Գլխավոր Հարցազրույց Միջազգային Քաղաքականություն 

Տիգրան Սարգսյանի նշանակումը Հայաստանին լուրջ հնարավորություններ կտա. Իվան Վոլինկին

analitik.am

ՀՀ-ՌԴ հարաբերությունների հետագա զարգացման ուղիների, ԵՏՄ-ի հեռանկարների, նոր ծրագրերի, Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հարցազրույցի և մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ Analitik.am-ը զրուցեց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ:

-Պարոն Վոլինկին, ինչպե՞ս կամփոփեիք 2015թ-ը՝ որպես դիվանագիտական տարի՝ ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք: Ի՞նչ ծրագրեր են նախատեսվում 2016թ.-ի համար:

Անցնող տարին Ռուսաստանի համար նոր ձեռքբերումների և լուրջ փորձությունների տարի էր: Չնայած նրան, որ մեր երկիրը բախվեց հայտնի դժվարությունների՝ կապված նրա հետ, որ մի շարք պետություններ չցանկացած կառուցողական բանակցություններ ունենալ Ռուսաստանի հետ, պատժամիջոցների լեզվով խոսելու մտադրություն ունեին, մենք շարունակում ենք վստահ նայել դեպի ապագան և համարում ենք, որ հպարտությամբ կհաղթահարենք բոլոր փորձությունները:

2015-ի հունվարի 2-ից մեր առջև բացվեցին նոր հորիզոններ, որոնք էլ ավելի շատ միավորեցին մեր երկրները՝ խոսքը Եվրասիական տնտեսական միությանն է վերաբերում: Այդ տարվա ընթացքում մի քանի անգամ ավելացան պաշտոնական և բիզնես պատվիրակությունների այցերը:

Արդեն կան առևտրատնտեսական ոլորտների տարբեր ուղղությունների մասով առաջին արդյունքները:

Ռազմա-քաղաքական համագործակցությունը նույնպես նոր զարգացում գրանցեց: Այս համագործակցությունը  կարևորագույն գործոն է երկկողմ հարաբերություններում, համապատասխանում է երկու պետությունների շահերին և տարածաշրջանում ծանրակշիռ գեոպոլիտիկ նշանակություն ունի: Վստահ եմ, որ մեր երկրների, բանակների և ազգերի  համագործակցային հարաբերությունները երկարատև հեռանկար ունեն:

Անցնող տարվա առանցքային իրադարձություններն էին՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70 ամյակը և Օսմանյան կայսրությունում իրագործված հայերի ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Ռուսաստանը, հաշվի առնելով Հայաստանի հետ ունեցած վաղեմի բարեկամական հարաբերությունները, չէր կարող անմասն մնալ   ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված իրադարձություններին: Հայ և ռուս եղբայրական ազգերի  հարաբերությունները միշտ էլ առանձնացել են հատուկ ակնածանքով և միմյանց ճակատագրերի նկատմամբ ունեցած հոգևոր խորը ապրումներով: Այդ սարսափելի ողբերգության զոհերի ժառանգներին ցավակցելու նպատակով ապրիլի 24-ին Երևան եկավ ՌԴ նախագահ Վ. Վ. Պուտինը: Ս. Սարգսյանը մայիսի 9-ին Մոսկվայում մասնակցեց Հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնակատարություններին:

2016-ին մեր երկկողմանի համագործակցությունը և բազմակողմանի կապերի զարգացումը՝ ԵվրԱզԵս-ի և ՀԱԿՊ-ի շրջանակներում, կամրապնդվեն: Բարձրաստիճան պաշտոնական պատվիրակությունների՝ այդ թվում խորհրդարանական, գերատեսչական, այցեր են նախատեսված, ինչպես նաև նախատեսվում է շարունակել խորհրդակցություններն արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայաստանից Ռուսաստան կայցելեն բարձրաստիճան պատվիրակություններ: Պատրաստ են կամ էլ պատրաստվում են ստորագրման մի շարք կարևոր  երկկողմ փաստաթղթեր: Այս ամենը, միանշանակ, մեր համագործակցության համար հերթական ստիմուլ կդառնա:

Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, ինչպես նաև դարավոր բարեկամական հարաբերություններ կան հայ և ռուս ազգի միջև, այս հանգամանքը հեշտացնո՞ւմ է Ձեր աշխատանքը՝ որպես դեսպան:

Այս կամ այն ոլորտում հաջող համագործակցության համար անհրաժեշտ է վստահություն, որը որպես կանոն, ձևավորվում է տարիների ընթացքում, երբ արդեն կա ընդհանուր պատմություն: Հայաստանի և Ռուսաստանի բարեկամության արմատների խորությունը վաղ անցյալում է: Մենք միմյանց համար հարազատ ենք և հասկանալի, դա շատ հարցերում թեթևացնում է մեր աշխատանքը, բայց մյուս կողմից՝ ռազմավարական դաշնակցությունը և բազմադարյա բարեկամությունը՝ հասարակ խոսքեր չեն, դա մեծ պատասխանատվություն և լրացուցիչ ծանրաբեռնվածություն է:  Ռուս-հայկական հարաբերությունները ծանրակշիռ օրակարգ ունեն՝ մեր պետությունների ղեկավարները, ինչպես նաև օրենսդիր և գործադիր իշխանությունների ղեկավարները պարբերաբար փոխանակվում են կարծիքներով: Մեծ թվով փոխադարձ երկկողմանի այցեր են կատարվում:  Մենք ակտիվ բանակցություններ ենք վարում ՀԱՊԿ-ի, ԵվրԱզԵս-ի, ԱՊՀ-ի և այլ միջազգային կազմակերպությունների մասով:

ՀՀ-ի տարածքում է տեղակայված 102-րդ ռուսական ռազմական բազան: Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանները հսկվում են Հայաստանում՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ուժերի կողմից:

Ռուսաստանը հայկական տնտեսության մեջ ներդրում կատարող երկրների ցանկում առաջատարներից մեկն է և խոշոր հարկատուների ցուցակում պատվավոր տեղ է զբաղեցնում:

Ակտիվ զարգանում են մշակութային և հումանիտար բազմակողմանի կապերը: 2015 թվականին բացվեց Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևան քաղաքի մասնաճյուղը:

Ինչպես տեսնում եք, ոչ բոլոր երկրներում կարելի է տեսնել համագործակցության և համատեղ աշխատանքի այսպիսի բազմակողմանի ոլորտներ:  Այս մասով, Հայաստանը Ռուսաստանի համար հանդիսանում է յուրահատուկ և վստահելի գործընկեր՝ արտաքին քաղաքական և արտաքին տնտեսական հարթակներում:

Արևմուտքը բազմապիսի գրանտային ծրագրերի միջոցով հաջողությամբ կարողանում է հետխորհրդային երկրներում՝ այդ թվում ՀՀ-ում, երիտասարդներին դեպի իր կողմը գրավել: Ռուսաստանն ի՞նչ մեխանիզմներ ունի և ի՞նչ քայլեր է ձեռնարկում իր բարեկամ երկրներում երիտասարդներին իր գաղափարներին ու արժեքներին ծանոթացնելու, ինչպես նաև դրանք քարոզելու համար:

ՌԴ դեսպանատունը և գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը հինգ տարի է իրականացնում են «Նոր սերունդ» ծրագիրը: Այս տարիների ընթացքում «Նոր սերունդ»  նախագծի շրջանավարտների նախաձեռնությամբ ստեղծվեց «Նոր սերունդ» հայկական ակումբը: Այսօր ակումբն ունի 55 անդամ, որոնք ներկայացնում են 28 կազմակերպություն: Ակումբի գոծունեությունը մեծ դերակատարություն ունի տարբեր երիտասարդական հասարակական կազմակերպությունների անդամների, ովքեր պարբերաբար հանդիպում են և փոխանակվում կարծիքներով, Ռուսաստանի հետ հաստատում են գործընկերային հարաբերություններ և սերտ կապեր՝ այդ թվում սոցիալական ցանցերի միջոցով, համախմբման հարցում:

Անցնող  2015 թվականին երիտասարդական կապերի ամրապնդման նպատակով  արված ջանքերը  հնարավորություն տվեցին «Նոր սերունդ»  ծրագրին ճանաչողական ճամփորդություններից անցնել Ռուսաստանի և Հայաստանի, ԵվրԱզԵս-ի և ԱՊՀ անդամ այլ երկրների երիտասարդական կազմակերպությունների միջև միջազգային ինովացիոն ծրագրերի ստեղծման փորձի փոխանակման խոշոր միջացառումների կազմակերպմանը:   Արդյունքում, անցած տարվա ընթացքում ՀՀ-ից 54 ներկայացուցիչներ մասնակցեցին թվով 15 միջոցառումների Մոսկվայում և ՌԴ այլ քաղաքներում: Այդ տարվա ընթացքում ակումբի մշտական անդամ հանդիսացող երիտասարդական կազմակերպությունները՝ Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի աջակցությամբ, մշակույթի, ազգային դիվանագիտության և կրթության ոլորտում իրագործեցին  նախաձեռնողական ծավալուն նախագծեր:

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70 ամյակին նվիրված բազմաթիվ բարի և անհրաժեշտ նախագծեր պատրաստվեցին և իրագործվեցին Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների կողմից:

-Ըստ Ձեզ, ԵՏՄ-ի ստեղծումից հետո այդ միության անդամ երկրների դիվանագիտական փոխհարաբերությունները նոր փուլ գրանցեցի՞ն, թե ոչ: Եթե այո, ապա որակական ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան, և ի՞նչ նոր ծրագրեր են նախատեսվում՝ մասնավորապես ՀՀ-ի մասով:

Անխոս, ԵՏՄ-ն ստիմուլ դարձավ ԵՏՄ անդամ երկրների միջև հարաբերությունների կառուցման և կապերի ընդարձակման համար:  Եվրասիական միության  անդամ պետությունների ներկայացուցիչները ԵՏՀ-ի շրջանակներում սկսեցին պարբերաբար շփվել: Այս ինստիտուտն աշխատում է կոլեգիալ սկզբունքով, և որոշումներն ընդունվում են չքաղաքականացման, շահերի հավասարակշռման, արդյունավետության և թափանցիկության սկզբունքները հաշվի առնելով: ԵՏՀ-ի վերջին ձեռքբերումներից մեկը ԵՏՄ տարածքում աշխատողների կենսաթոշակային ապահովման մասին պայմանագիրն էր,  որի հիմնական նպատակն է ԵՏՄ անդամ յուրաքանչյուր երկրում ապահովել քաղաքացիների հավասար իրավունքներ՝ առանց աշխատանքային ստաժի և թոշակի կորստի՝ Միության անդամ այլ երկրում աշխատելու ժամանակահատվածում:

 Անհրաժեշտ է նշել, որ սույն թվականի փետրվարի 1-ից ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ դարձավ Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանը, ինչը մեծ հնարավորություններ կտա Հայաստանին այս ինտեգրացիոն միության շրջանակներում համագործակցային ամրապնդման հարցում նախաձեռնողականություն ցուցաբերելու  համար:

-Հնարավոր համարո՞ւմ եք, որ առաջիկայում որոշակի արտոնություններ տրվեն Ռուսաստանում գտնվող հայ միգրանտներին:

Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելն արդեն իսկ ենթադրում է արտոնյալ պայմաններ հայ աշխատանքային միգրանտների համար ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև Եվրասիական միության անդամ մնացած բոլոր երկրներում:

-Վերջերս «Ռոսիահեռուստաալիքով հեռարձակված՝ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հարցազրույցը բողոքի ալիք էր բարձրացրել հայության շրջանում: Այս հարցի վերաբերյալ հնչել են բազմաթիվ մեկնաբանություններ: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք նրա ելույթը: Ըստ Ձեզ՝ Կիրիլի հայտարարությունը որևէ կերպ կարո՞ղ է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա:

1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրագործված հայերի ցեղասպանության հարցի վերաբերյալ Ռուսաստանի՝ այդ թվում ռուս Ուղղափառ եկեղեցու դիրքորոշումը հայտնի է և մնում է  անփոփոխ: Ռուսաստանի նախագահ Վ.Վ Պուտինի մասնակցությունը 2015 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված Երևանում անցկացվող արարողություններին  հստակ փաստեց մեր ազգերի մարդասիրական արժեքների ընդհանրությունը:

Սույն թվականի հունվարի 11-ին Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի մամուլի ծառայության ղեկավար  քահանա Ալեքսանդր Վոլկովի կողմից այդ դիրքորոշումը հերթական անգամ հաստատվեց:

-Ինչպես գիտենք, Ռուսաստանը պատժամիջոցներ է կիրառել Թուրքիայի դեմ, սակայն մի շարք ապրանքներ է ներմուծում Ադրբեջանից: Արդյոք կա՞ վերահսկողական մեխանիզմ, որը թույլ չի տա, որ  ռեֆաբրիկ թուրքական ապրանքներն Ադրբեջանի միջոցով ներթափանցեն ՌԴ:

Այո, մենք չենք բացառում, որ թուրքական արտադրանքը կարող է ռուսական շուկա ներթափանցել՝ այդ թվում Ադրբեջանի միջոցով, և նախաձեռնում ենք անհրաժեշտ գործողությունները, որպեսզի բացառենք այդօրինակ ճանապարհներով թուրքական ապրանքների անլեգալ ներկրումը:

Ի կատար Նախագահի 2015 թ. նոյեմբերի 28-ի  N 583 հրամանագրի և կառավարության  2015 թվականի նոյեմբերի 30-ի N 1296 որոշմանը, բոլոր մաքսային մարմինները՝ այդ թվում  ռուս-ադրբեջանական սահմանին գտնվողները, ուշադրության կենտրոնում են պահում հրամանագրում և որոշումներում թվարկված  թուրքական ծագմամբ ապրանքների կոմերցիոն խմբաքանակի ներմուծման  արգելումը:

-Եվ վերջում, մոտենում է փետրվարի 10-ը, ինչպես գիտենք, այդ օրը  նշվում է դիվանագիտական աշխատողի մասնագիտական տոնը, ի՞նչ միջոցառումներ է նախատեսում ՌԴ դեսպանատունն այդ օրվա հետ կապված: Կա՞ն արդյոք ձևավորված ավանդույթներ:

Այո, այդ օրը ռուսական դեսպանատան դիվանագետները գնում են գերեզմանատուն, որպեսզի հարգանքի տուրք մատուցեն  սովետական շրջանի հայ դիվանագետների հիշատակին, ծաղիկներ են դնում նրանց գերեզմաններին: Մենք անպայման հրավիրում ենք նրանց հարազատներին: Ըստ ավանդույթի, դեսպանատան աշխատակիցները մասնակցում են Երևանում Ա.Ս. Գրիբոյեդովի, ով բազմակողմանի զարգացած անհատ էր և կրում էր իր մեջ ոչ միայն գրողի և բանաստեղծի, այլ նաև ակնառու դիվանագետի տաղանդ, հուշարձանին ծաղկեպսակ դնելու արարողությանը:

Ինչպես մեզ հայտնի դարձավ, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանը նախատեսում է  Երևանի առաջատար բուհերի ուսանողների միջև Ա.Ս. Գրիբոյեդովին նվիրված հադիպում անցկացնել:

Տոնական ծրագրի անբաժանելի մասն է կազմում Դեսպանատանն անցկացվող տոնական ընդունելությունը,  որի ժամանակ հրավիրվում են ՀՀ արտաքին գործերի նախարարության ղեկավարությունն ու աշխատակիցները, Ազգային Ժողովի պատգամավորներ, Հայաստանի նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ, դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, մշակութային գործիչներ և լրագրողներ:  Դեսպանատանը միշտ անցկացվում է  սպորտային տոն:   Այս տարի դա կլինի Հայաստանում շատ հայտնի նարդու և շախմատի մրցաշար: Հաղթողներին նվերներ են սպասվում:

Հարցազրույցի ռուսերեն տարբերակն այստեղ

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից