Քաղաքական Միջազգային Վերլուծական գլխավոր 

Ահաբեկչությունները Բրյուսելում. նախավարժանք գլխավոր հարվածից առա՞ջ

ԵՄ մայրաքաղաքում իրականացված ահաբեկչությունները լուրջ մարտահրավեր էր ողջ Եվրոպայի համար.

Բրյուսելի ահաբեկչական հարձակումը 2015թ.-ի նոյեմբերին Փարիզում հնչած պայթյունների շարունակությունն էր: Կասկած չի հարուցում իրողությունը, որ ահաբեկչությունները կարգավորվել են մեկ միասնական կենտրոնից ու հիշեցնում են նախավարժանք՝ ապագայում առավել մասսայական ու արյունալի գործողություններից առաջ: Բրյուսելի մարտի 22-ի ահաբեկչությունները հավաստում են այսպես կոչված` Այսբերգի թեորիայի կիրառումը, ըստ որի ահաբեկչական ցանցի հիմնական մասը մնում է անտեսանելի ու ահաբեկչություն իրականացնող յուրաքանչյուր գրոհայինի ետևում կանգնած են համակարգի անտեսանելի հանցակիցները:

Նման իրավիճակում հարց է առաջանում՝ ինչու՞ եվրոպական ու, մասնավորապես, բելգիական իրավապահները չկարողացան կանխարգելել պայթյունները: Չէ՞ որ ահաբեկչական վտանգի մասին թմբկահարվում էր դեռևս Փարիզի ողբերգությունների ժամանակ: Մասնավորապես, Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի հայտարարության համաձայն` Բրյուսելը տիրապետում էր ահաբեկչական հարձակման ինֆորմացիային, իսկ մայրաքաղաքային Մոլենբեկ մահմեդաբնակ թաղամասը բնութագրվում էր եվրոպական ջիհադականների թիկունքային բազա:

Չնայած հակաահաբեկչական գործողությունների ծավալմանը, Բրյուսելում հնչած պայթյունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ բելգիական իրավապահները չեն տիրապետում իրավիճակին: Ռուսական «Ալֆա» հատուկ ջոկատի վետերաների ասոցացիայի նախագահ Սերգեյ Գոնչերովի համոզմամբ` ահաբեկչությունները բելգիական հատուկ ծառայությունների ձախողման հետևանքն են: Դրա մասին է վկայում Բրյուսելի օդանավակայաններում անվտանգության միջոցառումների ոչ պատշաճ կազմակերպումը: Ահաբեկիչները շատ հեշտությամբ հաղթահարել են մի քանի արգելքներ ու գործի դրել պայթուցիկ սարքերը: Բացի այդ, Փարիզի ու Բրյուսելի ահաբեկչությունների մեղադրյալները հիմնականում Ֆրանսիայի ու Բելգիայի քաղաքացիներն են, այլ ոչ թե ներգաղթյալները:

Իրականում գործում է գաղափարապես ամուր ու գործնական հմտությունների տիրապետող կազմակերպված ցանց, որը կարողանում է ազատ ահաբեկչական պատերազմ վարել Եվրամիության տարածքում:

Իսկ թե ինչու՞ իսլամականների ցասումն ուղղվեց հենց Եվրոպայի դեմ, ապա պատասխանն առավել քան ակնհայտ է: Արևմուտքի արյունոտ արտաքին քաղաքականությունը հրահրեց այսպես կոչված` գունավոր հեղափոխություններ արաբական աշխարհում: Եգիպտոսը, Լիբիան, Իրաքն ու Սիրիան հայտնվեցին քաոսում: Այդ ժամանակ եվրոպացիներին չէր հուզում մասսայական ընդհարումների զոհ դարձած հազարավոր մարդկանց ճակատագիրը: Եվրոպան իր արտաքին քաղաքականության շահերը մարդկային կյանքերից վեր դասելով ՝ չմտածեց դրա տխուր հետևանքների մասին:

Բրյուսելն արդեն վաղուց է որդեգրել պրոամերիկյան քաղաքականության վեկտորն, որն ինչպես փորձն է վկայում, նրան կանգնեցնում է լուրջ ցնցումների առջև: Անտարակույս, մերձավորարևելյան տարածաշրջանում արեւմուտքի ապաշնորհ քաղաքականությունը չէր կարող չնպաստել արաբական երկրներում արմատական տրամադրությունների աճին: Այս սխալները հանգեցրեցին անկառավարելի ատելության, ինչն էլ՝ սահուն վերափոխվեց վրեժի: Ինչևիցե, Եվրոպան ակնհայտ չէր սպասում իրադարձությունների նման զարգացման: Ահաբեկչությունները ակնհայտորեն թեւաթափ արեցին եվրոպական քաղաքական գործիչներին: Մինչ այդ, նրանց թվում էր, որ Մերձավոր Արևելքը շատ հեռու է, ու դժբախտությունները չեն կարող առընչվել իրենց հետ:

Բրյուսելի ահաբեկչական հարվածը Եվրամիության ու ողջ արևմուտքի մահապատիժն էր՝ արաբական աշխարհի դեմ գործած հանցագործությունների համար: Փաստորեն, Արևմուտքի կողմից գահընկեց արված Լիբիայի նախագահ Մուամար Կադդաֆիի գուշակություններն իրականություն են դառնում:

Ժամանակն է, որ եվրոպացի գործիչները ռեալ գնահատեն իրենց հնարավորություններն ու խոստովանեն, որ ահաբեկչության դեմ պայքարը ողջ աշխարհի խնդիրն է, հրաժարվեն երկկակի ստանդարտներից, վերջապես մի կողմ թողնեն Ռուսաստանի հետ տարաձայնություններն ու ձեռնամուխ լինեն հակաահաբեկչական միասնական կոորդինացիոն կենտրոնի կազմավորմանը: Վերջապես հասկանան, որ ԻՊ-ը դա «Ալ Քաիդա» չէ, այլ մի քանի աստիճան առավել բարձր է իր կազմակերպվածությամբ, ռեսուրսներով, որի շարքերում մարտնչում են ավելի քան 80 երկրի քաղաքացիներ:

Պատահական չէ, որ Ռուսատանը տարիներ շարունակ կոչ է անում համախմբվել հակաահաբեկչական դրոշի ներքո, անընդհատ փորձում համոզել արևմուտքին ահաբեկչությունը բնօրրանում ոչնչացնելու անհրաժեշտությունը: Հուսանք, որ գոնե այս անգամ Եվրոպան կցուցաբերի վճռականություն ու իր քաղաքացիների անվտանգության նկատառումներից առաջնորդվելով՝ կվերանայի արտաքին ու ներքին քաղաքականության բացթողումները:

Նույն շարքից