Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն ու «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադարձան սահմանադրական հանրաքվեին ու սպասվող քաղաքական զարգացումներին։
«Ավարտվեց Հայաստանի տխուր էջերից մեկը, համենայն դեպս այդ օրն անցավ, բայց հետքեր բնականաբար մնալու են։ Դա նախապատմություն ունի, քանի որ այս հանրաքվեի «արդյունքները» հետևանքն են Սերժ Սարգսյանի՝ փետրվարի 12-ի ելույթի․․․ Եթե հիշում եք, այն ժամանակ կար համաժողովրդական շարժում, փետրվարի 5-ին եղավ ոչ իշխանական ուժերի խորհրդաժողով Ծառուկյանի նախաձեռնությամբ, որը բավական շռնդալից անցավ և հստակ երևում էր, որ համաժողովրդական շարժումն ընդլայնվում է։ Դրան ընդամենը մեկ շաբաթ անց հետևեց Սերժ Սարգսյանի խայտառակ ելույթը, որը հակասահմանադրական էր։ Դրան հաջորդեց Գագիկ Ծառուկյանի ելույթը փետրվարի 13-ին, որտեղ նա հստակ բացեց փակագծերը։ Նույն օրը նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից մոտավորապես 500 հոգու ձերբակալեցին։ Այսինքն՝ հստակ երևում էր, որ համաժողովրդական շարժումը խանգարում էր, և պետք էր ջախջախել։ Ընդ որում՝ այստեղ կարևոր է, որ Ծառուկյանին հաջողվել էր համախմբել բոլորին, որը, ցավոք, իրենից հետո առայժմ ոչ մեկին չի հաջողվել։
Սերժ Սարգսյանն ուրիշ ելք չուներ վերարտադրվելու։ Միակ ճանապարհը Սահմանադրությունը փոխելն էր։ Ծառուկյանի հեռանալուց հետո դաշտը չհամախմբվեց։ Իրավունք էլ չունենք որևէ մեկին մեղադրելու չկազմակերպված լինելու համար, որ հանրաքվեն այնքան կեղծեցին՝ հաղթեց «այո»-ն։ Որովհետև այսօր՝ 21-րդ դարում, կատարվում է ցեղասպանություն մեր ժողովրդի նկատմամբ, այսինքն՝ տարբերություն չկա նրանում, որ ժողովրդին շարքով կանգնեցնում ու կրակում ես կամ նրան այնպիսի վիճակում ես գցում, որ ինքն է իրեն կրակում կամ պարզապես չի կարողանում այլևս գոյատևել՝ ընկնելով վարկերի ու տոկոսների տակ»,- նշեց պարոն Հարությունյանը։
Ալեքսանդր Իսկանդարյանն էլ անդրադարձավ ապագայի տեսլականին՝ խոսելով այն մասին, թե ինչ կլինի հետո․ «Բոլոր լրատվական նյութերն այն մասին են, թե ինչպես ընթացան ընտրությունները, ինչ կեղծիքներ եղան և այլն։ Իմ կարծիքով՝ դա այնքան էլ հետաքրքիր չէ։ Հայաստանում ընտրական ինստիտուտը ոչ լեգիտիմ է։ Ես չեմ հիշում մի ընտրություն՝ սկսած 1991թ․-ից, որ չխոսեն ընտրակեղծիքների ու խախտումների մասին, ես չեմ հիշում մի ընտրություն, որ հասարակության ու քաղաքական ուժերի կողմից ընդունված լինի։ Այդ ամենն այնքան ակնհայտ է, որ քննարկելու կարիք էլ չկա։ Ընտրություններն անցան այնպես, ինչպես պետք է անցնեին։ Իսկ ի՞նչ կլինի հետո։ Ասեմ, որ բավական հետաքրքիր զարգացումներ են սպասվում, որովհետև այժմ այն իրավիճակում ենք, որ դեռևս գործում է հին Սահմանադրությունը, բայց արդեն ընդունվել է նորը։
Ինձ շատ հետաքրքիր է, թե ինչպես են ընթանալու օրենսդրական քննարկումները հուլիսի 1-ից հետո։ Ընդ որում՝ դա բավական լուրջ գործընթաց է և այնտեղ ստորջրյա քարերն ավելի քիչ չեն, քան հին Սահմանադրության մեջ։ Ես ասպարեզում չեմ տեսնում մի ուժ, որը կարող է լուրջ դիմադրություն ցույց տալ հանրապետականներին, հատկապես որ ասպարեզից արդեն դուրս է եկել Բարգավաճ Հայաստանը, ու այն առանց պարոն Ծառուկյանի փողերի չի կարող իրականացնել նույն գործառույթները, ինչն իրականացնում էր նախկինում»,- ընդգեց քաղաքագետը։
Նրա խոսքով՝ կարևոր չէ, թե ինչ է գրված Սահմանադրության մեջ, եթե այդ օրենքներն անտեսվում են ու չեն կիրառվում գործնականում:
«Մեծ Բրիտանիայում, օրինակ, ընդհանրապես Սահմանադրություն չկա, բայց այդ երկիրը գոյատևում է մինչ օրս ու մի բան էլ ավելին։ Հայաստանի ամենալուրջ խնդիրը քաղաքականապես զարգացած կուսակցությունների բացակայությունն է։ Քանի դեռ Հայաստանում չեն ձևավորվել քաղաքական լուրջ կուսակցություններ ու չես սկսել գործել որպես այդպիսիք, այլ ոչ թե որպես անձեր, խմբեր կամ ակումբներ, քաղաքական դաշտում, համակարգում ոչ մի փոփոխություն չի լինի»,- շեշտեց պարոն Իսկանդարյանը։