Հայաստան Քաղաքական 

Տեսել ենք իբր արմատական տրամադրվածություն ունեցող ընդդիմություն, որը հիասթափեցրեց ժողովրդին. Վիգեն Հակոբյան

Ինչպես հայտնի է, ըստ նոր Սահմանադրության՝ Հայաստանի Հանրապետությունը անցում է կատարում 100 տոկոս համամասնական ընտրակարգին և, ըստ այդմ, Ընտրական օրենսգրքում պետք է կատարվեն համապատասխան փոփոխություններ:

Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցը այս օրերին դարձել է հայկական լրատվադաշտում ակտիվ քննարկվող թեմաներից մեկը: Որոշ քաղաքական ուժեր կարծում են, որ անհրաժեշտ է մասնակցել նոր Ընտրական օրենսգրքի մշակմանն ու քննարկմանը, որոշներն էլ դեմ են այս գաղափարին:

Անդրադառնալով այս թեմային՝ քաղաքագետ Լևոն Շիրինյանը իր հարցազրույցներից մեկում նշել է. ‹‹Իսկական ընդդիմությունը չի մասնակցի նոր Ընտրական օրենսգրքի մշակմանն ու քննարկմանը: Իսկ ովքեր կմասնակցեն, նշանակում է, իշխանության ընդդիմությունն են, որոնց դերակատարություն է վերապահված ընդդիմություն խաղալ, նրանք անպայման կմասնակցեն նոր Ընտրական օրենսգրքի քննարկմանն ու մշակմանը››:

Արդյո՞ք նոր Ընտրական օրենսգրքի մշակմանն ու քննարկմանը մասնակցելու կամ չմասնակցելու հանգամանքով կարելի է որոշել՝ տվյալ ընդդիմությունն ‹‹իսկական›› է, թե՞ ոչ: Կարծիքներն այս հարցի վերաբերյալ, փաստորեն, տարբեր են: Այս հարցի վերաբերյալ Analitik.am-ը զրուցել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ:

‹‹Ընդհանրապես, եթե քաղաքական ուժը չի մասնակցում քաղաքական պրոցեսներին, որոնք օբյեկտիվ պրոցեսներ են, ապա այդ դեպքում գոյություն ունի այլընտրանք: Դա փողոցն է՝ փողոցային, զանգվածային պայքարը, կամ, եթե ավելի պարզ ասեմ՝ հեղափոխական սցենարները:

Ստացվում է՝ այստեղ երկու տարբերակ կա. առաջին տարբերակ՝ մասնակցել քաղաքական պրոցեսներին, երկրորդ՝ փողոցը ընտրել: Երկրորդ տարբերակն իր մեջ ներառում է զանգվածային լուրջ միջոցառումներ, և, ինչպես արդեն ասացի, հեղափոխական սցենարներ:

Ցանկացած ընտրությունից առաջ, եթե ընտրությունը կարողանում է տիրապետել փողոցում գտնվող մարդկանց, ապա նա կարողանում է արձանագրել այդ արդյունքը ու ցույց տալ, որ այդքան մարդ իրեն հավատում է ու վստահում: Այսինքն այս մեթոդն էլ է պայքարի միջոց: Բայց Ընտրական օրենսգրքի մշակմանն ու քննարկմանը մասնակցելով չի որոշվում, թե այդ ընդդիմությունը իսկական է կամ ոչ իսկական: Ես ընդհանրապես համաձայն չեմ այդպիսի գնահատականներին:

Այդ պրոցեսին մասնակցության հարցը ես չեմ դիտարկում որպես կատալիզատոր՝ որոշելու համար՝ ընդդիմությունն իսկական է, թե ոչ: Եթե ընդդիմությունը չի մասնակցում քաղաքական պրոցեսներին, ինքը պետք է բացատրի իր էլեկտորատին, կամ այն բողոքական զանգվածին, որին ինքն ապավինում է, թե ինչ այլընտրանքային ճանապարհ է առաջարկում:

Եթե ընդդիմությունը չի մասնակցում Ընտրական օրենսգրքի մշակման ու քննարկման գործընթացներին կամ ընտրություններին, ուրեմն այն ինչ-որ այլընտրանքային միջոց պիտի ունենա: Իսկ այդ այլընտրանքն, ինչպես նշեցի, հեղափոխական սցենարները կարող են լինել, որն իր մեջ ներառում է տարբեր էլեմենտներ՝ քաղաքացիական անհնազանդություն, ապստաբմություն, զանգվածային երթեր... Ընդդիմությունն ինքը պետք է որոշի իր ռազմավարությունը: Տակտիկան որոշվում է քաղաքական իրավիճակից, սեփական ռեսուրսների հաշվարկներից ելնելով: Այնպես որ՝ քաղաքական ուժի՝ Ընտրական օրենսգրքի քննարկումներին մասնակցելով չէ, որ որոշվում է նրա իսկական ու ոչ իսկական լինելը:

Փողոցում էլ ենք տեսել ընդդիմություն, որը ժամանակ առ ժամանակ հեղափոխություն էր խոստանում, բայց հետո իշխանության համապատասխան ներկայացուցիչների հետ գնում էին ու աղոթում: Այնպես որ՝ մենք տեսել ենք իբր արմատական տրամադրվածություն ունեցող ընդդիմություն: Երբ պահը գալիս էր, նա գիծը չէր անցնում ու, ըստ էության, հերթական անգամ հիասթափեցնում ժողովրդին: Այնպես որ՝ նմանատիպ չափանիշներով, կարծում եմ, չարժե գնահատական տալ››, - նշեց քաղտեղնոլոգը:

Նույն շարքից