ԵԽԽՎ-ում ընդունված հակահայկական զեկույցն ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վրա. այս հարցը հայկական լրատվամիջոցներում թերևս ամենաարծարծվող հարցերից մեկն է այս օրերին:
Տարբեր ամբիոններից այս հարցի վերաբերյալ հնչում են տարաբնույթ տեսակետներ: Այնուամենայնիվ, ի՞նչ զարգացումների պետք է սպասել:
Այսօր, «Անալիտիկ» մամուլի ակումբում, վերոնշյալ հարցերի շուրջ խոսեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինսյանը:
«Ես չեմ կարծում, որ եվրոպական կառույցներում կան հակահայկական տրամադրություններ: Այլ հարց է, որ կան հակառուսական բավականին հստակ տրամադրություններ: Ադրբեջանն էլ փորձում է հենվել դրա վրա իր լոբբիստական աշխատանքներն իրականացնելիս: Կան կառույցներ ու անձինք, որոնք կոռումպացված կապեր ունեն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ:
Նրանք զգայուն են այն հարցերի վերաբերյալ, որոնք կապված են Հայաստանի, Արցախյան հիմնահարցի հետ, մանավանդ, երբ Հայաստանը որոշակիորեն կապվում է Ռուսաստանի հետ:
Հետխորհրդային երկրներից շատերն էլ՝ Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, այսպես ասած՝ սեր չունեն Ռուսաստանի նկատմամբ: Ու բնականաբար, այս պարագայում նրանք փորձում են աջակցել Ադրբեջանին այնպես, ինչպես Հայաստանն է աջակցում Ռուսաստանին միջազգային հարթակներում, երբ հարցը վերաբերում է Աբխազիային կամ Հարավային Օսեթիային»,- ասաց Սերգեյ Մինսյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի պատվիրակությանը, քաղաքագետը ասաց. «Ադրբեջանում դժգոհ են իրենց պատվիրակության անդամներից: Դա արտացոլվել է նաև մամուլում: Զեկույցներից մեկը չընդունվեց: Այնպես որ՝ մի զեկույցի ընդունումը չի կարելի համարել ադրբեջանական դիվանագիտության հաղթանակ: Եվ, ի վերջո, հարկ է կրկին անգամ նշել, որ այս փաստաթուղթը բանակցային գործընթացի վրա ազդեցություն չի ունենալու»: