Վերլուծական Ռազմական գլխավոր 

«Буря в стакане воды». Փորձագետները Խրամչիխինի հոդվածի մասին

Հայկական լրատվական դաշտում ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի հոդվածը բուռն էմոցիաներ է առաջացրել: Ըստ որոշ գնահատականների, նա «հույժ գաղտնի» տեղեկատվություն էր հրապարակել հայկական զինված ուժերի վերաբերյալ «Ռազմարդյունաբերական սուրհանդակ» շաբաթաթերթում: Շատերը փորձել են այստեղ տեսնել Կրեմլի անտեսանելի ձեռքը՝ ռուս-թուրքական հակամարտության պայմաններում Երևանին շանտաժի ենթարկելու փորձ: Բայց պարզվեց ողջ ճշմարտությունը, որ հոդվածագիրն ադրբեջանական հայտնի լոբբիստ է, իսկ հիշյալ շաբաթաթերթի թիկունքում կանգնած է ադրբեջանցի Իգոր Աշուրբեյլին:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայկական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հերքել էր Խրամչիխինի հրապարակած ինֆորմացիան հայկական զինուժի մասին՝ ասելով. «Ես ծանոթացա այդ վերլուծությանը: Դա փորձագետի անձնական տեսակետն է, որտեղ կան տեղեկություններ, որոնք, ինչպես միշտ, լիովին չեն համապատասխանում իրականությանը: Շատ անճշտություններ կան, ինչպես լինում է նմանատիպ ցանկացած վերլուծության դեպքում»:

Analitik.am-ն այս հարցի շուրջ զրուցել է ռազմական փորձագետներ Կարեն Վրթանեսյանի և Արթուր Եղիազարյանի հետ: Կարեն Վրթանեսյանը կարծում է, որ հոդվածում ինչ-որ հեռու գնացող նպատակներ չկային։

«Չեմ կարծում, որ ինչ-որ հեռու գնացող նպատակներ կային։ Նա, ընդհանրապես, հաճախ է գրում ռազմական թեմաներով։ Մինչև Հայաստանի զինված ուժերի մասին էլ գրելը, մի քանի շաբաթ առաջ, նմանատիպ ևս մեկ հոդված Վրաստանի համար էր գրել։ Ընդհանրապես, Խրամչիխինն այն ֆիգուրան չի, ոչ էլ ВПК-ն այն կայքն է, որոնց միջոցով ինչ-որ թաքնված ուղերձներ ուղարկեին Հայաստանին Ռուսաստանից», - ասաց փորձագետը։

Արթուր Եղիազարյանը կարծում է, որ այն նպատակ ունի սրել հայ-ռուսական հարաբերությունները:

«Սկսենք նրանից, թե ո՞վ է Խրամչիխինը և ի՞նչ որակի ռազմական փորձագետ է: Անկեղծ, կարդալով իր գրառումն ու վերլուծությունը՝ առանձնապես չի փայլատակում նյութի լավ տիրապետմամբ: Ես չգիտեմ անգամ, թե ինչ քարտեզից է օգտվել նյութի հեղինակը, որ ըստ իրեն՝ Ադրբեջանը մեր հյուսիսային հարևանն է: Թե ինչ նպատակ է հետապնդում այդ հոդվածով՝ միանշանակ դժվար է ասել, բայց մի կարևոր հանգամանք պետք է հաշվի առնել. այն, որ ողջ նյութում խոսվում է ՌԴ հնարավոր պատերազմի ժամանակ Հայաստանի՝ ՌԴ կողմից հանդես գալու մասին, բայց ոչ՝ Արցախյան հնարավոր նոր լայնամասշտաբ պատերազմի ժամանակ ՌԴ՝ որպես դաշնակից հանդես գալու մասին: Այս հանգամանքը, ինչպես նաև՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իրենց տեխնիկական հնարավորություններով թվարկելու հանգամանքը հուշում է, որ այն ուժը, ով կանգնած է այս պատվիրված նյութի ետևում՝ ենթադրվում է, որ սա արել է մի հիմնական միտումով՝ սրել հայ-ռուսական հարաբերությունները»,-մեզ հետ զրույցում ասաց Եղիազարյանը:

Մեր զրուցակիցներն անդրադառնալով այն տեսակետին, որ իբրև հրապարավել է «հույժ գաղտնի» տեղեկատվություն հայկական բանակի վերաբերյալ նշեցին, որ «չկային գաղտնի տեղեկություններ այդ հոդվածում։ Համացանցի տարբեր աղբյուրներից հավաքած տեղեկություններ էին, որոնք մի քանի րոպեում կարելի է գտնել Գուգլի միջոցով։ Որոշ տվյալներ նույնիսկ 1996 թվականից էին», -ասաց Կարեն Վրթանեսյանը, ում համակարծիք էր նաև Արթուր Եղիազարյանը, նշելով, որ «թվարկված տեղեկատվությունն առանձնապես գաղտնիություն չի պարունակում, քանի որ և' չի արտահայտում իրական պատկերը, և' հատկապես՝ խոսք չկա մարտավարական դասավորվածության և տեղակայման վայրերի մասին:

Բայց առաջին հայացքից տվյալները պրովոկացիոն են և կարող է նման տեղեկատվության հրապարակման ձևը գրգռել շարքային քաղաքացիներին և անվստահության մթնոլորտ առաջացնել դաշնակցի հանդեպ»: Այս պարագայում հարց է առաջանում, թե ինչ նպատակ է հետապնդել ռուս փորձագետը հրապարակելով ոչ հավաստի տեղեկություններ: Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը կարծում է, որ թուրք-ադրբեջանական պատվերի հետք է նկատվում:

«Նյութն ընդհանուր վերլուծելով՝ այն միտքն է փորձում ներշնչել մեզ, որ առանց ՌԴ աջակցության՝ մենք մեր տեխնիկական հնարավորություններով զիջում ենք հարևաններին: Ճիշտ է, խոսում է, որ համեմատած Անդրկովկասյան մյուս հանրապետությունների հետ՝ հայկական զինված ուժերն ավելի պատրաստված են մարտական և բարոյահոգեբանական պատրաստվածությամբ, բայց նյութի հեղինակը մոռանում է նշել, որ հենց թեկուզ արցախյան պատերազմում մենք հաղթեցինք՝ էլի տեխնիկապես զիջելով հարևանին՝ հենց այդ մարտական ու բարոյահոգեբանական ավելի պատրաստվածություն ունենալով, ինչպես նաև՝ ունեցած տեխնիկական միջոցները նպատակային ու առավել արդյունավետ կիրառելու կարողությամբ: Չեմ զարմանա, եթե նյութի պատվիրատուների շրջանակում թուրք-ադրբեջանական հետք հայտնաբերվի»,-ասաց Եղիազարյանը: Իսկ Կարեն Վրթանեսյանի կարծիքով, սա նման է փոթորիկ՝ մի բաժակ ջրում: «Նպատակի մասին արդեն ասացի. անիմաստ է հեռու գնացող նպատակներ փնտրել։ Ուղղակի մասնավոր լրատվական կայք է, պիտի լուրեր հրապարակեն, վերլուծություններ։ Սա էլ մի այդպիսի, բավականին մակերեսային ու նաև որոշ անճշտություններով հոդված էր։ Որոշ տվյալներ իրականությանը համապատասխանում եմ ու դրանք գաղտնի տվյալներ չեն։ Մի մասն էլ ուղղակի սխալ էր։ Ընդհանրապես, այս աղմուկը, կարծում եմ, կարելի է շատ դիպուկ նկարագրել. «буря в стакане воды» արտահայտությամբ»,-ասաց Վրթանեսյան:

Անդրանիկ Թանգամյան

Նույն շարքից