Հասարակություն Հոգեբանի անկյուն 

Ազդո՞ւմ է արդյոք եղանակի փոփոխությունը մարդկանց հոգեբանության վրա

analitik.am

Այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Հոգեբանական գիտությունների միջազգային ակադեմիայի պատվավոր անդամ, միջտարածաշրջանային դասախոս Միհրդատ Մադաթյանը, խոսելով մարդկանց հոգեբանության վրա ցուրտ եղանակների ազդեցության մասին, նշեց, որ եղանակի ցրտելը բնության դեպրեսիայի շրջանն է, և մարդը՝ որպես բնության անդամ, բնության հետ մեկտեղ փոքրիկ դեպրեսիա է ապրում:

«Սա ավելի շատ պասիվության շրջան է, քան ագրեսիայի արտահայտման, եթե խոսքը ցուրտ եղանակի մասին է։ Էմոցիոնալ պիկեր մենք ունենում ենք աշնանային շրջանում։ Սա ոչ թե ցուրտ եղանակի հետ է կապված, այլ եղանակային փոփոխության, այսինքն՝ երբ ամառային շրջանից մենք անցում ենք կատարում ձմեռային շրջանի։ Նույնն էլ տեղի է ունենում գարնանը, երբ ձմեռային շրջանից մենք անցում ենք կատարում ավելի տաք՝ ամառային շրջանի»,- ասաց նա։

Պարոն Մադաթյանի խոսքով՝ մարդիկ ագրեսիայի ակտիվ դրսևորումներ հիմնականում ունենում են գարնանը, երբ եղանակային փոփոխությունը դեպի ավելի տաքի է գնում։ Այդ տրամաբանության շրջանակում՝ ձմռանն այդքան էլ բնորոշ չեն ագրեսիաները։ Ըստ նրա՝ ձմեռային եղանակն ագրեսիայի համար նպաստավոր չէ։

«Գոյություն ունի սեզոնային դեպրեսիա հասկացությունը։ Ամբողջ աշխարհում սա կա, և նույնիսկ որոշ երկրներում հատուկ լուսային լամպեր են արտադրում, որոնք ցերեկային լույս են տալիս, որպեսզի այդ դեպրեսիան որոշակիորեն քչացնեն։ Սեզոնի փոփոխության հետ կապված՝ մենք որոշակի դեպրեսիաներ տանում ենք, բայց եկեք հասկանանք, որ դեպրեսիվ վիճակն ագրեսիայի հետ այդքան էլ կապ չունի։ Դեպրեսիան հենց պասիվություն է, այն չի կարող ակտիվ լինել։ Դեպրեսիայի ախտանիշների մեջ մտնում են պասիվությունը, տրամադրության անկումը, քնի որոշակի խանգարումը, ախորժակի բացակայությունը և այլն»,- ասաց նա։

Ամփոփելով իր խոսքը՝ պարոն Մադաթյանն ընդգծեց, որ երջանկություն ասվածը և ընդհանրապես այն գաղափարները, որոնց համար մարդիկ կյանքով մեկ պայքարում են կամ ձգտում են ունենալ, ներքին գաղափարներ են՝ ոչ մի կապ չունեցող ո՛չ սոցիալական վիճակի, ո՛չ երկրի, որտեղ ապրում են, ո՛չ եղանակի և ոչ մի այլ բանի հետ:

«Սրանք ներքին ներդաշնակության գաղափարներ են։ Տեսեք, ամենաբարձր դեպրեսիայի ցուցանիշը սկանդինավյան սոցիալապես ապահով երկրներում է, և սուիցիդի ամենամեծ քանակը նույնպես այնտեղ է գրանցվել, որտեղ մարդիկ կարծես թե պիտի երջանիկ լինեին։

Իսկ ամենաերջանիկ երկրները համարվում են աֆրիկյան երրորդ-չորրորդ կարգի երկրները, որտեղ երջանկության ցուցանիշն ավելի բարձր է։ Սա ներքին ներդաշնակության, ներքին զգացողության խնդիր է։ Այսինքն՝ մարդը պիտի ձգտի հասնել երջանկության, նա պետք է ուզենա ունենալ այդ ներդաշնակությունն իր մեջ։ Այդ դեպքում աշունն էլ է գեղեցիկ լինում, ձմեռն էլ, գարունն էլ, ամառն էլ, ամեն մեկը՝ յուրովի, և նեղվելու խնդիր չի լինում»,- ասաց նա։

Նույն շարքից