Ինչպես հայտնի է, Դաշնակցություն ընդունել է իշխող կոալիցիայի մաս կազմելու՝ ՀՀԿ-ի առաջարկը: «Ազատության» ռադիոկայանի հետ զրույցում ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հաստատել է այդ տեղեկատվությունը: Այս լուրն արդեն հասցրել է բուռն քննարկումներմ առիթ դառնալ: Այս կոալիցիայի վերաբերյալ հնչում են թեր և դեմ կարծիքներ և տարբեր մեկնաբանություններ: Այս թեմայի մասին մեր թղթակիցը զրուցել է քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ:
-Պարո՛ն Շիրինյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՅԴ-ի՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու պատրաստակամությունը:
-Այդ կոալիցիան անբնական է: Հանրապետականն իրեն հայտարարել է պահպանողական կուսակցություն՝ ազգային երանգներով: Իսկ Դաշնակցությունը 1907 թվականից ազգային կուսակցությունից վերածվեց ազգային սոցիալիստական կուսակցության: Հիմա դուք իրենց կարող եք այս հարցը տալ. աշխարհի ո՞ր երկրում է, որ պահպանողական կուսակցությունը դաշինք է կնքում սոցիալիստական կուսակցության հետ՝ կոալիցիա կազմելով: Դա ի՞նչ հիմքով է արվում: Դրանք գաղափարախոսությունները տարբեր են: Հանրապետականի սոցիալական բազան միջին և բարձր բուրժուազիան էր, իսկ Դաշնակցության սոցիալական բազան՝ ըստ կանոնագրի և հիմնի՝ ‹‹մշակ բանվորն ու ռենչպեր ախպերն›› են:
Հայաստանում այսօր տիրում է սոցիալական անհավասարություն՝ մի կողմից օլիգարխիա, մյուս կողմից՝ աղքատություն, չքավորություն, արտագաղթ... Հիմա այդ արտագաղթի պատճառը ո՛չ ես եմ, ո՛չ Դուք... Կառավարությունն է այդ արտագաղթի մեղավորը... Այս հարթության վրա սրված են երկրի քաղաքական, սոցիալական հարաբերությունները: 1997 թվականից չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ ընտրությունները կեղծվում են: Նույնիսկ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչն է ընդունում, որ խախտումներին չափ ու սահման չկար: Ուղղակի խորամանկորեն չի ասում՝ եթե խախտում եղել է, դա ազդու՞մ է ընտրության արդյունքի վրա, թե՞ ոչ: Հիմա այս պայմաններում սա ի՞նչ միություն կարող է լինել: Բուրժուազիա, մոնոպոլիա, գերշահույթ ունեցող խմբակցություն՝ սա հանրապետական կուսակցության բնութագիրն է, դա թաքցնելու բան չի: Նրանք այնպիսին են, ինչպես աշխարհի բոլոր պահպանողական կուսակցությունները: Հիմա, Դաշնակցությունը փոխանակ ղեկավարի սոցիալիստական ուժերի օպոզիցիոն շարժումը, փողոցում նրանց կազմակերպելու փոխարեն գնում է ՀՀԿ-ի հետ պաշտոնների բաշխման: Ինչ ուզում է՝ ասեն, դա որևէ նշանակություն չունի: Դուք կպատկերացնե՞ք, որ Սարկոզիի ու Օլանդի կուսակցությունները միավորվեն՝ հանուն Ֆրանսիայի փրկության: Դա հնարավո՞ր է:
-Ի՞նչ եք կարծում, ինչու՞ է ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմում ընտրություններից մեկ տարի առաջ:
-Սա իշխանության համար լավագույն տարբերակն է: Դաշնակցությունն օլիգարխիկ Հանրապետականի հետ պիտի ոլորտներ բաժանի: Ուրիշ ի՞նչ կա: Էլ ի՞նչ կարող ենք ասել:
-Հնարավո՞ր է, որ այս որոշումից հետո շուտով դաշնակների շարքերը նոսրանան:
-Իհարկե: Դաշնակցության իրական թիվը պատմությունը չի: Պատմությունը մենք ենք կերտում: Ցանկացած կուսակցություն իր վարկանիշն ունենում է նախորդ ընտրությունների հիմքի վրա, եթե հստակ սոցիոլոգիական հարցումներ տեղի չեն ունեցել: Սոցիալական հարցումներին էլ հասարակությունը չի հավատում: Սոցիոլոգների հետ խնդիր չունեմ, բայց այդպիսի նիհիլիզմ է առաջացել: Երևանի ավագանու ընտրություններին ունեցած վարկանիշն է Դաշնակցության վարկանիշը... 5 տոկոս պլյուս-մինուսը դաշնակցության այսօրվա վարկանիշն է: Իրենց վարկանիշը չի բարձրացել Սահմանադրության փոփոխությունների առանցքում: Ընտրություններին ընդառաջ՝ գործող իշխանությունը Դաշնակցությանը քաշում է գործի մեջ: Տասնյակ տարիներ չենք կարողանում ունենալ այն ընդդիմությունը, որը սահմանադրորեն, բնական օրենքով ու քաղաքագիտական օրինաչափություններով պետք է որ ունենայինք:
Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը