Այս օրերին ակտիվ քննարկվում է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հարցը: Տարաբնույթ տեսակետներ են հնչում տարբեր ամբիոններից, որոնք փորձում են բացասական երանգներ տալ: Սակայն դրանք հիմնականում այն մարդկանց տեսակետներն են, ովքեր միտումնավոր լղոզում են ինչպես քաղաքական առողջ համագործակցությանն ուղղված քայլը, այնպես էլ աչքաթող են անում նախարարական պորտֆելներ ստացող անձանց պրոֆեսիոնալիզմը:
Ըստ տեղեկությունների, ՀՅԴ-ից նախարարներ են նշանակվելու Լևոն Մկրտչյանը՝ ԿԳՆ, Դավիթ Լոքյանը՝ ՏԿՆ և Արծվիկ Մինասյանը՝ Էկոնոմիկայի նախարար: Հասկանալու համար, թե մեր կառավարման ոլորտին ինչ կտան այս նշանակումները, բավական է նշել, թե ովքեր են այս անձիք և ինչ գործունեություն են ծավալել:
Լևոն Մկրտչյանը երեք անգամ լինելով ԿԳ նախարարի պաշոնում, տիրապետում է համակարգի ողջ թերություններին և առավելություններին: Կարևոր է անդրադառնալ նրա առաջին նշանակումին այն դժվարին շրջանում, երբ կարելի է ասել, համարյա նման համակարգ գոյություն չուներ: Այդ շրջանում տպագրվեցին դասագրքեր, հանրակրթական հաստատություններն անցան Դպրոցական խորհուրդներով կառավարման նոր համակարգին, իսկ 1998 թվականին մեկնարկեց կրթական համակարգի բարեփոխումների ծրագիրը և այսպես շարունակ:
Ինչ վերաբերում է Դավիթ Լոքյանին, կարելի է ասել, որ քաղաքաշինության ոլորտը ոտքի կանգնեցնելուց հետո նա կարծես հատուկ տեղափոխվեց գյուղատնտեսության ոլորտ, որտեղ ևս 24-ժամյա տքնաջան աշխատանքի շնորհիվ Հայաստանում վերջապես գյուղատնտեսությունը կանգնեց ոտքի, ներդրումներ կատարվեցին, համակարգեր մշակվեցին և ներդրվեցին: Նրա ղեկավարման ընթացքում կնքվեցին մի շարք միջազգային պայմանագրեր տարբեր երկրների հետ, որոնք գյուղատնտեսության մի շարք ոլորտներում զարգացման խթան հանդիսացան` մասնավորապես ԱԷՄ-ի, ԻԻՀ-ի, Լիտվիայի և Արգենտինայի հետ կնքված պայմանագրերը:
Անհասկանալի է, թե ինչու են «թույլ օղակ» համարում Արծվիկ Մինասյանին: Հետևելով նրա գործունեությանը որպես ՀՀ ԱԺ պատգամավորի և մասնակցությանն օրենսդրական նախաձեռնություններին որպես համահեղինակ և հեղինակ, ինչպես նաև փաստելով, որ ըստ ՀՀ ԱԺ մոնիտորինգի ամենաշատ ելույթ ունեցած պատգամավորն է, 2013-ին հազարավոր ձայներ հավաքելով «ԱՍ» մրցանակաբաշխության շրջանակներում ճանաչվեց տարվա լավագույն պատգամավոր, տնտեսական բոլոր հարցերին իր ունեցած ադեկվատ մոտեցումներն ու առաջարկները, կարելի է հետևություն անել, թե ինչքան «թույլ» օղակ է: Այս ամենից կարելի է օբյեկտիվ նայել և մի հետևություն անել, որ թե այս անձիք, թե ՀՅԴ-ն ընդհանուր առմամբ միայն նպաստելու են ՀՀ քաղաքական և կառավարման ոլորտների զարգացմանն ու բարելավմանը: