Հարցազրույց Տնտեսություն գլխավոր 

Մենք ունենք գերմենաշնորհային տնտեսություն. տնտեսագետ

Ինչպես հայտնի է, ռուսական ռուբլին օր օրի արժեզրկվում է:Սրանից տուժում է նաև Հայաստանի տնտեսությունը: Ըստ 2015 թվականին անցկացված ուսումնասիրությունների՝ Ռուսաստանից Հայաստան եկող տրանսֆերտները նվազել են 37.2%-ով: Հայաստանից Ռուսաստան արտահանումը նվազել է 28.1%-ով, իսկ ռուսական ներդրումները նվազել են 70%-ով։

Մասնագետներից ոմանք նույնիսկ նշում են, որ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելն արդեն անիմաստ է դառնում: Իր հարցազրույցներից մեկի ընթացքում նմանատիպ համոզմունք է հայտնել քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Անդրադառնալով Ալեքսանդր Իսկանդարյանի հայտնած տեսակետին՝ մեզ հետ զրույցում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նշեց.

‹‹Քաղաքագետի ասածը ճշմարտությանը մոտ է, պարզապես պետք է հասկանալ, թե խոսքը որ բնագավառներին է վերաբերում՝ շինարարությանը, առևտրին... Տրամաբանություն կա ասվածի մեջ. մարդիկ գնում են այնտեղ, որ աշխատեն ու իրենց հարազատներին գումար ուղարկեն, բայց ռուբլին շատ է արժեզրկվել: Երկրորդ հանգամանքն էլ կա. մարդը ճարհատված է գնում Ռուսաստան՝ այստեղ աշխատանք չգտնելով:

Մի հանգամանք էլ պետք է կարևորվի այստեղ. Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական տվյալներով գործազրկությունը 20 տոկոս է կազմում, իսկ Ռուսաստանում՝ 6 տոկոս: Այսինքն՝ այնտեղ աշխատատեղեր կան, ու անհամեմատ հեշտ է Ռուսաստանում աշխատանք գտնելը: Եվ եթե քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում աշխատանք չի գտնում, դա նշանակում է, որ նա կարող է սոված մնալ կամ...չգիտեմ՝ ում վրա հույսը դնել: Ու եթե մարդը իր հույսը իր վրա է դնում, նույնիսկ այն դեպքում, երբ ռուբլին այսքան արժեզրկվել է, Ռուսաստան գնալը շատ ավելի տրամաբանական է, քան թե Հայաստանում սոված մնալը: Համեմատությունը պետք է այսպես արվի: Այսօր շատ վատ պայմաններում են հայտնվել նրանք, ովքեր պետք է գնան Ռուսաստան արտագնա աշխատանքի, բայց դա չի նշանակում, որ չեն գնա››, -նշեց տնտեսագետը:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշել էր նաև, թե Հայաստանը պետք է փորձի կրճատել Ռուսաստանից կախվածությունն ու աշխատի նաեւ Եվրոպական շուկաների ու ներդրողների հետ: Այս պնդմանը, սակայն, տնտեսագետը համաձայն չէ.

‹‹Ընդհանրապես այսպիսի խնդիր պետք չի դնել: Իսկ ո՞վ էր արգելումՀայաստանին դա անել: Խնդիրը պետք է 180 աստիճան հակառակ ուղղությամբ փոխել, այսինքն՝ հարցադրումն է սխալ: Պետք է խոսել Հայաստանի ներքին ռեսուրսների օգտագործման մասին: Ներքին ռեսուրսների մեջ, ամենակարևորը, մտնում են մրցակցային պայմանները, ազատությունները՝ այդ թվում նաև քաղաքական ազատությունները: Պետք է վերացվեն մենաշնորհները , կարգավորվի իրավական համակարգը: Խոսքը սրանց մասին է: Ի՞նչ նշանակություն ունի այն, թե պետք է վերացնել կախվածությունը Ռուսաստանից:

Տնտեսությունը արհեստական քայլեր չի սիրում: Եթե պետք լինի ռուսական շուկայի հետ կապվել, այդպես պիտի արվի, եթե այլ շուկաների հետ պետք լինի կապվել, ուրեմն հարկ է նրանց հետ համագործակցել: Բայց այդ դեպքում պետք է հնարավորություն լինի, այսինքն՝ տնտեսությունը պետք է մրցակցային լինի:

Եվրոպան բաց է մեզ համար: Արդեն չորրորդ տարին է, Եվրոպան մեզ արտոնյալ պայմաններ է տվել՝ արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում: Ժամկետն էլ շուտով ավարտվելու է: Այսքան ժամանակ մեզ ո՞վ էր խանգարում եվրոպական շուկա մտնել:

Պարզապես տնտեսական քաղաքականությունը, որ մեր երկրում վարել են, հատկապես վերջին 10 տարիների ընթացքում, մի նպատակ է հետապնդել. ոչ թե երկրում նորմալ մրցակցային պայմաններ ապահովել, այլ ընդհակառակը՝ երկրում ունենալ գերմենաշնորհային տնտեսություն, որտեղ փոքր և միջին բիզնեսը տեղ չունի, որտեղ հիմնական նպատակը եղել է քաղաքական, ոչ թե տնտեսական, այսինքն՝ իշխանությունը վերարտադրելու պայմաններ ստեղծել:

Իսկ դա նշանակում է՝ կառավարելի տնտեսվարողներ ու բիզնես-ներկայացուցիչներ ունենալ, որպեսզի ֆինանսական հոսքերը կառավարելի լինեն իշխանության կողմից: Այս համակարգը շատ տրամաբանական է, բայց այն աշխատում է ի վնաս այս պետության: Այս հարցադրումն այս ուղղությամբ պետք է անել, ոչ թե ասել՝ գիտե՞ք ինչ, եկե՛ք Ռուսաստանի հետ կապերը դադարեցնենք և այլ երկրների հետ համագործակցենք: Այդպիսի բան չի լինում:

Գոյություն ունի տրադիցիա: Եթե մեր երկիրն օգտվում է մեկ այլ երկրի շուկայի առավելություններից (դրա մեջ մտնում են լեզուն, սովորությունները, շուկան լավ իմանալը), ապա ինչու՞ դա կորցնել: Ընդհակառակը, եթե ունենք այդ առավելությունները, օգտագործենք: Ուզու՞մ եք նոր շուկա մտնել, եկե՛ք մտնենք, բայց այդ դեպքում պետք է սովորենք իրենց լեզուն, տնտեսվարության սկզբունքները, մոտեցումները... Ո՞վ է խանգարում, եկեք անենք: Այնպես որ՝ տնտեսագիտությունը դա չի ընդունում. դրա բացատրությունները պարզ են››:

Նույն շարքից