Հայաստան Քաղաքական Վերլուծական Ռազմական գլխավոր 

Վաղուց ժամանակն է հրաժարվել Կրեմլին խորհուրդներ տալու գավառական սովորույթից

Վերջին շրջանում հայկական որոշ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներում արծարծվում է Թուրքիա-Ռուսաստան պատերազմի դեպքում Հայաստանի ներգրավվածության հարցը: Ծանոթանալով այդ հրապարակումներին, ընթերցողների մոտ տպավորություն է առաջանում, որ Հայաստանը լայնամասշտաբ լրատվական պատերազմ է սկսել Ռուսաստանի դեմ:

Ռուսաստան-Թուրքիա հակամարտության ֆոնին արծարծվում են «խորիմաստ» քաղաքական դատողություններ, որոնք, մի գուցե, տեսականորեն բավականին հետաքրքիր լինելով, իրականում ոչ մի ընդհանրություն չունեն իրականության հետ: Ավելին՝ անվերջ հնչում են մեղադրանքներ Ռուսաստանի հասցեին, որ ներքաշվելով սիրիական խնդրին ու սրելով հարաբերությունները Թուրքիայի հետ, Կրեմլը հարվածի տակ է դնում նաեւ Հայաստանին, որ պատերազմի դեպքում, Հայաստանը հայտնվելով առաջնագծում, շատ հեշտությամբ կօկուպացվի թուրք-ադրբեջանական բանակի կողմից ու մենք վերջնականապես կկորցնենք Արցախը: Մեղմ ասած, զարմանալի դիրքորոշում, իսկ ավելի ճիշտ՝ ԱՄՆ ու նրա դաշնակից Թուրքիայի չիրականացված հույսերի տիպիկ արտացոլում:

Օրինակ՝ փորձագետ, Երեւանի Կովկասագիտության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսքանդարյանը գտնում է, որ «օժանդակելով Սիրիային, Ռուսաստանը հետապնդում է երկու նպատակ. Միջազգային հանրությանը շեղել ուկրաինական ճգնաժամից ու ցույց տալ Արեւմուտքին իր ռազմական ուժը»:

Նախ, Ռուսաստանը հստակ գիտի ինչ է ցանկանում, եւ երկրորդ՝ արդեն վաղուց ժամանակն է հրաժարվել Կրեմլին խորհուրդներ տալու գավառական սովորույթից: Ժամանակն է որպեսզի հայ հանրությունն ու լրատվամիջոցները հստակ, առանց երկիմաստ դատողություների օժանդակեն Ռուսաստանի գործողությունները Սիրիայում: Դա է թելադրում նաեւ ստրատեգիական դաշնակցի հանդեպ էլեմենտար պարտքի զգացումը: Վերջապես խոստովանենք, որ Սիրիայում ստրատեգիական խնդիրներ լուծելով՝ Ռուսաստանը միաժամանակ փրկում է հազարավոր հայերի կյանքը:

Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստան-Թուրքիա պատերազմին ու Հայաստանի ներգրավվածությանը, ապա իրատեսորեն կշռադատելով վերջին զարգացումները, կարելի է վստահորեն պնդել, որ պատերազմ չի լինելու: ԱՄՆ –ի ու Ռուսաստանի միջեւ Սիրիայում հրադադար հաստատելու համաձայնությունից հետո Էրդողանը զրկվեց Սիրիա ներխուժելու վերջին հույսից: ԱՄՆ-ն ու Թուրքիայի ՆԱՏՕ-ի դաշնակիցները հստակ հասկացրեցին Էրդողանին, որ հակված չեն անմիջական զինված բախման մեջ մտնել Ռուսաստանի հետ: Իսկ Ռուսաստանի նկատմամբ դեմ առ դեմ պատերազմի դեպքում Թուրքիան դատապարտված կլինի վերջնական ջախջախման: Ռուսական ցամաքային, ռազմածովային ու ռազմաօդային ուժերը գերազանցում են թուրքականին բոլոր պարամետրերում: Չմոռանանք նաեւ իրողությունը, որ ռուս թուրքական բոլոր պատերազմները, չնայած թուրքական զորքերի թվական գերկշռության, ավարտվել են Ռուսաստանի հաղթանակով:

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկրի քաղաքական ու ռազմական ղեկավարությունը կատարում է դաշնակցային պարտավորություններն ու պատրաստ է մինչեւ վերջ պաշտպանել Ռուսաստանի հետ ստրատեգիական գործընկերությունը՝ հաշվի առնելով Թուրքիայի գլխավոր դաշնակից Ադրբեջանի կողմից անվերջ հրահրվող պրովոկացիաների փաստը: Ուստի, բոլորովին պատահական չէր Հարավային Կովկասում համատեղ հակաօդային պաշտպանություն ստեղծելու գաղափարն ու Հայաստանին լրացուցիչ ռազմական տեխնիկա տրամադրելու Ռուսաստանի շահագրգռվածությունը:

Ընդհանուր առմամբ, ռուս-թուրքական հակամարտությունը շահեկան է Հայաստանի համար, քանի որ Մոսկվայում վերջապես հասկացան, որ Ռուսաստանի № 1 թշնամին, ինչպես 19-րդ ու 20-րդ դարերում, այնպես էլ 21-րդ դարում մնում է Թուրքիան:

Նույն շարքից