Երևան քաղաքում թափառող շների դեմ պայքարի հարցում իրական անտարբերությունն հասցրել է նրան, որ այսօր բնակիչների համար վտանգ են ներկայացնում և աստված չանի, ականատեսը լինենք, որևէ դժբախտ պատահարի, որպեսզի սթափվենք ու սկսենք պատասխանատուներից պահանջել հարցի լուծում: Մայրաքաղաքի փողոցները դարձել են շատ վտանգավոր, հատկապես գիշերվա ժամերին անհնար է առանց վախից սրթսրթալու քայլել բակերով: Հետաքրիր է, որ Երևանի քաղաքապետարանը հանրությանը պարբերաբար տրամադրում է տվյալներ, որոնք տարեցտարի եռակի-քառակի նվազելու փոխարեն անտրամաբանորեն գերաճում են՝ վերջին 5 տարիների ընթացքում 20,000-ից հասնելով 40,000-ի, որը բավականին մեծ թիվ է անհանգստություն առաջացնելու համար, համեմատությամբ ներկայացնենք, որ Մոսկվայում թափառող շների թիվը հասնում է 60 հազարի, երբ բնակչությունը անհամեմատ գերազանցում է Երևանի բնակչությանը:
Փաստացի, ըստ պաշտոնական տվյալների 87 բնակչին՝ 1 շունն առավել ճշգրիտ ցուցանիշն է: Հրապարակված անկախ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում ընտանի շների ավելի քան 90%-ը ստերջացված չէ և չի ստանում պարբերական կենդանաբուժական վերահսկողություն և անհրաժեշտ խնամք, այդ թվում՝ պատվաստում, ճճվաթափում, մաքրում,վարժեցում։ Ավելին, տեր ունեցող կամ բակային շների 90%-ին թույլ են տալիս թափառել և զուգավորվել, իսկ արդյունքում առաջացած ձագերի 90%-ը կրկին ստերջացվելով նետվում է փողոց։
Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ միայն թափառող շների ստերջացմամբ հարցը չի կարող վերջնական լուծում ստանալ: Անհրաժեշտ է օրենսդրական մոտեցումներով կարգավորել նաև ընտանի կենդանիների խնամքի, բազմացման, կենդանիների առևտրի ոլորտը:
Բացի այդ, մայրաքաղաքում անհրաժեշտ է ընտանի կենդանիների զբոսանքի համար համապատասխան վայրեր ստեղծել: Խնդրին բազմիցս անդրադարձել են , սակայն ինչ -որ բան էական փոփոխություն չի կրել, կարելի է ասել, նույնիսկ հակառակը, ավելացել է թափառող շների գլխաքանակը, իսկ օրենսդրական դաշտում այս հարցում քննարկումներից այն կողմ այդպես էլ չանցան:
Փաստորեն Երևանի քաղաքապետարանի անգործության պատճառով խնդիրը գնալով մեծանում է ու ավելի դժվար կլինի այն լուծել, քանի որ եթե հարցով զբաղվեին ավելի վաղ, ապա հիմա արդեն այլ պատկեր կլիներ: Խնդրի լուծման բազմաթիվ բանալիներ առաջարկել են շահագրգիռ մի շարք կազմակերպություններ, կա նաև միջազգային փորձը, որտեղ այս հարցում աշխատանքներ են տանում դեռևս 19-րդ դարից: Իհարկե մեր պարագայում սթափվելու լավագույն միջոցը` ինչպես նշվեց դժբախտ պատահարն է, չնայած ավելի հետաքրքիր տարբերակ կա, բռնել, մորթել և լահմաջո պատրաստել, ինչի մասին մամուլում եղել են հրապարակումներ: Հավանաբար պատասխանատու մարմինները մտածում են, որ ավելի լավ է մենք ուտենք շներին, քան շները՝ մեզ: