Հայաստան Քաղաքական Միջազգային Հասարակություն գլխավոր 

Ադրբեջանի ԱԳՆ-ն այս հոդվածի համար հեղինակի անունն ընդգրկել է իր «սև ցուցակում»

Die Welt գերմանական ամսագրի թղթակիցն այցելել է Ղարաբաղ և իր տպավորությունները ներկայացրել հայկական աշխարհի մասին: Ադրբեջանի ԱԳՆ-ն այս հոդվածի համար գերմանացի լրագրողի անունն ընդգրկել իր «սև ցուցակում»:

Աշխարհի ոչ մի երկիր դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը, սակայն այդ հանգամանքը չի խանգարում, որ զբոսաշրջիկներն այցելեն այս երկիր և վայելեն վայրի գեղեցկությունն ու հայկական հյուրընկալությունը: Die Welt գերմանական ամսագրի թղթակից Էլիան Էհրենռայխն այսպես է սկսում Լեռնային Ղարաբաղ կատարած ճանապարհորդության մասին պատմող հոդվածը:

«Հայերն ազատ մուտք ունեն Լեռնային Ղարաբաղ՝ փոքրիկ, ինքնահռչակ երկիր՝ 130 000 բնակչությամբ: Մյուսներն այստեղ գալու համար պետք է մուտքի արտոնագիր ունենան: Հետևում թողնելով կարմիր տանիքներով Գորիսը՝ մենք հանկարծ հայտնվում ենք Լեռնային Ղարաբաղի սահմանների մոտ, որն ասես երկնքից իջած երկիր լինի: Այստեղ ոչինչ չի հիշեցնում այն մասին, որ այս հողակտորը արյունահեղ պատերազմի, մարտերի հարթակ է եղել տարիներ առաջ: 1994թ.-ին կնքված հրադադարից հետո Լեռնային Ղարաբաղը ինքնիշխանության խորհրդանիշ է դարձել աշխարհասփյուռ հայերի համար: Բջջային հեռախոսի վրա հայտնվում է «Բարի գալուստ, Ադրբեջան» գրությունը, մինչդեռ ադրբեջանցիներն արդեն վաղուց կորցրել են նախկին անկլավը, որտեղ անհիշելի ժամանակներից բացառապես հայեր են ապրել»,- գրում է հոդվածի հեղինակը:

Ինչպես նշում է հոդվածագիրը, մոլորակի այս զարմանահրաշ անկյունը ասես քրիստոնեական կղզի լինի, որը տարեկան ընդամենը մի քանի հազար զբոսաշրջիկ է ունենում:

«Երբ հատում ենք սահմանը, մեր առջև բացվում է մշակված լեռնային ճանապարհը, որը տանում է դեպի Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ: 20 տարի է անցել, բայց պատերազմի հետքերը դեռ լրիվ չեն վերացել. Շուշիով անցնելիս գնդակոծված ու լքված տներ ենք տեսնում: Շուշին ադրբեջանցիների վերջին հենակետն է եղել, որտեղից գնդակոծել են Ստեփանակերտը, սակայն հայերը կարողացել են գրավել քաղաքը՝ դուրս մղելով ադրբեջանցիներին: Հասնելով Ստեփանակերտ՝ մենք կանգ ենք առնում «Տատիկ-պապիկի» հուշարձանի մոտ, որը կառուցվել է կես դար առաջ ու անկախության խորհրդանիշ դարձել»:

Հոդվածագիրը նշում է, որ երբ մարդկանց հարցնում ես՝ ո՞վ է աշխարհում ամենահայտնի հայը, պատասխանները տարբեր են, մեկն ասում է՝ Հենրիխ Մխիթարյանը, մյուսը՝ Արթուր Աբրահամը, հետո հնչում են ուրիշ անուններ՝ Շեր, Անդրե Աղասի, Արտեմ Միկոյան:

«Քիմ Քարդաշյանի անունը լսելիս՝ մարդիկ տարակուսանքով ինձ են նայում: Միակ մարդը, որի համաշխարհային հռչակն անվիճելի է, Շառլ Ազնավուրն է, ու մենք միասին թթի օղիով խմում ենք նրա կենացը»,- եզրափակում է հեղինակը:

Նույն շարքից