Քանի դեռ Ռուսաստանը՝ օժանդակելով Բաշար Ասադի կառավարական զորքերին, դիպուկ ավիահարվածներ է իրականացնում ԻՊ գրոհայինների դիրքերին, Թուրքիան՝ ի դեմս նախագահ Էրդողանի, շարունակում է պղտոր ջրում ձուկ որսալու մարտավարությունը:
Ընդգրկվելով Իսլամական պետության դեմ պայքարի ԱՄՆ կոալիցիային, Թուրքիայի ղեկավարությունն իրականում սեպ է խրում ընդհանուր նպատակին հասնելու գործընթացում: Էրդողանը՝ շարունակելով պայքարը քրդերի դեմ, միաժամանակ կոչ է անում ԱՄՆ-ին ու Ռուսաստանին վարվել նման կերպ:
Թուրքիայում հունիսյան ընտրությունների արդյունքում այդպես էլ չհաջողվեց ձեւավորել կոալիցիոն կառավարություն, Էրդողանը զրկվեց ազդեցության լծակներից, նշանակալի ձայներ հավաքեցին քրդամետ ընդդիմադիրները: Նշանակվեցին նոր արտահերթ ընտրություններ, իսկ Անկարայում հնչեցին պայթյուններ:
Միաժամանակ հնչած երկու ահաբեկչությունների հետեւանքով զոհվեց ավելի քան 100 մարդ: Սկզբնական փուլում թուրքական իշխանությունները ահաբեկչության մեջ փորձեցին մեղադրել քրդերին՝ հայտարարելով, որ վերջիններս արտահերթ ընտրությունները ձախողելու նպատակ են հետապնդում: Սակայն ցույցը, որի ընթացքում տեղի ունեցավ ողբերգություն, կազմակերպվել էր քրդամետ ուժերի կողմից, իսկ ահաբեկչության զոհերի զգալի մասը հենց քրդեր էին: Ուստի բավականին զավեշտալի էին Քրդական աշխատավորական կուսակցության դեմ հնչած նմանատիպ մեղադրանքները:
Այնուհետեւ թուրքական դատախազությունն ահաբեկչությունների իրականացման մեջ մեղադրեց ԻՊ խմբավորման թուրքական մասնաճյուղի զինյալներին: Քրդերի դեմ անհիմն մեղադրանքը հանգեցրեց նախկինում կնքված հրադադարի չեղարկմանն ու այսօր Քրդական աշխատավորական կուսակցությունը Էրդողանի կոկորդին կանգնած ոսկոր է հիշեցնում: Քրդական հարցը մեկընդմիշտ թաղելու ճանապարհին Էրդողանը պատրաստ է ծայրահեղ միջոցների դիմել, նույնիսկ փչացնել հարաբերություններն արեւմտյան գործընկերների հետ:
Թուրքական լրատվամիջոցները հիվանդագին ընդունեցին ՌԴ նախագահ Պուտինի՝ ԻՊ խմբավորման դեմ պայքարում քրդերին ակտիվորեն ներգրավելու ու օժանդակելու առաջարկը: Այն, որ հակառուսական հիստերիան Թուրքիայում կարող էր հասնել նման ծավալների, միանգամայն օրինաչափ էր տվյալ երկրի աշխարհաքաղաքական նկրտումների տեսանկյունից: Իսկ ահա Վաշինգտոնի կողմից քրդերի օժանդակությունն Անկարան համարում է անձնական վիրավորանք ու շառաչուն ապտակ:
Էրդողանը՝ ավելի հեռուն գնալով, սկսեց սպառնալ արեւմտյան դաշնակիցներին, վստահեցնելով, որ համարժեք գործողությունների կդիմի քրդերին օժանդակելու դեպքում:
Շարունակությունը կարդացեք «Անալիտիկ» շաբաթաթերթում