Հայաստան Քաղաքական գլխավոր 

Որքանո՞վ կարողացավ Հայաստանը դիմագրավել անցնող տարվա ընթացքում ի հայտ եկած արտաքին քաղաքական խնդիրներին

Կարծում եմ` 2016 թվականը լինելու է բավական հետաքրքիր: Գալիք տարում մենք ունենալու ենք տարբեր ակնկալիքներ և պետք է կարողանանք տեսանելի դարձնել բոլոր այն խնդիրները, որոնք եկող տարում պետք է լուծենք որպես քաղաքական գործիչներ, որպես քաղաքական համակարգ, այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիս ժամանակ այս տեսակետը հայտնեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը` ամփոփելով անցնող տարում ՀՀ արտաքին քաղաքական կյանքում եղած զարգացումներն ու կարևորագույն իրադարձությունները:

Ըստ նրա` Հայաստանի Հանրապետությունն իր ունեցած ռեսուրսներով կարողացավ արժանի կերպով դիմագրավել այն խնդիրներին, որոնք ի հայտ եկան 2015թ.-ի ընթացքում, կարողացավ չսխալվել իր գործողություններում, ինչպես, օրինակ, շատ պետություններ կոպիտ սխալների արդյունքում ունեցան որոշակի կորուստներ արտաքին քաղաքական ձևաչափերում. «Մեր Հանրապետությունը կարողացավ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ տարածաշրջանից դուրս հասկանալի և ընկալելի լինել իր գործողությունների մեջ` չկորցնելով գործընկերներ, այլ ընդհակառակը` ձեռք բերելով գործընկերներ, չվնասելով իր արտաքին քաղաքական շահերը և ավելի ամրացնելով դրանք, և իհարկե գոյություն ունեցող բարդ աշխարհաքաղաքական զարգացումներում խուսափել այնպիսի մարտահրավերներից, որոնք կարող են ՀՀ-ի համար լինել դժվար հաղթահարելի, անցանկալի` ներքին և արտաքին քաղաքական բնականոն զարգացումներ ապահովելու տեսանկյունից»,- ասաց նա:

Արտակ Զաքարյանի խոսքով` պետք է նկատի ունենալ նաև այն, որ Հայաստանի համար նոր սպառնալիքների ազդանշաններ են ի հայտ գալիս` հաշվի առնելով Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման հանգամանքը, Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումները, ռուս-թուրքական հարաբերությունների սառեցումն ու դրա որոշակի հակասությունների խորացումը, Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումները և, իհարկե, մեր սահմաններում տիրող իրավիճակը, որը, ցավոք, այս տարի առավել քան մտահոգիչ դարձավ մեր պետական կառույցների ու մեր հասարակության համար.

«Այս խնդիրը բնականաբար ամբողջությամբ ընկած է Լեռնայի Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում, հանդիսանում է նրա դետալներից մեկը, և միշտ էլ այդպես է եղել, բայց վերջին շրջանի զարգացումները ցույց են տալիս, որ այն, ըստ էության, դառնում է առաջնային դետալ, առաջնային կարևորագույն հարց` առանց որի լուծման հնարավոր չէ խոսել առաջընթացների և բանակցային խաղաղ կարգավորումների շուրջ պայմանավորվածություններ ունենալու վերաբերյալ:

Սա, իհարկե, ունի բազմաթիվ գործոններ. քաղաքականությունը, պայմանավորված հատկապես մեր տարածաշրջանում ունեցած տարբեր շահերով, դառնում է ավելի դետալացված, ավելի բազմագործոն և իր հաշվարկների ու կանխատեսումների մեջ շատ ավելի բարդ: Հետևաբար` մեզ անհրաժեշտ է լինելու առաջիկայում ամուր հիմքերի վրա պահել մեր ներքաղաքական զարգացումները, կայուն զարգացումներ ունենալ ինչպես սոցիալական, տնտեսական, հումանիտար, այնպես էլ քաղաքական ձևաչափերում և կարողանալ մեր պետական կառույցները պատրաստ պահել ցանկացած տիպի զարգացումների համար»,- ընդգծեց պարոն Զաքարյանը:

Անդրադառնալով նաև Բեռնում կայացած Ալիև-Սարգսյան վերջին հանդիպմանն ու դրա հնարավոր արդյունքներին` նա նկատեց, որ նախագահների հանդիպումը ցույց տվեց, որ մենք աստիճանաբար գործ ենք ունենում իրավիճակին ո՛չ համարժեք Ադրբեջանի հետ:

«Ադրբեջանը միշտ մտահոգված է իր դերակատարության անկման մասով, Ադրբեջանում խիստ մտահոգված են նաև տնտեսական ու սոցիալական պարտավորությունների իրականացման բարդությամբ, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ իրենց ապակառուցողական և սադրիչ գործողությունների անհաջողություններով, և դժվար թե ադրբեջանցիները կարողանան 2016-2017 թվականների համար մտածել այնպիսի գործողություններ կամ ստեղծել այնպիսի իրավիճակ, որը շահեկան լինի Ադրբեջանի համար Ղարաբաղյան կարգավորման գործում: Ընդհակառակը` այս տեմպերով ադրբեջանցիներն էլ ավելի են վնասելու բոլոր այն հնարավորությունները, որոնք կարող են նրանց հույսեր տալ բանակացային գործընթացում խաղաղ կարգավորման տարբերակով ինչ-որ մի բան շահելու,- »,- ասաց նա:

Արտակ Զաքարյանը ասաց, որ ռազմական լուծում խնդիրն ուղղակի չունի. «Ռազմական լուծումն Ադրբեջանի համար շատ ցավոտ է լինելու. դա հասկանում են Բաքվում, և Ադրբեջանը երբեք պատրաստ չի եղել և պատրաստ չի լինելու խնդրի ռազմական լուծմանը: Իսկ այն կամակորությունները, այն քաղաքական-ռազմական ուժի կիրառման միջոցով ունեցած անհույս ակնկալիքները, թե իբր դրանք կարող են որոշակի փոփոխություններ բերել բանակցային գործընթացում, կյանքը ցույց է տալիս, որ դա այդպես չէ:

Ընդհակառակը` ՀԱՊԿ գագաթաժողովում Հանրապետության նախագահի վերջին ելույթը ցույց տվեց, որ Հայաստանն իր նվազ ռեսուրսներով, բայց էֆեկտիվ քաղաքականությամբ ավելին կարող է իրականացնել և քաղաքական նախագծեր ու քաղաքական ծրագրեր առաջադրելու առումով շատ ավելի հստակ դիրքեր ունի, քան Ադրբեջանը միջազգային երկկողմ կամ բազմակողմ ձևաչափերով: ՀՀ-ի բազմավեկտոր քաղաքականության պարագայում և Եվրամիության, և Ռուսաստանի, և ՀԱՊԿ համակարգում, և այլ միջազգային կազմակերպություններում ու հարևանների հետ ունեցած հարաբերություններում Հայաստանը միշտ էլ կարող է ունենալ աջակիցներ, կողմեր, որոնք ընկալում են Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը: Դրա համար էլ մենք ասում ենք, որ մեր դիրքորոշումը համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը, և մենք պետք է կարողանանք պահել այդ նշաձողը նաև ապագայում»:

Նույն շարքից