Հասարակություն Հոգեբանի անկյուն 

Ինչպե՞ս է խաղամոլն ընկնում ազարտի մեջ, խաղատնային գաղտնիքներ

analitik.am

Պարզվում է՝ խաղամոլների համար գումարը երկրորդական նշանակություն ունի, իրականում նրանց համար ամենից շատ կարևորվում է հաղթելու կամ պարտվելու արդյունքում զգացած ապրումները, խաղի ընթացքը, ռիսկի դիմելու հնարավորությունը: Խաղամոլի մոտ այս ամենն ավելի ծանրակշիռ է, քան մնացած ամեն ինչ կյանքում ՝ նյութական ու բարոյական արժեքներ:


Հոգեբան Աննա Բադալյանի խոսքով՝ խաղամոլությամբ տառապում է հիմնականում անձի այն տեսակը, որն ունի թույլ կամային հատկանիշներ,  բազմաթիվ տագնապներ և ներանձնային կոնֆլիկտներ: Նրանք հաճախ որպես ինքնահաստատման ձև ընտրում են տարբեր տեսակի ազարտային խաղերն ու «ավելի ճահճանում այդ ախտի մեջ»: Նրանք ընկնում են կախվածության մեջ:


«Թույլ կամային հատկանիշները թույլ չեն տալիս ազատվել այդ կախվածությունից, անհատի մոտ սկսում է զարգանալ անբացատրելի զգացում կամ ներքին

 համոզմունք, որ նա ավելիին կհասնի, որ նա հաջողակ կլինի և…   և  այդպես մոլուցքի հիվանդագին շղթան աշխատում է անդադար: Այս պարագայում գիտակցության փոխարեն աշխատում է հիվանդագին երևակայությունը»,- www.analitik.amի հետ զրույցում պարզաբանեց Աննա Բադալյանը:


Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խաղամոլության հիվանդագին վիճակի հասած  մարդկանց մոտ 80 տոկոսը մտածում, իսկ 20 տոկոսն ինքնասպանության իրական փորձեր է կատարում: Հաճախ էլ մահացության դեպքեր են գրանցվում հենց խաղի ժամանակ՝ սթրեսային ապրումների արդյունքում:


Պարզվում է՝ խաղատներում պատահական ոչինչ չկա: Խաղատնային բիզնեսով զբաղվողները մանրակրկտորեն մտածել ու հոգացել են բոլոր պայմանների մասին, որպեսզի խաղամոլը կտրվի իրական աշխարհից ու խաղադրույքի մեջ դնի մինչև վերջին լուման: 

 

«Խաղատներում կարմիր գույնի առավելությունն, օրինակ, ներքին էներգիա է հաղորդում, ժամացույցի բացակայությունը  բացառում է սթափվելու գործոնը, ժամանակի զգացողությունը,  իսկ պատուհանների բացակայությունն ընդհանրապես ստեղծում է մի տեսակ հոգեբանական փակուղի: Անջատվում է արտաքին աշխարհի 

հետ կապը, ամեն ինչ շղթայված պտտվում է միայն իր բաղձալի հաղթանակի շուրջ: Ցանկացած արտաքին գործոն խաղացողը չի էլ նկատում: Կարծես ստեղծվում 

է աֆեկտին հատուկ վիճակ, որտեղ գլխավորն ամեն գնով հաղթանակի հասնելն է»,- նշեց հոգեբանը:


Առաջին խաղատունը բացվել է Եվրոպայում 1748 թվականին: Իսկ արդեն 1887 թվականին ի հայտ եկան առաջին խաղային մեքենաները, որոնց հեղինակը  գերմանական ծագում ունեցող ամերիկացի Չառլզ Ֆայն էր: Առաջին խաղատնից ու խաղային մեքենաների ստեղծումից ի վեր խաղամոլությունը բարդ հաղթահարելի խնդիր է: Մասնագետների կարծիքով՝ խաղամոլի համար ամենաբարդն առաջին երեք ամիսներին դիմանալն է, այդ ընթացքում խաղատների մոտով չանցնելը, խաղաթղթեր չվերցնելը: Թեև դրանից հետո էլի մեծ դժվարություն կա հաղթահարելու, խաղամոլը խաղատնից կտրվելուց հետո ընկնում է նյարդային, սթրեսային, անհանգիստ վիճակի մեջ: Հոգեբան Աննա Բադալյանը վստահեցնում է, որ այն ներքին կոնֆլիկտը կամ տագնապը, որն ուներ խաղամոլն ի սկզբանե և, որի հետևանքով նա խաղամոլ էր դարձել, երբ կարողանա  բացահայտել ու հաղթահարել մասնագետի օգնությամբ, ապա խաղային մոլուցքն էլ կանհետանա:

 

Զանի Հարոյան


Նույն շարքից