Վերլուծական Հարցազրույց գլխավոր 

Թուրքիան Ղարաբաղի խնդիրը միշտ էլ կապելու է հայ-թուրքական հարաբերությունների հետ

Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լիտվա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 16-ին հանդիպել է Լիտվայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Համայնքի ներկայացուցիչների խնդրանքով ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե մինչև չլուծվի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները չեն կարգավորվի:

«Չավուշօղլուի հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Թուրքիան, խախտելով միջազգայնորեն ստանձնած իր պարտավորությունները, շարունակում է նախապայմաններ դնել: Դա անընդունելի է և դատապարտելի: Իսկ ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը, կցանկանայի հատուկ ընդգծել, որ Թուրքիան այնտեղ անելիք չունի և չի կարող ունենալ: ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդները բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են»,-նշել է Էդուարդ Շարմազանովը:

Իսկ ինչպե՞ս են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կատարում իրենց հանձնառությունը: Չե՞ն թերանում արդյոք նրանք Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում: Եվ ի վերջո, ի՞նչ կարելի է եզրակացնել Չավուշօղլուի վերոնշյալ հայտարարությունից:

Այս հարցերի մասին Analitik-ը զրուցել է քաղաքագետներ Արմեն Բադալյանի և Վիգեն Հակոբյանի հետ:

‹‹Ղարաբաղյան խնդրի ծագման փուլից սկսած՝ Թուրքիան անընդհատ փորձում է ներգրավվել այս պրոցեսի մեջ ու մեծ դերակատարություն ունենալ: Ժամանակ առ ժամանակ բացահայտ կերպով Թուրքիան հայտարարում է, որ ինքը կարող է միջնորդ հանդիսանալ: Թուրքիան միշտ էլ փորձում է մտնել այս խնդրի մեջ, բայց միշտ ստանում է նույն պատասխանը: Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը ստանձնել են Մինսկի խմբի համանախագահները: Դա միայն նրանց լիազորությունն է: Դա միջազգային կազմակերպություններն են որոշել: Անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների գործունեության արդյունավետությանը՝ պետք է նշեմ, որ հաճախ կողմերին՝ հատկապես Ադրբեջանին, չի բավարարում Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը, ուստի Ադրբեջանը փորձում է հարցի քննարկումը տեղափոխել այլ ատյաններ: Վերջին իրադարձությունները հիշենք. ԵԽԽՎ-ի համաժողովովի քննարկումները դրա փորձն է: Մենք ավելի մեծ սպասելիքներ ունենք Մինսկի խմբից: Այդուհանդերձ, կարծում եմ, որ Մինսկի խումբն իր աշխատանքը կատարում է այնքան էֆեկտիվ, որքանով հնարավոր է միջազգային մակարդակով կարգավորել նման կոնֆլիկտները: Ամեն դեպքում, կարծում եմ, որ սա չարյաց փոքրագույնն է, քանի որ այսօրվա ստատուս քվոն մեր օգտին է աշխատում: Եթե նույնիսկ որոշ ժամանակ անց վերջնականապես այս հարցը չլուծվի, խոշոր պայմանագիր չկնքվի, այդուամենայնիվ, ստատուս քվոն մեր օգտին է: Անդրադառնալով Չավուշօղլուի հայտարարությանը՝ պետք է ասեմ, որ այս անգամ Թուրքիան փորձում է հակադրվել Ռուսաստանին՝ իրենց ներկայությունն արձանագրելով տարածաշրջանում: Թուրքիան ուզում է ցույց տալ, որ կա մի կետ, որտեղ ինքը կարող է հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ՝ թեկուզ ֆորմալ առումով: Այդուհանդերձ, պետք է ասեմ, որ Թուրքիան այնքան մեծ խնդիրներ ունի (սահմանային խնդիրներ, քրդական հարց), որ ռեսուրսներ չունի, որ ակտիվորեն մտնի այդ խնդրի մեջ: Բայց չեմ բացառում, որ Թուրքիան կարող է Ադրբեջանին դրդել որոշ քայլերի: Բայց լայնածավալ գործողությունների դրդել չի կարող››, - նշեց Վիգեն Հակովյանը:

Իսկ քաղաքագետ Արմեն Բադալյանը, անդրադառնալով վերոնշյալ հարցերին՝ նշեց.

‹‹Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը կարելի էր արդյունավետ համարել այն դեպքում, եթե խնդիրը լուծված լիներ: Քանի Ղարաբաղի հարցը լուծված չէ, կարող ենք ասել, որ ինչ-որ չափով նաև Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի անարդյունավետության պատճառով է: Մինսկի խմբի համանախագահներից յուրաքանչյուրն իր շահն ունի: Բնականաբար, այդ շահերը թույլ չեն տալիս որոշում կայացնել տարածաշրջանային այդ խնդրի վերաբերյալ: Ասել, թե Թուրքիան Ղարաբաղի հարցում անելիք չունի...Դա այնքան էլ այդպես չէ: Միգուցե դե յուրե այդպես է: Բայց, դե ֆակտո Ադրբեջանը Թուրքիայի դաշնակիցն է, ուստի, բնականաբար, այստեղ անելիք ունի: Թուրքիան Անդրկովկասում մնում է կարևոր գործոն՝ կապված Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման հետ: Խոսելով Չավուշօղլուի հայտարարության մասին, պետք է ասեմ, որ ամեն բան հնարավոր է: Թուրքիան մշտապես թիկունք է կանգնելու Ադրբեջանին և Լեռնային Ղարաբաղի հարցով ակտիվ գործունեություն է իրականացնելու: Ինչպես 25, 15, 10 տարի առաջ, Թուրքիան այսօր, վաղը ու հինգ տարի հետո Ղարաբաղի խնդիրը կապելու է հայ-թուրքական հարաբերությունների հետ››:

Քաղաքագետների հետ զրուցեց Հասմիկ Բալեյանը

Նույն շարքից