Երեկ ԵԽԽՎ նիստի ընթացքում ընդունվեց Բոսնիա և Հերցեգովինայի պատգամավոր Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» զեկույցը: Փոխարենը ԵԽԽՎ-ն 70 դեմ, 66 կողմ ձայներով մերժեց բրիտանացի պատվիրակ Ռոբերտ Ուոլթերի` «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը:
Բնական է, որ այս երկու հակահայ զեկույցների հեղինակները բավականին լուրջ դիվիդենտներ են ստացել Ադրբեջանից, մյուս կողմից էլ Եվրոպան այս կերպ փորձում է իր կողմը գրավել Ադրբեջանին: Այստեղ ուղղակի մեկ այլ հարց է առաջանում: Իրականում այդ զեկույցները դե ֆակտո ազդեցություն չեն կարող ունենալ ոչ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման, և ոչ էլ այլ հարցերի վրա:
Տեսականորեն ընդունված զեկույցն Ադրբեջանին կտա որոշակի իրավական հիմքեր, որոնք այն կփորձի օգտագործել իր ռազմական գործողություններն արդարացնելու կամ խորացնելու համար, սակայն փաստացի դա չի կարող անել: Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե այդ զեկույցի ընդունումը կապված է Հայաստանի արտաքին քաղաքական սխալ ռազմավարության հետ, այդքան էլ ճիշտ մոտեցում չէ:
ՀՀ-ն արտաքին քաղաքական բավականին ճկուն դիրքորոշում ունի, սակայն ԵԽԽՎ-ի մասով պետք է բավականին ակտիվ լոբբինգ անեն ԵԽԽՎ հայկական պատվիրակները, որոնք զեկույցների մասին տեղեկանալուց հետո պետք է փորձեին օգտագործել բոլոր ռեսուրսները ԵԽԽՎ պատվիրակների վրա ազդելու համար: Ասել, թե բան չի արվել, նորից սխալ կլինի, քանի որ պատվիրակության մի շարք անդամներ բավականին ակտիվ հանդիպումներ ունեցան և փորձեցին կանխել զեկույցներից որևէ մեկի ընդունումը: Ինչ-որ բան ստացվեց, ինչ-որ բան՝ ոչ, արդյունքում ունեցանք ոչ թե երկու, այլ մեկ ընդունված հակահայ զեկույց:
Պետք է նկատել, որ եվրոպական շատ երկրներ ունեն իրենց շահերը, որոնք օբյեկտիվ պատճառներով կարող են այս փուլում համընկնել Ադրբեջանի հետ, այլ ոչ թե Հայաստանի, ուստի այս տեսանկյունից նայելիս, մենք չենք կարող պոպուլիստական կոչեր հնչեցնել, թե Եվրոպան դավաճանում է իր արժեհամակարգին և այլն: Առավել ևս այն դեպքում, որ Եվրոպայի արժեհամակարգը միշտ էլ հիմնված է եղել իր երկրի շահերի, այլ ոչ թե մարդկային արժեքների վրա: Իրականում, Եվրոպան ոչ մի բան էլ չի դավաճանել, այլ արեց այնպես, ինչպես իրեն այդ պահին շահեկան էր:
Այս իրավիճակում մենք հերթական անգամ պետք է ամրագրենք պատմությամբ հաստատված մի փաստ՝ եվրոպական բոլոր երկրների գործողությունների հիմքում ընկած է բացառապես իրենց շահերը, ոչ մի եվրոպական երկիր չի առաջնորդվել և չի առաջնորդվում բարոյական կամ մարդկային շահերով և ասել, թե նրանք պետք է չօգնեն Ադրբեջանին, քանի որ դա անարդար է, ուղղակի ռոմանտիզմի ժանրից է:
Մի՞թե Լիբիայի, Սիրիայի, Իրաքի պատերազմներն ու դրանց արդյունքում եղած անմեղ զոհերն արդար էին, մի՞թե արդար է, որ Գերմանիայի փողոցներում ամեն օր կանանց են բռնաբարում, մի՞թե արդար է, որ բազմաթիվ երկրներ տարբեր ժամանակներում ռեսուրսաքամ են արվել Եվրոպայի կողմից և մի շարք այլ փաստեր:
Արդեն վաղուց ժամանակն է, որ մենք ֆիքսենք մի պարզ բան՝ արդարության և բարոյականության լեզվով չպիտի խոսենք Եվրոպայի հետ, այլ բացառապես շահերի լեզվով՝ ի՞նչ ենք պատրաստ մենք տալ Եվրոպային ի օգուտ մեզ ընդունած զեկույցների դիմաց: Վերջին հաշվով, տալու իմաստ էլ չկա, քանի որ կարող են փաթեթով զեկույցներ ընդունել, Ադրբեջանն էլ կուրախանա, մի քանի մեդալներ կտա, մի քանի միլիոն կամ միլիարդ դոլար կծախսի, սակայն այդ զեկույցները որևէ ուժ փաստացի չեն կարող ունենալ՝ միայն տեսականորեն են վտանգ ներկայացնում:
Ա.Հ.