Հայաստան Քաղաքական Մամուլի տեսություն 

Անսխալականության բարդույթը. «Առավոտ»

«Առավոտ»-ի խմբագրականում կարդում ենք.

«Յուրաքանչյուր մարդ ունի կարծիք արտահայտելու եւ կարծիք փոխելու իրավունք: Միայն ավանակն է, որ միշտ, անկախ որեւէ հանգամանքներից, մնում է միեւնույն կարծիքի: Այնպես որ՝ «բռնացնել» մարդուն, թե` այն ժամանակ դու այնպես էիր մտածում կամ գործում, իսկ հիմա` այսպես, բանավեճի լավագույն ձեւը չի: Բայց եթե խոսքը հանրությանը հայտնի մարդկանց մասին է, նրանք, հավանաբար, պետք է բացատրեն, թե ինչու է փոխվել իրենց դիրքորոշումը, որպեսզի իրենց այսօրվա տեսակետն ավելի անկեղծ և ազդեցիկ հնչի:

Երբ առաջին կամ երկրորդ նախագահի կողմնակիցներն ասում են, որ հանրաքվեի արդյունքները կեղծվել են, նրանք, հավանաբար, պետք է ողջ ճշմարտությունն ասեն` որ բոլոր նախորդ ընտրությունները եւ հանրաքվեները նույնպես կեղծվել են ճիշտ նույն մեխանիզմներով: Կամ գոնե պետք է սուտ ասեն` «այո, եղել են խախտումներ, բայց շատ թեթեւ, եւ դրանք չեն ազդել այդ միջոցառումների արդյունքների լեգիտիմության վրա»: Մանավանդ, երբ երկրորդ նախագահի գրասենյակն է բողոքում կեղծիքներից, մարդիկ կարող են մտածել, որ այդ գրասենյակը դեմ է բողոքող մարդկանց ծեծելուն, բայց կողմ է նրանց գնդակահարելուն: Ես, օրինակ, պատշաճ չեմ լուսաբանել 1995-96 թվականների կեղծված ընտրությունները եւ հանրաքվեն՝ «թիմի նախկին անդամ» կեղծ եւ ոչ պրոֆեսիոնալ կարծրատիպից ելնելով եւ փորձի պակասի պատճառով:

1998-ի ընտրություններից սկսած՝ այդ առումով ամաչելու բան, կարծես թե, չունեմ: Բայց դա չի նշանակում, որ 20 տարի անց ես ամբողջությամբ գոհ կլինեմ նրանից, թե ինչպես եմ աշխատում այսօր: Իհարկե, բազմաթիվ թերություններ ունեմ, որոնք այս պահին չեն երևում:

Երբ մարդիկ, հետադարձ հայացք գցելով անցյալի վրա, չեն ընդունում, որ վատ, սխալ բաներ են արել, արդարացնում են իրենց վարքը կամ ժխտում են անժխտելին, դա, այսպես ասենք, տարօրինակ է: Բայց ինչո՞ւ ենք խոսում միայն քաղաքական գործիչների մասին: Վերջերս Հայաստան էր եկել «Աբրահամ Ռուսո» ստեղծագործական կեղծանունը կրող հայազգի երգիչը և հանդես եկավ ազգային-հայրենասիրական երգերով: Բայց նույն անձնավորությունը, երբ 90-ականներին էր եկել Երեւան, կտրականապես հերքում էր իր հայ լինելը: Ավելին՝ թուրքական մի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա պնդում էր, որ կիսաթուրք է, կիսաարաբ: Ենթադրում եմ, որ այն ժամանակ շոու-բիզնեսի շահերը պահանջում էին, որ նա հանդես գար այդ «լեգենդով»: Բայց դրա մասին նա պետք է բացահայտ ասեր: Թե չէ ստացվում է, որ «նախկին կիսաթուրքը» հայերեն երգում է թուրքերին կոտորելու մասին: Փոքր-ինչ անբնական է: Կամ՝ գուցե դա միայն ինձ է թվում»:

Նույն շարքից