Նրանք առաջինն էին պատմական այդ բախտորոշ պահին՝ նախարար նախագահ (վարչապետ) Հովհաննես Քաջազնունի, ներքին գործերի նախարար Արամ Մանուկյան, արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Խատիսյան, զինվորական նախարար Հովհաննես Հախվերդյան, ֆինանսների և համատեղության կարգով` արդարադատության նախարար Խաչատուր Կարճիկյան:
1918 թվականի հուլիսի 24-ին Երևանում հրապարակված այս արխիվային փաստաթուղթը ներկայացնում է Հայոց Ազգային խորհրդի թիվ 1 հրամանագիրը` նորանկախ Հայաստանի Հանրապետության անդրանիկ Կառավարություն կազմելու վերաբերյալ: Այս հրամանագիրը միանշանակ կարելի է բացառիկ երևույթ համարել մեր նորագույն պատմության ժամանակագրության մեջ, քանի որ պետականության բացակայության երկար հարյուրամյակներից հետո` այն ազդարարեց հայկական առաջին ինքնիշխան գործադիր բարձրագույն կառույցի ստեղծումը` մեր իսկ հայրենիքում: Մինչդեռ խորհրդային տարիներին այն ամենը, ինչ կապված էր Առաջին Հանրապետության կարճատև պատմության և ընդհանրապես հայ ժողովրդի անկախության գաղափարի հետ` միտումնավոր նսեմացված և արժեզրկված էր ներկայացվում:
Նշենք, որ անկախության հռչակումից հետո, 1918-ի հուլիսի 19-ին, Ազգային խորհուրդը Թիֆլիսից վերջապես ժամանում է Երևան: Քաղաքական կուսակցությունների, Թիֆլիսի ու Երևանի ազգային խորհուրդների համաձայնությամբ կազմվում է բարձրագույն օրենսդիր իշխանություն՝ Հայաստանի Ազգային խորհուրդ (հետագայում` խորհրդարան), որտեղ ընդգրկվում են 46 հոգի: Իսկ արդեն հուլիսի 24-ին հաստատվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության վերոնշված առաջին կազմը: