Հայաստան Քաղաքական Միջազգային 

Ի՞նչ շահ կարող է ունենալ Հայաստանը ռուս-թուրքական լարված հարաբերությունների արդյունքում

 ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադարձավ ռուս-թուրքական հարաբերություններին, որոնք մինչ օրս շարունակում են մնալ լարված, ու անհասկանալի է, թե ինչ հանգուցալուծում կարող է ստանալ ստեղծված իրավիճակը:

Նրա խոսքով` բոլոր այս իրադարձություններն ունեն երկար նախապատմություն, ու չնայած բոլորին էր հայտնի, որ ներքին լարվածության ինչ-որ տարրեր կային այդ հարաբերություններում, այնուամենայնիվ թե Ռուսաստանը և թե Թուրքիան աշխատում էին այդ ներքին խութերը չնկատել, և համենայն դեպս արտաքին աշխարհի համար այդ հարաբերությունները բավական հարթ ու խաղաղ էին թվում։

«Նրանց հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեին: Ինքնաթիռի խոցումից հետո դրա մասին բազմիցս հայտարարեց Էրդողանը, դրա մասին մինչ այդ հայտարարել էր նաև Պուտինը։ Ինքնաթիռի խոցումից հետո, երբ շատ կտրուկ սրվեցին ռուս-թուրքական հարաբերությունները, և Թուրքիայի, և մնացած տերությունների համար ընկալելի չէր Ռուսաստանի կոշտ դիրքորոշումը, ընդ որում՝ Ռուսաստանը շատ բաց ասում է, որ իր համար թիվ մեկ խնդիրը Էրդողանի գլուխն է, այսինքն՝ մինչև այդ իշխանությունները չհեռանան, հարաբերությունների նորմալացումը բացառվում է»,- նկատեց պարոն Իսագուլյանը:

Նա նաև ընդգծեց` չգիտես ինչու, ինչի հիման վրա, Հայաստանի որոշ քաղաքագետներ, փորձագետներ ու քաղաքական գործիչներ, փորձում են տեսնել, որ ռուս-թուրքական հարաբերությունների վատացման հետևանքով Հայաստանը կարող է տուժել:

«Նրանց հիմնական փաստարկն այն է, որ պատմության ողջ ընթացքում, անկախ նրանից՝ ռուս-թուրքական հարաբերությունները լավանում են թե վատանում, միշտ վերջնարդյունքում Հայաստանը կորցնում է։ Այդ պարագայում ուղղակի պետք է հարցնել մեր քաղաքագետներին ու քաղաքական գործիչներին, թե այդ ո՞ր պատմական շրջանի համար են այդ թեզը առաջ քաշում։ Այո, եղել են 18-20 թվականներ, եղել է Աթաթուրքին աջակցելու խնդիր, բայց չմոռանանք, որ այդ ժամանակ էլ Հայաստանը, համարելով, որ ռուսական կայսրության կործանումից հետո այլևս Ռուսաստանն անկարող է վերադառնալ այս տարածաշրջան՝ որպես որոշակի ազդեցություն ունեցող տերություն, շատ սերտ կապերի մեջ էր Անտանտի պետությունների հետ, և բնական էր, որ թուրքերն օգտվեցին այդ հանգամանքից ու կարողացան հակահայկական որոշակի տրամադրություններ առաջացնել, որոնց արդյունքում Հայաստանը՝ որպես պետություն, տուժեց։

Այսինքն՝ մենք չենք ուզում հաշվի առնել այն հանգամանքը, որ այդ պարագայում քաղաքական սխալ հաշվարկ կատարեցինք, և դա միակ դեպքն է, որ ռուս-թուրքական լարված հարաբերությունների արդյունքում Հայաստանն ինչ-որ բան կորցրել է: Այդ դեպքում պետք է հարց տալ՝ բա Ռուսաստանն ու Թուրքիան իրար հետ ի՞նչ հարաբերություններ պետք է ունենան, որ Հայաստանը չկորցնի»,- նշեց նա:

Գառնիկ Իսագուլյանի կարծիքով` մենք՝ հայերս, հիմա պետք է հասկանանք մի բան՝ պատմական յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար, կախված մեր տարածաշրջանում ազդեցություն ունեցող պետությունների փոխհարաբերություններից, մենք պետք է կարողանանք ճիշտ կողմնորոշվել ու իրավիճակն օգտագործել ի շահ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության։

«Այս պարագայում մենք կարող ենք ունենալ քաղաքական, ռազմական, ինչո՞ւ չէ, նաև տնտեսական շահ։ Լինելով Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկեր՝ մենք այս հանգամանքը պետք է կարողանանք շատ հստակ օգտագործել։ Օրինակ՝ ակնհայտ է` այն տնտեսական ապրանքները, որ մինչև հիմա Թուրքիային առավելություն էր տրվում ներկրելու ռուսական շուկա, հիմա արգելափակված են։

Ուղղակի շատ կարևոր է, որ հիմա մեր իշխանությունը, համապատասխան կառույցները շատ արագ հանդես գան նախաձեռնություններով ու հասկանան, թե դրանցից որ ապրանքատեսակներն է, որ Հայաստանը առաջնահերթ կարող է արտահանել ռուսական շուկա: Տեսեք, թեթև արդյունաբերությունը, որը Թուրքիայում բավական զարգացած է, Հայաստանում ևս հարկավոր է զարգացնել: Մենք ունենք բավական լուրջ ֆաբրիկներ, որոնք մինչ օրս անգործության են մատնված: Իհարկե, դրանք հիմա պատկանում են մասնավոր ընկերությունների, բայց հարկավոր է նրանց վարկավորել ցածր տոկոսադույքներով և սկսել լուրջ արտադրություն:

Նախ` դրանք կապահովեն աշխատատեղեր, հետո էլ` քանի որ ռուսական շուկան զրկվում է թուրքական շուկայի այդ ապրանքատեսակներից, կարող ենք դրանց արտադրությանը զարկ տալ: Ինչո՞ւ չէ, նաև սննդի հետ կապված: Ուղղակի շատ կարևոր է, որ պետության աջակցություն լինի նաև մասնավոր սեկտորին, վերջինս էլ կարողանա արագ կողմնորոշվել»,- հավելեց պարոն Իսագուլյանը:

Նույն շարքից