գլխավոր Մամուլի ակումբ 

Պետք է ճանաչել այն արժեքային համակարգը, որով ապրել ենք հայերս հազարամյակներ ի վեր. Գեղամ Բեկյան

Բազմաթիվ ապացույցներ կան, որ մեր ազգը և լեզուն շատ հին է. Քրմեր «Մարտի 21-ը գարնանային գիշերահավասարի կամ արևադարձի օրն է, որն աստղաբանորեն համարվում է գարնան և տարվա սկիզբը և հազարամյակներ ի վեր մենք հայերս այդ օրը գիտեինք, որպես Արեգ ամսվա Արեգ օր և այդ օրով էլ սկսվում էր տարին»,- այս մասին այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Արորդաց ուխտի քուրմ Գեղամ Բեկյանը՝ հավելելով, որ մեր նախնիները հստակ պատկերացում են ունեցել ու պատահական չէ, որ հայերս այդ օրը տոնել ենք հաղթության աստված Վահագնի ծնունդը:

«Պետք է ճանաչել այն արժեքային համակարգը, որով ապրել ենք հայերս հազարամյակներ ի վեր, համարվել ենք աստվածային օրենքների երկրի տերերը, որակներով առանձնացել ենք մյուսներից և մեր նկատմամբ հարևաններն արտահայտվել են հարգանքով»,- ասաց քուրմը՝ կարևորելով տոնը նշելու փաստը:

Անդրադառնալով Հայ Առաքելական Եկեղեցու կողմից Արորդաց ուխտն աղանդ ճանաչելու հարցին, բանախոսը նշեց, որ եկեղեցու պաշտոնական տեսակետում նման կարծիք չկա:

«Եկեղեցու ներկայացուցիչները փաստում են, որ Ցեղակրոնությունը կամ Հեթանոսությունը աղանդավորության հետ որևէ աղերս չի ներկայացնում, քանի որ աղանդավոր են համարվում այն խմբավորումները, որոնք ունեն քրիստոնեական ուղղվածություն, բայց ներկայացնում են այլ մեկնաբանությամբ, և աղանդավորություն չի կարող դիտել այն արժեքների հավատքը, որը գալիս է մեր խորը արմատներից»,-ասաց քուրմը:

Գեղամ Բեկյանը հայտնեց, որ իրենք տարվա մեջ նշում են բոլոր ազգային տոները, որոնք մեզ են հասել ինչ-որ ճանապարհով: «Մեր ամենագլխավոր տոնը Վահագնի ծնունդն է, Միհրի տոնն ենք տոնում, որի հետ կապված է այսօրվա Ամանորի տոնը, Զատիկը, Վարդավառը՝ նվիրված սիրո աստվածուհի Անահիտին, նախնյաց ոգեկոչման օրը, որն ընդունված է անվանել սբխեջ, Նավասարդը՝ օգոստոսի 11-ին»,-ասաց Բեկյանը, հավելելով, որ Ամանորը նշում են Գառնու տաճարում:

«Մարտի 21-ին ժամը 13:00-ին սկսվում է ծիսակատարությունը, այնուհետև տեղի է ունենում տոնական հանդիսություն և Երևանի դրամատիկական թատրոնի շենքի մոտից ժամը 11-ին անվճար ավտոբուսներ են մեկնում ուխտավորների և տոնախմբությանը մասնակցել ցանկացողների համար»,- ասաց քուրմը:

Հանդիպման մյուս բանախոս երգահան-գրող Արսեն Համբարյանը, ով Վահագնի ծնունդ երգի հեղինակ կատարողն է, հայտնեց, որ երգն իր հոգուց է ծնվել: «Վահագնի ծնունդ երգը եղել է հազարամյակներ առաջ, այդ մասին վկայում է Մովսես Խորենացին, որը փրկել և մեզ է ներկայացրել այն, դա կարելի է ասել մեր ազգի ծննդականն է, որից կարելի է հասկանալ, թե ինչքան վաղնջական ժամանակներից է գալիս մեր ազգը, հայերեն խոսում, հայերեն պատկերում և ստեղծագործում: Երգը գրել եմ ինքնաբուխ»,-ասաց Արսեն Համբարյանը:

Բանախոսը կարծում է, որ 13 հազար տարվա գիտելիքը փոխանցվել է մեզ բանահյուսության շնորհիվ: «Սա շատ հետաքրքիր է, Պորտասարում ժայռապատկերի վրա կա քանդակած Վահագնի ծննդի պատկերը՝ Ծիրանի փողից դուրս եկող խարտյաշ պատանեկիկը, իսկ Պորտասարը համարվում է 13 հազար տարվա, այսինքն թե ժայռապատկերային, թե բանահյուսական ապացույցները փաստում են այն մասին, որ մեր ազգը և լեզուն շատ հին է»,-ասաց Համբարյանը՝ հավելելով, որ այս փաստերի երիտասարդացումը սխալ է, որով մեզ կտրում են արմատներից: Երգահանը տեղեկացրեց, որ նախատոնական փուլում Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում ժամը 18:00-ին տեղի կունենա ռազմահայրենասիրական համերգ:

  • 191
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    191
    Shares

Նույն շարքից