2016 թվականը 2015-ի համեմատ ավելի լավ տնտեսական մեկնարկով սկսվեց, այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը, նշելով, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը 5.5 տոկոսով աճել է:
«Համեմատության կարգով նշենք, որ 2015 թվականի հունվարին տնտեսական ցուցանիշն աճել էր ընդամենը 1.3 տոկոսով, իսկ ըստ ԱՎԾ հրապարակած տվյալների այս տարի արդեն գրանցել ենք 5.5 տոկոս աճ, հատկանշական է, որ այս տարի գրեթե բոլոր ոլորտներում աճը գերազանցում է անցած 2015 թվականի նույն ժամանակաշրջանին»,- ասաց տնտեսագետը՝ համեմատական ներկայացնելով մի քանի ոլորտներ, մասնավորապես արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, արտահանման:
Բացասական էր առևտրի ոլորտը, որտեղ անկումը մեղմվել է:
«Օրինակ գյուղատնտեսության ոլորտում, կապված սեզոնի հետ տնտեսական աճն այնքան էլ մեծ չէ, սակայն ջերմոցային տնտեսությունների արտադրության շնորհիվ համեմատած անցնող տարվան գրանցել ենք աճ, իսկ շինարարության ոլորտում աճը պայմանավորված է անցած տարվա ծրագրերի իրականցմամբ, մասնավորապես Հյուսիս-հարավ մայրուղու կառուցմամ»,- նշեց Կառլեն Խաչատրյանը:
Անդրադառնալով արտահանման ոլորտի հունվար ամսին գրանցած 5.6 տոկոս աճին՝ տնտեսագետը բացատրեց, որ դա պայմանավորված է կառավարությունում ստեղծված արտահանման խթանման խորհրդի գործունեությամբ:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արտահանման ոլորտում աճը ԵԱՏՄ երկրների հետ կապված ինչ ազդեցություն է ունեցել, բանախոսը նշեց, որ ԱՎԾ հրապարակման մեջ չի նշվում կոնկրետ ուղություն, սակայն իր կարծիքով, պետք է, որ մեր արտահանման ծավալները դեպի ԵԱՏՄ ավելացած լինեն:
«Անցած տարի մեր սպասելիքները չարդարացան, մասամբ նաև օբյեկտիվ պատճառներով, քանի որ տնտեսական լուրջ խնդիրներ ունեին նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրները, դրանով էին պայմանավորված ակտիվության համեմատաբար ցածր տեմպերը, սակայն այս տարի ակնկալում եմ, արտահանման ծավալների աճ այս ուղությամբ».- նշեց տնտեսագետը:
Անդրադառնալով Ֆինանսների նախարարությունից ՊԵԿ-ի առանձնացման որոշմանը բանախոսը նշեց, որ կառավարման տեսանկյունից ֆինանսների հավաքագրման և ծախսման կառույցները ճիշտ է, որ իրարից անջատվեցին:
«Կառավարման գործընթացում միշտ շահերի բախում է առաջանում և եկամուտներ ապահովող ու ծախսեր կատարող մարմիններն առանձնացվում են: Այստեղ նաև որոշակի հակակշռման մեխանիզմներ են ստեղծվում միմյանց վերահսկելու և հակազդելու համար: Ինչ վերաբերում է միավորմանը, ապա պետությունը փորձեց վարչական ծախսերի կրճատման գնալ, բայց կյանքը ցույց տվեց, որ զուտ շահերի բախումը կանխելու համար վերադարձան կրկին այս որոշմանը»,- ասաց Խաչատրյանը, հավելելով որ առանձնացումը խոշոր ծախսեր չի պահանջելու:
«Ֆինանսների նախարարը զբաղվում էր թե ֆինանսների հավաքագրմամբ, թե ծախսերի կատարմամբ, և այլ խնդիրներով, իսկ առանձնացումից հետո ՊԵԿ նախագահն ավելի շատ ժամանակ կունենա և բացառապես կկենտրոնանա հենց ֆինանսների հավաքագրման վրա, և ՀՀ նախագահն երեկ իր ելույթում այդ մասին հստակ նշեց»,- ասաց տնտեսագետը:
Անդրադառնալով ներդրումների հարցին, բանախոսը գոհունակություն հայտնեց տարադրամի արժեքի տատանումների հարցում մեր երկրի ֆինանսական համակարգի կայունությունից:
«Համեմատության կարգով նշեմ, որ դոլարի հետ մենք ավելի քիչ արժեքի ավելացում ենք գրանցել, քան հարևան երկրները, օրինակ վրացական լարին էժանացել է մոտ 40 տոկոսից ավել, իսկ Ռուսասատանի, Բելառուսի, Ադրբեջանի համեմատ ավելի շահեկան վիճակում ենք»,- նշեց Խաչատրյանը ավելացնելով, որ ներդրումներ ներգրավելու համար կատարվում են շատ աշխատանքներ և ակնկալիքները մեծ են: