Ինչպես հայտնի է, նավթի համաշխարհային գները շարունակում են սրընթաց կերպով անկում կատարել: Լոնդոնի հումքային բորսայում «Brent» տեսակի մեկ բարել նավթի արժեքը հասել է 30.90 դոլարի: Նույնիսկ մեկ օրում գների նկատելի անկում է դիտվում. երեկվա հաեմատ նավթի գինը նվազել է 1.58 տոկոսով:
Նավթի գնի անկմանը զուգահեռ արժեզրկվում է նաև ռուսական ռուբլին: Մոսկվայի ֆոնդային բորսայում ամերիկյան մեկ դոլարի փոխարժեքը ժամը 11.30-ին հասել է 7.7 ռուբլու:
Նավթի գնի նվազման համատեքստում, բնականաբար, ակնհայտերեն արժեզրկվել է նաև մանաթը, ինչը արդեն խուճապ է առաջացրել հարևան Ադրբեջանում:
Այս և տնտեսական այլ խնդիրների մասին Analitik.am-ը զրուցել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի հետ:
-Պարո՛ն Խաչատրյան, ռուբլու աննախադեպ արժեզրկումը ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա:
-Դրա մեկնարկը տրվել է դեռևս 2015 թվականի դեկտեմբերից, երբ Դաշնային պահուստային համակարգը բարձրացրեց տոկոսադրուքները 0,25 տոկոսով: Այսինքն՝ դոլարը սկսեց թանկանալ: Այդ թանկացումը հիմնականում կազդի զարգացող երկրների տնտեսությունների վրա: Սա զուգակցվեց նաև նրանով, որ տարբեր հակասությունների ու հակամարտությունների պատճառով նավթի գներն աննախադեպ անկում են ապրել: Կենտրոնական բանկն այս պահին արժեզրկում է նաև չինական յուանը: Ստացվում է՝ զարգացող երկրների ազգային արժույթները ռիսկի տակ են հայտնվել: Նմանատիպ վտանգի տակ է հայտնվել ռուսական ռուբլին, ադրբեջանական մանաթը...
Ռուբլու արժեզրկման հետևանքով նվազում են Ռուսաստանից դեպի Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումների ծավալները, կրճատվում են հարյուր հազարավոր հայաստանցիների եկամուտները:
Ռուսական ռուբլու արժեզրկման պատճառով մեր արտահանողներն են մեծ խնդիրների առաջ կանգնելու: Դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքատեսակների ծավալները նկատելիորեն կրճատվելու են: 2015 թվականի 11 ամիսների վիճակագրությունն ունենք: Մեր երկրից դեպի Ռուսաստան արտահանման ծավալները կազմել են 80 միլիոն ԱՄՆ դոլար: Այս տարի արտահանման ծավալները կկրճատվեն:
-Ռուբլու արժեզրկումը կշարունակվի՞:
-Ռուբլու անկումը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ նավթի գները չեն կայունացել: Բայց մենք հասկանում ենք, որ նավթի գները շարունակում են նվազել՝ հասնելով ընդհուպ մինչև 30 դոլար: Սա ռուբլու վրա լրացուցիչ ճնշում է: Սա այն մակարդակն է, որ մասնագետներն էլ են պնդում, որ դժվար թե սրանից ավել անկում կատարի ռուբլին, բայց իրավիճակն անկանխատեսելի է:
-Ի՞նչ կասեք նավթի գնի անկման վերաբերյալ: Համաշխարհային տնտեսության վրա սա ի՞նչ ազդեցություն կունենա:
-Մի շարք նավթարդյունահանող երկրներ ստիպված են լինելու նավթն ինքնարժեքով վաճառել, վնասով աշխատել կամ դադարեցնել արտադրությունը: Ստեղծված իրավիճակը նաև Իրան-Սաուդյան Արաբիա հակամարտության արդյունքն է: Այս մեծ խաղի մեջ Չինաստանի դերն էլ է մեծապես կարևորվում: Չինաստանում տնտեսական աճը դանդադել է: Այս պատճառով Չինաստանն ավելի քիչ ծավալներով նավթ է օգտագործում: Նավթի գնի այսպիսի ռեկորդային անկում նկատվել է նաև 2004 թվականին:
-Իսկ որո՞նք են նավթի գնի անկման հիմնական պատճառները:
-Նավթի գնի անկման բացատրությունը շատերը չեն կարողանում տալ: Ըստ իս՝ դաշնային պահուստային համակարգի կողմից դոլարի թանկացման գործոնը կապ ունի սրա հետ: Մյուսը Չինաստանի գործոնն է: Այս երկիրը սկսել է ավելի քիչ նավթ օգտագործել: Հաջորդը հակասություններն են տարբեր բլոկների միջև, օրինակ՝ Իրան-Արաբական աշխարհ, Սաուդիան Արաբիա-Ամերիկա հակասությունը... Համաշխարհային տնտեսական աճի դանդաղեցման պատճառով պահեստներում կուտակվել է նավթի մեծ քանակություն. սա էլ է կարևոր գործոն: Պետք է կարևորել նաև ՕՊԵԿ-ի և մյուս նավթարդյունահանող երկրների գործոնը: ՕՊԵԿ-ը հրաժարվում է կրճատել նավթի ծավալները (քվոտաները): Իրանն ավելացնելու է նավթի արտահանումը՝ օրական մինչև 2 միլիոն բարելով: ՕՊԵԿ-ի մեջ ընդգրկվել է նաև Ինդոնեզիան, որը հանգեցրել է նավթի 0,5 միլիոն բարելի ավելացման: ՕՊԵԿ-ի արտահանումը փաստացի աճում է: ՕՊԵԿ-ի օրական արտահանման ծավալը, հնարավոր է, օրական հասնի մինչև 33 միլիոն բարելի: Սրան ի պատասխան՝ մյուս նավթարդյունահանող երկրներն էլ չեն ուզում կրճատել նավթի արդյունահանման ծավալները: Կարելի է ասել՝ պայքար է ընթանում ՕՊԵԿ-ի և մյուս նավթարդյունահանող երկրների միջև: Ահա այս գործոններով է պայմանավորված նավթի գնի ռեկորդային անկումը:
Նավթի գների անկման հետ կապված՝ խուճապ է առաջացել նաև Ադրբեջանում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ երկրի տնտեսությունում ստեղծված իրավիճակը:
-Ադրբեջանի տնտեսությունում ստեղծված իրավիճակը պայմանավորված է նրանով, որ այդ երկիրը զարգացող երկիր է համարվում: Բացի այս՝ Ադրբեջանը նավթարդյունահանող երկիր է: Նրանց Կենտրոնական բանկը լողացող փոխարժեքի քաղաքականություն չի իրականացնում: Այդ իսկ պատճառով Ադրբեջանում ստիպված են լինում ժամանակ առ ժամանակ բաց թողնել գոլորշին՝ դիմելով մանաթի արժեզրկմանը: Բայց այս պրոցեսը կարող է ունենալ նաև իներցիոն ընթացք: Ոչ բոլոր դեպքերում է, որ ազգային փոխարժեքը արժեզրկելով կարելի է այս պրոցեսը կանգնեցնել: Մանաթի փոխարժեքի նվազումը այժմ կախված է նավթի գնից: Եթե նավթի գինը մնաց այսպես, նրանք պետք է այլ ծրագրեր մշակեն, փոխեն իրենց քաղաքականությունը, որպեսզի կարողանան դուրս գալ ստեղծված իրավիճակից: Հիմա Ադրբեջանի տնտեսությունը հանկարծակիի է եկել:
Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը