարբեցողն անխռով խռմփացնում է` պղպջակներ գոյացնելով սեփական փսխունքի մեջ: Դուրս եմ գալիս փողոց:

Նայում եմ, և ինձ չի լքում այն թվացումը, թե շուրջս ամեն բան մի տեսակ թափանցիկ է. թափանցիկ շենքերի միջով տեսնում եմ ուրիշ թափանցիկ շենքեր, միմյանց հատող փողոցներ, նրանցով քայլող թափանցիկ մարդկանց: Մենք քայլում ենք հակառակ ուղղություններով` ես և թափանցիկ բազմությունը, որի միջով ճանապարհ հարթելն ավելի ու ավելի դժվար է դառնում: Ինձ կոպտորեն հրում են`­ բազմությունը չի սիրում հակառակ ուղղությամբ ընթացողներին: Ստիպված բարձրանում եմ զբոսայգին փողոցից բաժանող պարիսպի վրա: Քայլում եմ պարսպի վրայով և նայում աղմկող ամբոխին: Աղմուկը գնալով սաստկանում է: Մարդիկ կասկածանքով են նայում իրար և ավելի արագացնում իրենց քայլերը, վախենալով, թե ետ կմնան: Արդեն վազում են, հրմշտում, քաշքշում միմյանց` ամբողջովին կլանված այս խաղով: Նրանք կոխկրտում են ծաղիկները, ջարդում ծառերը, թքում, միզում պատերին, հայհոյում այն ամենը, ինչը խոչընդոտում է խելացնոր երթին: Երբեմն թվում է, թե փողոցով սլացող գորշ զանգվածի մեջ տեսնում եմ ժամագործի հեգնաժպիտ դեմքը:

Հենափայտերի վրա անհեթեթորեն ոստոստացող մեկն աղեկտուր կանչում է.

- Էյ, բա ե՞ս...Ախր ես մնացի...- Նա կառչում է կողքից անցնող մարդկանց հագուստներից, սակայն բանի տեղ դնող չկա` նրան կոպտորեն հրում են ու երթից հանում:

- Դու էիր պակաս, հաշմանդամ...

- Ախր ես մնացի...- շքամուտքի միզված աստիճաններին ընկնելով գոռում է հաշմանդամը, հետո շրջվում է և հենափայտով հարվածում վազող մեկին:- Ուրեմն ինձ չեք տանում, հա՞, ես ձեր էն...- հայհոյում է և կատաղած թափահարում փայտը: Ի վերջո նրան հրում, գցում են շքամուտք և դուռը փակում:

Հորիզոնում, ծառերի, շենքերի ետևից հայտնվում է արեգակը և շուրջն ամեն բան ողողում իր լույսով:

- Արևը դուրս եկավ, նայեք, ի՜նչ սիրուն է արևածագը,- գոռում է մի աղջնակ:

- Թքած,- պատասխանում են նրան,- ամեն առավոտ տեսնում ենք, մի կողմ քաշվիր:

- Նայում եք, բայց չեք տեսնում,- համառում էր աղջիկը, որ կանգնած է ամբոխաերթի կենտրոնում և վեր պարզած ձեռքերով ցույց է տալիս բարձրացող արեգակը:Նա հիշեցնում է մեքենայի և սյան արանքում մնացած այն աղջկան:

Նրան հրում` ցած են գլորում, սակայն կարողանում է բարձրանալ: Ժխորն ուժգնանում է: Աղջկա ձայնը չի լսվում, բայց նա շարունակում է գոռալ` թափահարելով նիհարիկ ձեռքերը: Մազերը գզգզված են, հագուստը ճղճղված, մարմինը ճանկռտված ու արնոտ: Այնպիսի տեսք ունի, կարծես բռնաբարվել է տասնյակ ստահակների կողմից: Նա կանգնած է դեմքով դեպի արեգակը, և նրա երկնագույն աչքերում առկայծում են վաղորդյան շողերը. դեմքով դեպի արեգակը և դեպի վրա եկող ամբոխը: Հանկարծ կորցնում եմ նրան տեսադաշտից. տագնապած ձգվում եմ ու փնտրում...

Գտա. աղջիկը բերանքսիվայր ընկած է գետնին, նրան անտարբերությամբ կոխկրտում են: Ցատկում եմ պարսպից և այս ու այն կողմ հրելով մարդկանց` ճանապարհ բացում դեպի աղջնակը: Վերջապես հասնում, գրկում և բարձրացնում եմ նրան: Իր փոքրիկ, տաք ձեռքերով գրկում է պարանոցս, դեմքը քսվում է դեմքիս, արնոտվում եմ, նրա ճակատից հոսող արյունն է: Լարելով ուժերս, նրան մի կերպ դուրս եմ հանում խառնաշփոթից: Ճակատի վերքը կարծես այնքան վտանգավոր չէ, բայց արյուն շատ է կորցրել. ցայտաղբյուրի ջրով լվանում եմ, ապա թաշկինակս թրջում, դնում վերքին: Արնահոսությունը դադարում է: Վերստին բարձրացնում եմ նրան և տանում դեպի զբոսայգու խորքը: Նա բացում է աչքերը և խնդրում.

- Հեռու մի տար...

Վերադառնում ենք ու տեղավորվում պարսպի եզրին: Աղջնակը շարունակում է գրկած պահել պարանոցս:

Այդպես, գրկախառնված, մենք դիտում ենք անհեթեթ անցուդարձը` Աղջնակը, ես, Ժամագործը:

Սկզբնաղբյուր` litopedia.org

Նույն շարքից