Ընդհանուր առմամբ եթե դիտարկելու լինենք Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, ապա պետք է մի բառով բնորոշելու դեպքում օգտագործենք «քաոսային» տերմինը, իսկ քաոսային իրավիճակում հստակ մեխանիզմներ գտնել և դրանց հիման վրա հստակ եզրակացություններ ու կանխատեսումներ անել, շատ դժվար է: Այսուհանդերձ ակնհայտ է, որ տարածաշրջանում ձևավորվում են երկու ճամբարներ, որոնք հիմնված են գաղափարախոսական տարբերության վրա, այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս տեսակետը հայտնեց արևելագետ Վարդան Ոսկանյանը` անդրադառնալով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին:
Մասնավորեցնելով, թե որոնք են այդ ճամբարներն ու ինչ գաղափարախոսական տարբերություններ ունեն դրանք` պարոն Ոսկանյանն ասաց. «Որպես առաջին ճամբար` կարելի է առանձնացնել տարածաշրջանում ստեղծված քաոսային իրավիճակի շարունակությունը, և այդ ճամբարն առաջնորդում են այնպիսի երկրներ, որոնք ակնհայտորեն հովանավորում են միջազգային ահաբեկչությունը, օրինակ` Սաուդյան Արաբիան, Թուրքիան կամ Քաթարը:
Երկրների մի խումբ էլ կա, որն իրականում պայքարում է ոչ միայն միջազգային ահաբեկչության դեմ, այլև տարածաշրջանում ավանդական պետական միավորների և էթնիկական պատկերի պահպանման ուղղությամբ: Բնականաբար խոսքն առաջին հերթին գնում է Իրանի, Սիրիայի օրինական վարչակարգի և Իրաքի կենտրոնական իշխանությունների մասին, որոնք էլ ունեն տարածաշրջանից դուրս գտնվող գերտերությունների ռազմական աջակցությունը»:
Այս ամենի համատեքստում Հայաստանն ինչպիսի դիրք ունի, և տարածաշրջանում ընդհանրապես ինչ է փոխվել, որը Հայաստանի վրա ազդել է կամ կարող է ազդել: Անդրադառնալով այս հարցին` արևելագետը պատասխանեց. «Տարին ամփոփելու տեսանկյունից պետք է նկատի ունենալ երկու խոշոր իրադարձություն: Առաջինը մեր անմիջական հարևան Իրանի և Վեցնյակի միջև կնքված համաձայնագիրն էր և այդ գործընթացի սկիզբը, իսկ երկրորդը ռուսական ինքնաթիռի խոցումն էր Թուրքիայի կողմից, և ռուս-թուրքական հարաբերությունների համակարգային վերադասավորումը, ես կասեի` այդ հարաբերություններում սառը պատերազմի ակնհայտ հայտարարումը:
Այս երկու կարևորագույն իրադարձություններն են, ըստ իս, որոնք Հայաստանի վրա թողել են և կարող են թողնել ազդեցություն, և մենք էլ կարող ենք օգտվել ստեղծված իրավիճակից: Ընդ որում` չնայած ռազմական ակցիան` ուղղված ինքնաթիռի խոցման դեմ, ամենևին չի կարելի դրական գնահատել, այսուհանդերձ մենք գիտենք, որ Թուրքիան տարածաշրջանում Հայաստանի համար վտանգ ներկայացնող երկրներից է, մեր երկրի հանդեպ ակնհայտ թշնամական դիրքորոշում որդեգրած պետություն է, և ցանկացած խնդիր, որ կունենա այդ պետությունը, բնականաբար ձեռնտու է մեզ համար, քանի որ թուրքական պետական մարմիններն իրենց ռեսուրսները կծախսեն այլ ուղղությամբ, ոչ թե հակահայկական»:
Վարդան Ոսկանյանի խոսքով` կարևոր է նաև այն, որ ռուսական քաղաքական վերնախավի որոշակի հատված, որը մինչ այս պատրանքներ ուներ, թե Թուրքիայի հետ կարելի է կառուցել հարաբերություններ` հիմնված բացառապես տնտեսական շահի վրա` առանց հաշվի առնելու աշխարհաքաղաքական մրցակցությունը, ավելի ճիշտ` թշնամանքը Ռուսաստանի և Թուրքիայի միջև, որն ունի պատմական արմատներ, պարզվեց` այդ ամենն իրականում հենց պատրանք էր ու բնավ էլ իրականություն հետ առնչություն չուներ:
«Բնական է, որ ռուս-թուրքական հարաբերությունների այս դասը հավանաբար կօգտագործվի նաև Ադրբեջանի հետ հարաբերություններում. «զենքի վաճառքը լոկ բիզնես է» բանաձևն այսուհետ ակնհայտորեն պետք է կորցնի իր նշանակությունը ցանկացած տրամաբանող մարդու համար և փոխարինվի այլ ձևակերպմամբ»,- նկատեց նա: