Սկսենք նրանից, որ Հայաստանի կառավարությունը ներդրումային քաղաքականությունը դիտարկում է որպես իր տնտեսական զարգացման ուղու կարեւորագույն ուղղություններից մեկը եւ խիստ կարեւորում է մասնավոր ներդրումների, այդ թվում` Օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ներգրավումը, որը կխթանի արդյունաբերության, ինչպես նաեւ տնտեսության այլ ոլորտների զարգացմանը:
Նշենք, որ Հայաստանը հայտարարել է «Բաց դռների» ներդրումային քաղաքականություն եւ այս ազատական մոտեցումն արտացոլվել է օրենսդրության մեջ՝ 1994-ի Օտարերկրյա ներդրումների մասին օրենքի ընդունմամբ եւ տնտեսական օրենքների ներդրումներին վերաբերող այլ դրույթներում:
Ներդրումային քաղաքականության վերաբերյալ իր հայտարարություններում էկոնոմիկայի նախարարությունը 18 առավելություն է նշում՝ ներդրումային երաշխիքներ, արագ աճող տնտեսություն, քաղաքական եւ տնտեսական կայունություն և այլն:
Եթե փորձենք առանձին-առանձին անդրադառնալ այն կետերին, որոնք բնութագրում են ՀՀ ներդրումային գրավչությունը, ապա կընկնենք ոչինչ չասող մի խառնիխուռն վիճակի մեջ, այդուհանդերձ թվարկված առավելություններն ավելի շատ կարելի է համարել թերություն:
Այսպես, օրինակ, չնայած նրան, որ ունենք ներդրումների մասին օրենք, սակայն այն հեռու է կատարյալ կոչվածից եւ չի կարգավորում հատկապես մենաշնորհների եւ, այսպես կոչված, ապակե դռների գաղափարը:
Ներդրումային երաշխիքների մասին խոսելիս էլ հարց է առաջանում, թե ինչու որեւէ խոշոր ներդրող, որին այդքան գրավում է Հայաստանի ներդրումային միջավայրը, ներդրում կատարելու ծրագրերը ներկայացնում է Հայաստանի իշխանությանը և քննարկում է դրանք այդ իշխանության հետ:
Եթե երկրի ներդրումային միջավայրը գրավիչ է, ապա ի՞նչ կարիք կա այդ միջավայր մտնելուց առաջ հանդիպել տվյալ երկրի իշխանության ներկայացուցիչներին, նրանց հետ քննարկել ներդրումային ծրագրերը:
Չէ՞ որ ներդրումային միջավայրի գրավչությունը նախեւառաջ այն է, որ այնտեղ հարգվում են օրենքներն ու իրավունքը եւ ամեն-ինչ կարգավորվում է դրանց շրջանակում: Հասկանալի է, որ Հայաստանի իշխանությունից ներդրողները գուցե պահանջում են երաշխիքներ, որ օրենքն ու իրավունքը կհարգվի, բայց դա արդեն ինքնին նշանակում է, որ կան խնդիրներ:
Համենայն դեպս, եթե որեւէ խոշոր ներդրող Հայաստանում ներդրում անելուց առաջ անհրաժեշտ է համարում հանդիպել տնտեսական ոլորտի պատասխանատուի հետ, դա արդեն նշանակում է, որ Հայաստանի ներդրումային միջավայրն ինքնին գրավիչ չէ: Արագ աճող տնտեսություն ունենալու մասին խոսելն էլ դեռ վաղ է: Ինչպես ասում են՝ աչքը տեսածին է հավատում:
Շարունակությունը կարդացեք «Անալիտիկ» շաբաթաթերթում